Հա

Մշակոյթ

25/07/2022 - 10:50

Շուշին, ստւերների թատրոնը, Ահնիձորն ու մեղուները. տեղահանւած արցախցիները սկսում են զրոյից

Շուշիից տեղահանւած թատերական 4 գործիչներ շրջիկ թատրոն են հիմնել եւ ստւերների իւրօրինակ խաղով հանդէս են գալիս ՀՀ-ում եւ Արցախում։ Դրան զուգահեռ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար մեղւապահութեամբ են զբաղւում, որը փոքրիկ բիզնես լինելուց զատ, հոգեբանական թերապիա է։

ՄԱՐԻՆԱ ՓԱՅՏԵԱՆ

 

Շուշիից տեղահանւած թատերական 4 գործիչներ շրջիկ թատրոն են հիմնել եւ ստւերների իւրօրինակ խաղով հանդէս են գալիս ՀՀ-ում եւ Արցախում։ Դրան զուգահեռ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար մեղւապահութեամբ են զբաղւում, որը փոքրիկ բիզնես լինելուց զատ, հոգեբանական թերապիա է։

Կորցրին տուն, տեղ, աշխատանք, բայց չկորցրին հաւատն ու կենսասիրութիւնը, գտան ուժ՝ ամէն ինչ զրոյից սկսելու։ Շուշեցի մի քանի թատերական գործիչներ Հայաստան տեղափոխւելուց յետոյ որոշեցին շարունակել սիրելի գործը, բայց դա անել ոչ թէ թատրոններից որեւէ մէկում, այլ իրենցը ստեղծել։ Այդպէս երկրորդ կեանք ստացաւ դեռ Շուշիում հիմնադրւած «Հեքիաթների տունը», բայց այս անգամ անիւների վրայ՝ որպէս շրջիկ թատրոն։ Այս պատմութիւնը 4-ով են սկսել․ ռեժիսոր Հայկ Պապեանը, նկարիչ Արտակ Պօղոսեանն ու դերասաններ Նւէր Ղարաբեկեանը եւ Գայիանէ Առուշանեանը։

Սեփական ձեռքերով պատրաստել են փայտէ տիկնիկներ ու ստւերների ներկայացում բեմադրել Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործութեան հիման վրայ։ Ստեղծագործութեան ընտրութիւնն էլ պատահական չի եղել․ թումանեանական մի կաթիլ մեղրը մեծ կռւի պատճառ դարձաւ, բայց արի ու տես, որ այս ներկայացման մէջ մեղուն աւերակների միջից մի կաթիլ յոյս է գտնում, որը նոր կեանքի սկիզբ է դառնում։

 

Կուզեմ քաղաքից դուրս մշակութային կեանք կազմակերպել

Թատրոնի ռեժիսոր Հայկ Պապեանն առաջին մասնագիտութեամբ արեւելագէտ է, բայց իրենը թատրոնը դարձաւ։ Սանկտ Պետերբուրգում ռեժիսորի մասնագիտութիւն ձեռք բերելուց յետոյ մնաց Ռուսաստանում, բաւական յաջող բիզնեսով էր զբաղւում։ Յետոյ թատրոնը հետ կանչեց նրան։ Արցախի մշակոյթի նախարարութիւնից հրաւէր ստացաւ, սիրով ընդունեց ու Շուշի տեղափոխւեց։

2014 թւականին հիմնադրեցին «Արցախի տիկնիկային արւեստի գործիչներ» հասարակական կազմակերպութիւնն ու «Նարեկացի» արւեստի միութեան Շուշիի մասնաճիւղում ստեղծեցին «Հեքիաթների տունը» թատերասրահը, այստեղ տիկնիկային տարբեր ներկայացումներ էին բեմադրում։ Հայկն ասում է՝ հնարաւորութեան սահմաններում ամէն ինչ անում էր, որ իր ստեղծագործական թիմը թատերական արւեստի տարբեր տեսակներին ծանօթանայ։ Այդպէս ծնւեց ստւերների թատրոնը, որը նորութիւն էր Արցախում։

«Ստեփանակերտից գալիս էին Շուշի՝ յատուկ մեր ներկայացումները դիտելու համար»,- յիշում է ռեժիսորը։

Յետոյ սկսւեց պատերազմը։ 2020-ի հոկտեմբերի վերջին ստիպւած եղան դուրս գալ քաղաքից։ Վստահ էին, որ սա ժամանակաւոր որոշում է, բայց․․․

Ժամանակ էր պէտք կատարւածը մարսելու համար։ Յետոյ սթափւելու հերթը եկաւ։

«Գիտէք՝ պատասխանատւութեան հարց էր»,- ասում է Հայկը՝ մեկնաբանելով, թէ ինչու որոշեցին կրկին թատրոն հիմնադրել։

Ծրագիր գրեցին, դրամաշնորհ շահեցին ու սկսեցին ներկայացումը բեմադրել։ Փորձերն անում էին Հայկի փոքրիկ բնակարանում։ Թատրոնի տարածքի համար դիմեցին ՀՀ կառավարութիւն, ստացան պատասխան՝ գաղափարը լաւն է, բայց տարածք չկայ։ Հայկին ու թիմին օգնութեան հասաւ վաղեմի ընկերը՝ Դաւիթ Մաթէոսեանը (գրող Հրանտ Մաթէոսեանի որդին)։

«Օգնում է մեր ընկերը, չնայած մէկը լինի` իրեն օգնի»,- կատակում է Հայկը՝ յիշեցնելով, որ «Հրանտ Մաթէոսեան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքները մինչ օրս աւարտւած չեն, կենտրոնն էլ շահագործման յանձնւած չէ։ Բայց թատրոնը ժամանակաւոր հանգրւան գտաւ հէնց կիսակառոյց կենտրոնում, որի բեմում արդէն 3 ներկայացում խաղացել են, առջեւում չորրորդն է։ Բացի այդ, խաղացանկի երկրորդ ներկայացման վրայ են աշխատում։

Հայկն ասում է՝ թեպետ պատրանքներով չի ապրում, բայց իդէալական տարբերակում իրենց տեսնում է ոչ թէ քաղաքում, այլ քաղաքից դուրս, որտեղ իրենց ստեղծագործական թիմը մշակութային կեանք կազմակերպելու հնարաւորութիւն կունենա։

Թատրոնն այս պահին երկու դերասան ունի՝ Գայիանէ Առուշանեանն ու Նւէր Ղարաբեկեանը։

Գայիանէ. «Եթե Շուշիում չեմ ապրում, Արցախում ուրիշ տեղ չեմ կարող մնալ»

Գայիանէն, ինչպէս ինքն է ասում, ապուպապերով շուշեցի է։ Հայրն ու պապը Շուշիի ազատագրման մասնակիցներ են։ Ամենասարսափելի մղձավանջում անգամ չէին պատկերացնի, որ մի օր ստիպւած կը լինեն Շուշիից հեռու ապրել։ Գայիանէն քաղաքը վերջին անգամ հոկտեմբերի 29-ին է տեսել։ Ընտանիքը պատերազմից յետոյ որոշեց Արցախ վերադառնալ, ինքը չցանկացաւ։

«Եթէ Շուշիում չեմ ապրում, Արցախում ուրիշ տեղ չեմ կարող մնալ»,- ասում է։

Թատերական արւեստով զբաղւում է փոքրուց, ասում է՝ դերասան դառնալը ծրագրւած բան չէր, այդպէս ստացւեց։ 14 տարեկանում յայտնւեց Երւանդ Մանարեանի՝ Շուշիում հիմնադրած տիկնիկային թատրոնում, յետոյ նաեւ սովորեց Թատերական ինստիտուտի Արցախի մասնաճիւղում։ Արդէն երկար տարիներ է՝ խաղընկերը համակուրսեցին է՝ Նւէրը։

 

Նւէր. «Փակ աչքերով էլ մեր տունը կը գտնեմ»

Նւէրն Ապրիլեան քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների մասնակից է։ Ծնւել է Ստեփանակերտում, բայց ամբողջ կեանքն ապրել է Շուշիում։

«Առաջին պատերազմից առաջ էլ Շուշիում էինք, յետոյ պատերազմը սկսւեց, մեզ քշեցին․ 1992 թւականի մայիսի 11-ին տատիկիս հետ Շուշի վերադարձանք»։

Ասում է՝ քանի տարի էլ անցնի, ինչքան բան էլ քանդած ու փոխած լինեն Շուշիում, մէկ է` փակ աչքերով էլ իրենց տան տեղը կը գտնի։

«Փոքր ժամանակ երեխեքով ամբողջ քաղաքը տակնուվրայ էինք անում, էնքան զէնքեր ենք գտել, որ տարիներով ոստիկանութիւնը ման էր գալիս, չէր գտնում, իսկ մենք գնում, գտնում էինք․․․ Ո՞նց է մեղուն ոչ թէ տեսնելով, այլ կոորդինատներով թռչում, այ էդպէս է, արդէն գիտես, թէ քանի քայլ յետոյ ուր պէտք է թեքւես...»։

Նւէրը հաւատը չի կորցնում, որ մի օր Շուշի է վերադառնալու, մինչ այդ շրջիկ թատրոնի աշխատանքին զուգահեռ ընկերների հետ մեղու են պահում Հրանտ Մաթէոսեանի ծննդավայրում՝ Ահնիձորում։

Նրանց բոլորի համար մեղւապահութիւնը թերապիայի իւրայատուկ ձեւ դարձաւ։ Մեղուներն իրենց աշխատասիրութեամբ դատարկ շրջանակը մի քանի օրում մեղրով են լցնում։ Հիմա իրենք էլ են մեղուների պէս առաւօտից երեկոյ աշխատում՝ զրոյից կեանքը վերակառուցելու համար։

 

Armeniansputnik.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։