Հա

Մշակոյթ

03/08/2022 - 11:40

Թուրքիայում գանձագողերը կողոպտում եւ աւերում են նախկինում հայաբնակ գիւղը

Թուրքիայի ներկայիս Սիւաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնւող նախկինում հայաբնակ (նաեւ յոյներ) Աղըլ գիւղը հիմա ամբողջովին լքւած ու աւերակւած վիճակում է: 

«alikonline.ir» - Թուրքիայի ներկայիս Սիւաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնւող նախկինում հայաբնակ (նաեւ յոյներ) Աղըլ գիւղը հիմա ամբողջովին լքւած ու աւերակւած վիճակում է: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ յղում անելով Hurriyet-ին:

Նշւում է, որ հայերն ու յոյներն այստեղ հիմնականում բնակւել են նախքան Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետեւանքով գիւղն ամբողջովին դատարկւում է, ինչից յետոյ էլ պարբերաբար յայտնւում է գանձագողերի թիրախում:

Յոյս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժէք իրեր կը գտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում եւ վնասում են տեղացիների շրջանում նաեւ «խորհրդաւոր գիւղ» անւանւող Աղըլի տները: Գանձագողերից բացի գիւղի աւերակները երբեմն յայտնւում են նաեւ լքւած բնակավայրերով հետաքրքրւողների ու լուսանկարիչների ուշադրութեան կենտրոնում:

«Համացանցում լքւած գիւղերն ուսումնասիրելիս յայտնաբերեցի, որ Սիւասում այսպիսի տեղ կայ: Տեսայ, որ կենտրոնին էլ (Սիւաս քաղաք) շատ մօտիկ է, Քարայում եւ Հաջի Ալի գիւղերի միջեւ ընկած բարձունքի վրայ է»,- թուրքական լրատւամիջոցին պատմել է լուսանկարիչ Գեոքհան Քարօղլուն: Ըստ նրա՝ յայտնի չեն բուն պատճառները, թէ ինչու է գիւղը դատարկւել այն դէպքում, երբ հարեւան գիւղերը նորմալ բնակեցւած են:

«Գանձ որոնողները գիւղն աւերել են: Մեզ հետաքրքրեց, եկել ենք նկարելու: Այս գիւղն ամբողջութեամբ անտաշ քարերով է կառուցւած, ակնյայտ է, որ շատ հին շինութիւններ են: Գիւղից փոքրիկ գետակ է սկիզբ առնում, որին սնուցող աղբիւրը գիւղում դեռեւս շարունակում է հոսել»,- պատմում է Քարօղլուն:

Վերջինս յոյս է յայտնել, որ Սիւասի նահանգապետարանը կը գնահատի այս արժէքը եւ հստողութեան տակ կառնի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։