Հա

Մշակոյթ

09/08/2022 - 12:05

Ի՞նչ ճակատագիր է սպասւում Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի մշակութային յուշարձաններին

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրում է.

«alikonline.ir» - Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թէˊ Բերձոր քաղաքը, թէˊ Աղաւնոյ եւ Սուս գիւղերն անցել են Արցախի Հանրապետութիւնում տեղակայւած Ռուսաստանի Դաշնութեան զինւած ուժերի խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ։ Սակայն 2022 թւականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարում է, որ Աղաւնոյ գիւղի մօտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխութիւնից յետոյ Աղաւնոյ եւ Սուս գիւղերը, Բերձոր քաղաքն ու յարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինւած ուժերի վերահսկողութեան տակ։ Աւելի ուշ բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տրւել իրենց բնակավայրերը լքելու համար:

Նշենք, որ ե՛ւ Աղաւնոյում, ե՛ւ Բերձորում ազատագրումից յետոյ կառուցւել են եկեղեցիներ՝ Սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) եւ Սբ. Նահատակաց (Աղաւնոյ, 2002 թ.), կանգնեցւել են բազմաթիւ խաչքարեր նւիրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին (Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գիւղ, այժմ տարհանւել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի յիշատակին (Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհւած ազատամարտիկների յիշատակին (Բերձորի յուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղաւնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7),  Քառօրեայ պատերազմի զոհերի յիշատակին (Աղաւնոյ գիւղի դպրոցի բակում, նկ. 8), բազմաթիւ յուշաքարեր եւ յուշաղբիւրներ (նկ. 9-11):

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասւում տեղի մշակութային յուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելոյթներում բացայայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցւած յուշարձանները, շինութիւնները եւ այլն։

Նման պայմաններում անկախութեան շրջանի յուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանութիւններն արդէն իսկ տարհանման որոշում են կայացրել եւ սկսել գործընթացը։ Սուս գիւղի խաչքարերն արդէն իսկ տարհանւել են եւ տեղափոխւել ապահով վայրեր: Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը յայտնում է, որ մօտ ապագայում պիտի տարհանւեն նաեւ Բերձորի եւ Աղաւնոյի խաչքարերն ու յուշարձանները: Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանը Hraparak.am-ի հետ հարցազրոյցի ժամանակ յայտնել է, որ իրենք պատրաստւում են տեղափոխել նաեւ խաչքարերը:

Սակայն թէ ի՞նչ ճակատագիր է սպասւում Սբ. Համբարձման եւ Սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռեւս անյայտ է:

Նշենք նաեւ, որ մենք արդէն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալութեանն ուղղւած նոր յուշարձաններին, ինչպէս Մատաղիս գիւղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախեան առաջին ազատամարտին նւիրւած խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շիւքիւրբէյլի գիւղի խաչային յօրինւածքով յուշարձանի, Հադրութի Առաքել գիւղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղի՝ «Վերածնւած Թալիշ» յուշարձանի, Մեխակաւան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։