Հա

Մշակոյթ

19/07/2022 - 10:10

«Ոսկէ ծիրան»-ի մրցանակակիրները

Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը հատեց եզրագիծը։ Յուլիսի 17-ին Արամ Խաչատրեան համերգասրահում անցկացւել է փառատօնի փակման հանդիսաւոր արարողութիւնը: Փակման արարողութեան ընթացքում ժիւրիի կազմը յայտարարել է մրցանակակիրներին:

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը հատեց եզրագիծը։ Յուլիսի 17-ին Արամ Խաչատրեան համերգասրահում անցկացւել է փառատօնի փակման հանդիսաւոր արարողութիւնը: Փակման արարողութեան ընթացքում ժիւրիի կազմը յայտարարել է մրցանակակիրներին: Գրում է Panorama.am-ը:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթում «Ոսկէ ծիրանի» է արժանացել Լի Ժոյծիւնի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։

«Արծաթէ ծիրան» է ստացել Իննա Սահակեանի «Աւրորայի լուսաբաց»-ը։ Յատուկ յիշատակման է արժանացել Սիրիլ Շէյբլինի «Խմորում»-ը։

Պետէր վան Բիւրէնի անւան Տարածաշրջանային համայնապատկեր մրցոյթում «Ոսկէ ծիրանի» է արժանացել Քուրդուին Աիւբի «Արեւ»-ը, «Արծաթէ ծիրանի»՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

Յատուկ յիշատակման է արժանացել Զայնէ Աքեոլի «Ռոժէք»-ը։

FIPRESCI մրցանակ է ստացել Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթում «Ոսկէ ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։

«Արծաթէ ծիրան» է ստացել Անա Ջեգնարաձէի եւ Մարիտա Թեւձաձէի «Մեռածները կը հասկանան» ֆիլմը։

Յատուկ յիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշեր»-ը։

Գենադի Մելքոնեանի անւան յատուկ մրցանակ ստացել է Համբարձում Համբարձումեանի «Կորէական դելիկատես»-ը (լաւագոյն հայկական կարճամետրաժ):

«Խոստում լաւագոյն մարդասիրական ֆիլմ» յատուկ մրցանակ է ստացել Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հաւաքած տուն»-ը։

Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթի ժիւրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լաւագոյն սցենար» անւանակարգում առաջադրւել է Օսկար մրցանակաբաշխութեանը։ 2012 թւականին «Լաւագոյն կարճամետրաժ ֆիլմ» անւանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա յայտնի աշխատանքներից են «Հիւրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հօր անունից», «Անհանգստութիւն» ֆիլմերը։

Մրցանակաբաշխութեան արարողութեանը յաջորդել է Կարին Յովհաննիսեանի «Չտեսնւած հանրապետութիւն» ֆիլմի ցուցադրութիւնը։ Երբ Արցախի չճանաչւած հանրապետութիւնում պատերազմ է բռնկւում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարեանը ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրեայ Արցախեան պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրութիւն։

Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնն այս տարի տեղի է ունեցել յուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտօնը հանրութեանը ներկայացրել է մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ ֆիլմեր ամենահեղինակաւոր կինոփառատօներից։ Երեւանի քաղաքապետարանը փառատօնի այս տարւայ գլխաւոր հովանաւորն էր։ Փառատօնը անցկացւում էր ՀՀ ԿԳՄՍ աջակցութեամբ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։