Հա

Մշակոյթ

23/07/2022 - 12:55

«Խօսող կտաւներ» ներառական նախագիծ՝ տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արւեստի աշխարհ ներգրաււելու նուրբ արւեստը

Մեկնարկում է «Խօսող կտաւներ» ներառական նախագիծը՝ տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արւեստի աշխարհ ներգրաււելու նուրբ արւեստը: Ցանկացած թանգարանում արգելւած է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հէնց շօշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողութեան խնդիրներ ունեցող մարդուն՝ որպէս պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։

«alikonline.ir» - Մեկնարկում է «Խօսող կտաւներ» ներառական նախագիծը՝ տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արւեստի աշխարհ ներգրաււելու նուրբ արւեստը: Ցանկացած թանգարանում արգելւած է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հէնց շօշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողութեան խնդիրներ ունեցող մարդուն՝ որպէս պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։

«Սարեր» մշակութային հասարակական կազմակերպութեան «Խօսող կտաւներ» ներառական նախագծի նպատակը տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արւեստի աշխարհ ներգրաււելն է։ Առաջին ծրագրի շրջանակում ստեղծւել են Հայաստանի ազգային պատկերասրահի հաւաքածուից 5 գլուխգործոցի շօշափելի կրկնօրինակներ. Սեւանի Աստվածամայր հրաշագործ սրբապատկեր, անյայտ հայ նկարիչ, Մարտիրոս Սարեան, «Հայաստան», Գրիգոր Խանջեան, «Հացը լեռներում», Մինաս Աւետիսեան, «Խնոցի», Սարգիս Մուրադեան, «Կոմիտաս․ Վերջին գիշերը»: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Շօշափելի նկարը կտաւի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստւում է հիպոալերգէն պլաստիկից։ Շօշափելի պատճէն թոյլ է տալիս տեսողութեան խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերւած հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։ Իւրաքանչիւր շօշափելի կտաւը լրացւում է տիֆլոմեկնաբանութիւններով եւ Բրայլի այբուբենով կատարւած ցուցանակով։ Յայտնի դերասանների կողմից ձայնագրւած մեկնաբանութիւններում հնչում է կտաւի հակիրճ նկարագրութիւնը։

«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչիւնի միջոցով հնարաւորութիւն տալ իրենց պատկերացում կազմել արւեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիւ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մտնել թանգարան ու տեսնել Սարեանի, Մինասի եւ այլ նկարիչների գործերը: Եւ իրենք կարող են վստահ մտնել թանգարան՝ համոզւած լինելով, որ այստեղ ստեղծւել են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպէսզի իրենք նոյնպէս կարողանան հաւասարապէս ժամանակ անցկացնել թանգարանում: Սա շատ կարեւոր է յատկապէս հոգեբանական առումով, քանի որ կոտրւում են կարծրատիպերն ու յաղթահարւում է թերարժէքութեան բարդոյթը»,- նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպութեան նախագահ Էռնա Ռեւազովան։

«Սարեր» մշակութային հասարակական կազմակերպութիւնից յայտնում են, որ «Խօսող կտաւներ» նախագծի առաջին հինգ շօշափելի նկարները փոխանցւել են Հայաստանի ազգային պատկերասրահ եւ օգոստոսի 3-ին իրենց տեղը կը գրաւեն բնօրինակ գլուխգործոցների կողքին։

«Երեխաները վաղ տարիքից են ծանօթանում եւ շփւում մշակոյթի հետ։ Աուդիոգրքերը, աուդիոհանրագիտարանները, ռադիոթատրոնը օգնում են տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց յետ չմնալ այդ խնդիրը չունեցող իրենց հասակակիցներից։ Սակայն կերպարւեստն այնուամենայնիւ անհասանելի էր նրանց։ Այժմ այդ բացն աստիճանաբար լրացւում է «Խօսող կտաւներ» ներառական նախագծի շնորհիւ։ Իհարկէ, այս ոլորտում դեռ շատ աշխատանք ունենք անելու, որովհետեւ եթէ տեսողութեան խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները չկարողանան ճանաչել Մինասի, Սարեանի, կամ Այւազովսկու գլուխգործոցները, նրանք չեն կարողանայ իրենց հասարակութեան լիարժէք անդամը զգալ»,- ասում է նախագծի հնչիւնային ռեժիսոր, կոմպոզիտոր Վահան Նահապետեանը, ով հանդէս է գալիս նաեւ որպէս նախագծի գլխաւոր փորձագէտ։

Այսպիսով, «Խօսող կտաւներ» նախագիծը թոյլ է տալիս տեսողութիւն չունեցող մարդկանց դիպչել հայ նկարիչների գլուխգործոցներին, իսկ թանգարանի միւս այցելուներին՝ ընդգրկւել իրենց հայրենակիցների աշխարհը, ովքեր արտաքին աշխարհի մասին ինֆորմացիան ստանում են միայն լսողութեան եւ շօշափելիքի զգայարանների շնորհիւ։ Նախագիծն իրականացւել է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։