Հա

Մշակոյթ

17/07/2022 - 13:15

«Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի եւ Չարենցի «երկխօսութիւնը»

Եղիշէ Չարենցն այն բացառիկ հեղինակներից մէկն է, ում ստեղծագործութիւններում խտացւած  է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դէպքերը եւ իրադարձութիւնները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դէմքերի գործունէութիւնն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել յատկապէս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձութիւնների կողքով, քանի որ իւրաքանչիւր իրադարձութեան հիմքում նա փորձում էր տեսնել, թէ ի՞նչ կը տայ դա Հայաստանին։

Եղիշէ Չարենցն այն բացառիկ հեղինակներից մէկն է, ում ստեղծագործութիւններում խտացւած  է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դէպքերը եւ իրադարձութիւնները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դէմքերի գործունէութիւնն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել յատկապէս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձութիւնների կողքով, քանի որ իւրաքանչիւր իրադարձութեան հիմքում նա փորձում էր տեսնել, թէ ի՞նչ կը տայ դա Հայաստանին։

Բացառութիւն չէին կազմում նաեւ ԽՍՀՄ առաջնորդներն ու Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարները։ Չարենցն ամուր մարդկային կապով կապւած էր Ալեքսանդր Մեասնիկեանի հետ, եւ Մեասնիկեանի մահը շատ ծանր հարւած էր բանաստեղծի համար, յատկապէս, որ նա Մեասնիկեանի մահւան բոթը լսեց Վենետիկում, իսկ այդ ժամանակ նա արտասահմանեան ուղեւորութիւն էր իրականացնում հէնց Մեասնիկեանի որոշումով եւ կարգադրութեամբ։ Չարենցի համար շատ ծանր հարւած էր 1936 թւականի յուլիսի 9-ին Աղասի Խանջեանի ողբերգական սպանութիւնը։ Բերիայի կողմից իրականացւած Աղասի Խանջեանի սպանութիւնը որակւեց որպէս ինքնասպանութիւն, սակայն Չարենցը եւ շատերը գիտակցում էին, որ դա խորհրդային համակարգի հերթական մութ սպանութիւնն է։

Չարենցի ստեղծագործական համակարգում մեծ տեղ ունէին նաեւ ԽՍՀՄ առաջնորդները։ Լենինի կերպարին նա անդրադառնում է իր ստեղծագործութիւններում, ինչպէս նաեւ նրա մարդկային յատկանիշների մասին խօսում է իր օրագրային գրառումներում եւ նամակներում։ Չարենցն ամենաբարդ «յարաբերութիւններն» ունեցաւ յատկապէս Ստալինի հետ։ Բնականաբար, դա այդպէս էլ լինելու էր, քանի որ հայկականութիւնը ոչնչացնող Ստալինը լինելու էր հայկականութիւնը պահպանել ցանկացող Չարենցի համար կոնֆլիկտի առաջնային կէտը։ Չարենց-Ստալին հեռահար կոնֆլիկտը սկսեց սահմանւել հէնց 1933 թւականից, երբ «Գիրք ճանապարհի» գրքում տպագրւեց «Աքիլլե՞ս, թէ՞ Պյերօ» ստեղծագործութիւնը, որով Չարենցը ցոյց էր տալիս Լենինի մահից յետոյ իշխանութեան համար պայքարող Ստալինին եւ Տրոցկուն։ Ստեղծագործութեանը ծանօթացաւ եւ Իոսիֆ Ստալինը.

«Շատ արագ «Աքիլլե՞ս, թէ՞ Պյերոն» տողացի թարգմանւել է ռուսերէն, որը ինքը` Գ. Ղազարեանը, տարել է Մոսկւա եւ ԽՍՀՄ գլաւլիտի պետի միջոցով յանձնել Ստալինին։ Մի քանի օր անց Ստալինը կանչել է վերջինիս եւ ասել. «Ես ուշադրութեամբ կարդացի Չարենցի այդ պոեմը։ Եւ ահա, թէ ինչ կասեմ դրա մասին։ Որպէս գեղարւեստական գործ՝ լաւ է մտայղացւած ու գրւած։ Սակայն որոշ նկատառումներով պէտք չէ դա տպագրել։ Ուստի, իմ անունից Չարենցին պէտք է ասել, որ առայժմ հրաժարւի դրա հրատարակութիւնից»։ (Հատւածը վերցւած է Դաւիթ Գասպարեանի Եղիշէ Չարենց. «Նորայայտ էջեր» գրքից, էջ 503):

Քանի որ Գիրքը արգելքի տակ էր դրւել, Չարենցը փորձում է ամէն կերպ հասնել նրան, որ գիրքը հանւի արգելքից եւ նորից տպագրւի։ Նա նամակ է գրում Մարիետա Շահինեանին՝ յոյս ունենալով, որ կարող է ինչ-որ դրական փոփոխութիւն տեղի ունենալ, եւ այդ նամակում ակնարկում է նաեւ, որ նամակ է գրել նաեւ Ստալինին։ Չարենց-Ստալին հեռահար յաջորդ զրոյցը տեղի է ունենում 1935 թւականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման 15-ամեակի կապակցութեամբ։ Կրեմլում Ստալինն ընդունում է Հայաստանից եկած պատւիրակութեանը, որի կազմում էր նաեւ Ստեփան Զօրեանը։ Ստալինը սկսում է հարցեր տալ Ստեփան Զօրեանին.

«Ստալին- Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը։

Զօրեան- Ոչինչ։

Ստալին- Նրան կարծեմ նեղացնում են։

Զօրեան- Նա այժմ իրեն հրաշալի է զգում։

Ստալին- Դուք օպերային թատրոն ունէ՞ք։

Զօրեան- Երրորդ տարին է, որ գոյութիւն ունի օպերա։ Մենք ունենք հայերէն օրիգինալ օպերաներ»։ (Հատւածը վերցւած է «Գրական թերթ», 1936 թ, յունւարի 10, թիւ 1 համարից)։

Չարենցի եւ այդ շրջանի հայ իրականութեան համար, ինչ խօսք` հետաքրքիր էր այն, որ մօտ 160 միլիոն բնակչութիւն ունեցող ԽՍՀՄ-ի ղեկավարը հետաքրքրւում է Եղիշէ Չարենցով։ Այս կապակցութեամբ չի ուշանում եւ Չարենցի մեկնաբանութիւնը.

«Այդ առիթով, ինչ վերաբերում է անձնապէս իմ տպաւորութիւններին ու իմ զգացմունքներին, ես միայն կարող եմ ասել, որ առաջնորդի այդպիսի վերաբերմունքը իմ հանդէպ ոչ միայն իմ հոգին լցնում է մեծագոյն ուրախութեամբ ու հիացմունքով, ոչ միայն նոր ազդակ է հաղորդում խորհրդային հայրենիքի գրականութեան եւ կուլտուրայի ասպարէզում հետագայ աշխատանքի համար….»։ («Նորայայտ էջեր», էջ 183):

Այս իրադարձութիւններից յետոյ Չարենցը նշանակւում է Պուշկինի մահւան 100-ամեայ յոբելեանական հայաստանեան միջոցառումների յանձնաժողովի նախագահ, սակայն կարճ ժամանակ անց նրա դէմ ճնշումները նորից նոր թափ են ստանում։ Յատկապէս 1936-1937 թւականներին սկսւում է Չարենցի ստեղծագործական պայքարը Ստալինի դէմ։ Նա բանաստեղծութիւններ եւ այլ գործեր է գրում, որտեղ մերկացնող քննադատութեամբ Ստալինին ներկայացնում է՝ որպէս աշխարհում գտնւող չարիք։ Այս ամէնի տրամաբանական հանգուցալուծումը եղաւ այն, որ Չարենցը դարձաւ ստալինեան բռնապետութեան եւ Ստալինի անձնական ցուցումով սպանւած ամենաբացառիկ հայ մտաւորականներից մէկը։

 

Զ. Շուշեցի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։