Շահէն Բազիլը Իրանում միջազգային կինոյի ձեռքբերման փորձագէտ էր, ով մեծապէս ազդել է Իրանում արտասահմանեան ֆիլմերի տարածման վրայ:
«Ալիք» - Շահէն Բազիլը Իրանում միջազգային կինոյի ձեռքբերման փորձագէտ էր, ով մեծապէս ազդել է Իրանում արտասահմանեան ֆիլմերի տարածման վրայ:
Շահէնը ծնւել էր Թեհրանում: Ուսանել էր ճարտարապետութիւն՝ պետական համալսարանում, իսկ աւելի ուշ՝ Ազատ համլսարանի թարգմանչական բաժինն է աւարտում անգլերէն լեզւի ուղղութեամբ:
Որպէս դիպլոմային աշխատանք նա թարգմանում է Էռնեստ Հեմինգւէյի «Մեր ժամանակներում» պատմւածքների առաջին ժողովածուն։
Նա իր աշխատանքը որպէս ֆիլմերի եւ ծրագրերի ձեռքբերում սկսել է «Ֆարաբի» կինօ-հիմնադրամում 1990 թւականին, որտեղ աշխատում է մինչեւ 2003 թւականը: Միեւնոյն ժամանակ ակտիւօրէն ներգրաււած է եղել Իրանի հեռուստատեսային ծրագրերի գրասենեակում:
Շահէն Բազիլը համագործակցել է Թեհրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատօնի, ինչպէս նաեւ Կաննի, Բեռլինի, Լոնդոնի, Բէյրութի, Կահիրէի, Միլանի եւ այլ փառատօների կինոշուկաների հետ։
2000-ից 2003 թւականները նա նախաձեռնում է Իրանում ֆիլմի իրաւունքի մասնաւոր ձեռքբերման առաջին փորձերը Visual Media Institute-ի պետական ներկայացուցչութեան համար, իսկ աւելի ուշ ստանձնում՝ Century 21 Visual Media կոչւող մասնաւոր ընկերութեան ձեռքբերման բաժնի գործադիր տնօրէնի պաշտօնը, որը բանակցում էր այլ կառոյցների հետ Իրանում տեսա-ձայնային սկաւառակների, ցանցային հեռուստաալիքների, եւ առհասարակ տեսահոլովակների իրաւունքների ուղղութեամբ:
Շահէն Բազիլն իր մահկանացուն կնքեց հիւանդութեան դէմ երկարատեւ պայքարից յետոյ: