Հա

Մշակոյթ

11/08/2022 - 11:15

Ուջանում կանցկացւի «Ծիրանի ծառ» վաւերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատօնը

Օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գիւղում կանցկացւի «Ծիրանի ծառ» Ուջանի վաւերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատօնը։ 

«alikonline.ir» - Օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գիւղում կանցկացւի «Ծիրանի ծառ» Ուջանի վաւերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատօնը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Փառատօնի ծրագրում ընդգրկւած է 30 վաւերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շւեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից եւ այլն։  Այն իրականացնում է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ «Ֆիլմադարան» կինոմշակոյթի զարգացման ՀԿ-ն։

ԿԳՄՍ նախարարութիւնից յայտնում են, որ ցերեկային ցուցադրութիւնները լինելու են Երեւանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյեան ժամը 8-ից մինչեւ կէսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքոյ։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) եւ կինոտեսաբան Թինա Բաստաջեանը Հայաստանի ազգային գրադարանում հանդէս կը գայ «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախօսութեամբ։

Բոլոր ֆիլմերը կը ցուցադրւեն հայերէն ենթագրերով։ Փառատօնի շրջանակում կը գործի նաեւ Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատօնի մասնագէտների օգնութեամբ կը նկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կը ցուցադրւեն փակման արարողութեան ժամանակ։ Նշենք, որ դպրոցը գործում է 2019 թւականից։
Վիետնամից ժամանած ռեժիսոր եւ արտիստ Թհու Ան Նգոյէնը կը վարի կոլաժի աշխատարան Ուջանի եւ յարակից գիւղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծւած կոլաժները կը ցուցադրւեն փառատօնի աւարտին։

Հայ եւ վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար յատուկ աշխատարան կը վարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսէնը:

Փառատօնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրեայ շուրջ 30 հիւրերը մէկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կը ծանօթանան հայկական կենցաղին եւ մշակոյթին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։