Հա

Մշակոյթ

16/07/2022 - 12:25

«Ծիծեռնակ» ամսագրի նոր համարը նւիրւեց Իրանի ժամանակակից մանկագիրների ստեղծագործութիւններին

«Ծիծեռնակ» ամսագրի նոր համարում տեղ են գտել Իրանի ժամանակակից գրողներ Նադեր Իբրահիմի, Ահմադռեզա Ահմադինի, Հաֆեզ Միաֆթաբինի ստեղծագործութիւնները, որոնք հայերէն է թարգմանել Էդւարդ Հախվերդեանը:

«alikonline.ir» - «Ծիծեռնակ» ամսագրի նոր համարում տեղ են գտել Իրանի ժամանակակից գրողներ Նադեր Իբրահիմի, Ահմադռեզա Ահմադինի, Հաֆեզ Միաֆթաբինի ստեղծագործութիւնները, որոնք հայերէն է թարգմանել Էդւարդ Հախվերդեանը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ամսագրի գլխաւոր խմբագիր Անուշ Վարդանեանը տեղեկացրեց, որ համարը լոյս է տեսել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի աջակցութեամբ:

«Պարսկական արւեստի մասին խօսելիս տեսնում ենք արեւելքի ճոխ գոյները, լսում ենք սոխակի ծլվլոցը: Իրանի գրականութիւնը մարդասէր է, երեխայի, բնութեան երեւոյթների մասին գրում են սիրով եւ քնքշութեամբ»,- նշեց նա:

Անուշ Վարդանեանը յիշեցրեց, որ «Ծիծեռնակ» ամսագիրը լոյս է տեսնում 1929 թւականից: Այն տարիներ շարունակ պետական աջակցութեամբ է հրատարակւել, իսկ վերջին տարիներին՝ Միլիտոնեանների ընտանիքի ջանքերով: Այն նախադպրոցական տարիքի երեխաների համար է: Ամսագրում տեղ են գտնում դպրոցականների ստեղծագործութիւնները՝ հեքիաթները, պատմւածքները, բանաստեղծութիւնները: «Ծիծեռնակ» ամսագրում աշխատում են Սաթենիկ Ղազարեանը, Յովիկ Գրիգորեանը, Մարիամ Սարգսեանը, Էդւարդ Միլիտոնեանը եւ այլք:

«Կոլեկտիւը պահպանում է ամսագրի տպագրութեան սկզբունքը: Մնք հրապարակում ենք անտիպ ստեղծագործութիւններ: Լինելով նաեւ Հայասանի գրողների միութեան մանկական բաժանմունքի վարիչը՝ կապ եմ պահպանում բոլոր գրողների հետ եւ հրատարակում եմ այն գործերը, որոնք ոչ մի գրքում չեն տպագրւել: Ամսագիրն ուղարկում ենք նաեւ Արցախ, Վրաստան, երբեմն՝ ԱՄՆ»,- ընդգծեց Վարդանեանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային էլ ասաց, որ «Ծիծեռնակ»-ը Հայաստանում ամենահին ու հեղինակաւոր ամսագրերից է եւ մեծ տարածում ունի դպրոցներում: «Այս տարի նշւում է հայ-իրանական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակը: Տօնի շրջանակում մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնում: «Ծիծեռնակ»-ի հետ համագործակցութիւնը դրա վառ ապացոյցներից է: Ամսագրում հրատարակել ենք հեղինակաւոր մանկագիրների գործեր»,- նշեց Թաբաթաբային:

Նրա խօսքով՝ իրանական գրականութեան գաղտնիքները կարելի է բացայայտել՝ ամսագրում կարդալով Նադեր Իբրահիմի «Իմ փոքրիկ սիրտն ո՞ւմ նւիրեմ» պատմւածքը:

 

Լուսանկարները՝ Հայկ Բադալեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։