Հա

Մշակոյթ

17/07/2022 - 12:15

Բրուտ, դարբին, արծաթագործ. վարպետաց քաղաքը հիւրընկալել է վարպետների ՀՀ տարբեր մարզերից

Գիւմրիում երէկ՝ յուլիսի 16-ին մեկնարկել է «Գիւմրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատօնը:

«alikonline.ir» - Գիւմրիում երէկ՝ յուլիսի 16-ին մեկնարկել է «Գիւմրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատօնը: Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Փառատօնի շրջանակում Վարդանանց հրապարակում տեղադրւած աւելի քան վաթսուն տաղաւարներում ցուցադրւում են ժողովրդական արհեստների եւ արւեստների տարբեր գործեր ասեղնագործութիւնից, գորգագործութիւնից, խեցեգործութիւնից ու տիկնիկագործութիւնից:

Ծովակ Գանռարճեանը Երեւանից է եկել մասնակցելու փառատօնին՝ գիւմրեցիներին ու քաղաք այցելած հիւրերին զարմացնելու իր ասեղնագործ աշխատանքերով:

«Սա հրաշալի առիթ է ինչպէս Գիւմրին բացայայտելու, այնպէս էլ մեր գործերը գիւմրեցիներին ներկայացնելու համար: Ասեղնագործութիւնը հայ ազգի պատմութիւնն է: Ուրախ եմ, որ երիտասարդների շրջանում այսօր էլ հետաքրքրութիւն կայ ասեղնագործութեան հանդէպ»,- Sputnik Արմենիային ասաց Ծովակ Գանռարճեանը:

Էլ ինչ փառատօն առանց տանտիրոջ «հիւրասիրութեան»։ Գիւմրին ինքն էլ ներկայացել էր իր աւանդական արհեստներով՝ արծաթագործութեամբ, կաւագործութեամբ, դարբնագործութեամբ եւ այլն: Ցուցադրութեան հետ մէկտեղ բոլոր ցանկացողների համար տեղում վարպետաց դասեր էին:

Լեւոն Յովհաննիսեանը 16 տարի է` զբաղւում է կաւագործութեամբ: Ասում է` հարազատների մէջ բրուտներ թէեւ չեն եղել, ինքը տեսել ու սիրահարւել է այս մասնագիտութեանը, հիմա էլ փոքր` 5-ամեայ որդին է պարբերաբար արւեստանոցում հօր կողքին փորձում նստել բրուտանիւի վրայ:

Հայկական գործերի կողքին ռուսական ու բելառուսական արւեստն ու արհեստն էր, նրանց ազգային երգն ու պարը:

«Այստեղ այսօր ներկայացնում ենք Հայաստանում ռուսական համայնքը: Ներկայացնում ենք ռուսական տարազներով տիկնիկներ, ունենք նաեւ մշակութային հատւած »,- նշեց Ելենա Յակոբեանը:

«Փառատօնը շարունակական է լինելու ամէն տարի կազմակերպւելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեանն ու փոխանցմանը, այլեւ խթանելով Հայաստանում մշակութային զբօսաշրջութեան զարգացմանը»,-լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան Մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների վարչութեան պետ Աստղիկ Մարաբեանը:

Նշենք, որ փառատօնն անցկացւում է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ, Գիւմրու համայնքապետարանի եւ Յովհաննէս Շարամբեանի անւան ժողովրդական արւեստների թանգարանի համագործակցութեամբ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։