Հա

Մշակոյթ

26/06/2022 - 13:50

«Շատ յուզւած եմ, որ Հայաստանում եմ՝ Շառլ Ազնաւուրի հայրենիքում». Զազ

Իզաբէլ Ժեֆռուան կամ աշխարհը ակուստիկ քնքշութեամբ նւաճած Զազը Հայաստանում է։ Տասը տարի պահանջւեց երգչուհուն համերգային ծրագրի շրջանակում Հայաստան հրաւիրելու համար։ 

«alikonline.ir» - Իզաբէլ Ժեֆռուան կամ աշխարհը ակուստիկ քնքշութեամբ նւաճած Զազը Հայաստանում է։ Տասը տարի պահանջւեց երգչուհուն համերգային ծրագրի շրջանակում Հայաստան հրաւիրելու համար։ Գրում է 1lurer.am-ը:

Յունիսի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թէ ո՞րն է երգչուհու մեղեդու գրաւչութիւնը եւ բազմազգ երաժշտասէրին գրաւելու գաղտնիքը, կատակով պատասխանել է.

«Երեւի թէ հին ֆրանսիական ձայնս, որ նոր ելեւէջումներ կիրառելով՝ ստացւում է այն, ինչ ստացւում է»։

2011 թւականին Զազը «Եւրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխութեան յաղթողն էր, եւ այդպիսով սկիզբ առաւ երգչուհու ակտիւ կարիերան եւ ակտիւ շրջագայութիւնների փուլը։

Հիրաւի միլիոնաւոր սրտեր գրաւած «Ժը վիւ» երգը հայ հանդիսատեսն արդէն հնարաւորութիւն ունի լսել կենդանի կատարմամբ, եւ վայելել սիրելի արտիստի ներկայութիւնը Երեւանում։


«Յուզւած եմ, որ Հայաստանում եմ, քանի որ սա Շառլի հայրենիքն է»,- ասում է երգչուհին՝ յաւելելով, որ իր հետ միշտ մի կտոր Հայաստան ունի. շատ է սիրում դուդուկի ձայնը եւ պարբերաբար լսում է դուդուկահար Լեւոն Մինասեանի ձայնասկաւառակները։ Իսկ այն մասին, թէ Ազնաւուրն ինչ բնորոշում էր տւել իրեն՝ համեմատելով Էդիթ Պիաֆի հետ եւ ֆրանսիական երգարւեստի ապագան տեսնելով իր երգերում, Զազը համեստօրէն պատասխանեց.

«Իհարկէ, ինձ համար պատիւ է լսել այդ խօսքերը, այն էլ Շառլից, սակայն մի քանի ֆրանսիացի արտիստներ էլ կան, որոնք պահպանում եւ փոխանցում են Փարիզի մշակութային դէմքը»։

Յունիսի 25-ին Զազի համերգով կը տրւի «Հայա» փառատօնի մեկնարկը, որի շրջանակում հիւրերից մէկն էլ աշխարհահռչակ ռեփեռ Ֆիֆթի Սենթն է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։