Իսպանիայում վերջին 50 տարւայ մէջ ամենավատ երաշտի պատճառով ամբողջութեամբ ցամաքում է յայտնւել Դոլմէն դէ Գուադալպերալ մեգալիթեան յուշարձանը, որը գտնւում է Վալդեկանեասի ջրամբարի յատակին։
«alikonline.ir» - Իսպանիայում վերջին 50 տարւայ մէջ ամենավատ երաշտի պատճառով ամբողջութեամբ ցամաքում է յայտնւել Դոլմէն դէ Գուադալպերալ մեգալիթեան յուշարձանը, որը գտնւում է Վալդեկանեասի ջրամբարի յատակին։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Դոլմէն դէ Գուադալպերալի տարիքը գնահատւում է 6-7 հազար տարի, այն կոչւում է «Իսպանական Սթոունհենջ», պարզաբանում է AP-ն՝ յաւելելով, որ 150 քարերից բաղկացած նախապատմական շրջանը 2000 տարով աւելի հին է, քան Մեծ Բրիտանիայում գտնւող յայտնի Սթոունհենջը:
Յուշարձանը իրենից ներկայացնում է մինչեւ 1,8 մետր բարձրութեամբ 150 քարերից կազմւած շրջան, որոնք ուղղահայեաց փորւած են գետնի մէջ։ Գիտնականները ենթադրում են, որ այն օգտագործւել է ծիսական արարողութիւնների համար: Ամենամեծ քարը՝ այսպէս կոչւած «մենհիրը», ենթադրաբար մատնացոյց է արել սուրբ շրջանի մուտքը։ Այս քարը մի կողմից զարդարւած է մարդու, միւս կողմից՝ օձի պատկերներով։
Յուշարձանը ջրի տակ է անցել 50 տարի առաջ՝ ջրամբարի կառուցման ժամանակ։ Գիտնականները կարծում են, որ անձրեւների սեզոնի մեկնարկի հետ այն կրկին ջրի տակ կանցնի։
«Իսպանական Սթոունհենջը» յայտնաբերւել է 1920-ականներին, 1960-ականների սկզբին յայտնւեցին դրա մասին առաջին գիտական աշխատանքները։