Հա

Մշակոյթ

03/09/2022 - 10:15

1600 տարւայ պատմութիւն ունեցող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Թուրքիայի «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցութիւնից ընտրւած մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն այս օրերին Վանի նահանգում ծանօթացել է հայկական եկեղեցիների, վանքերի եւ այլ պատմական ու կրօնական յուշարձանների վիճակին:

«alikonline.ir» - Թուրքիայի «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցութիւնից ընտրւած մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն այս օրերին Վանի նահանգում ծանօթացել է հայկական եկեղեցիների, վանքերի եւ այլ պատմական ու կրօնական յուշարձանների վիճակին: Գրում է Ermenihaber.am-ը:

Փայլանը այցելել է նաեւ Վան նահանգի Բաշքալէ շրջանում գտնւող Սուրբ Բարդուղիմէոս հայկական վանք, որը գտնւում է կիսաքանդ վիճակում:

Լրատւամիջոցների հետ զրոյցում հայ պատգամաւորն, խօսելով նշեալ վանքի մասին, ասել է.

«Վանքը ամբողջութեամբ քանդւած վիճակում է: Պահպանւել է մուտքի դռան կամարը, սակայն գմբէթը աւերւած վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարւայ ընթացքում ոչնչացւեց, լքւեց եւ այժմ միտումնաւոր ոչնչացւում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակոյթի նախարարութեանը: Ի՞նչ էք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կայ: Ի՞նչ էք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թէ՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- ասել է նա:

Ըստ աւանդութեան վանքը առաջին դարում հիմնադրել է Սանատրուկ թագաւորը Բարդուղիմէոս առաքեալի գերեզմանի վրայ: Վանքը յիշատակւում է 13-րդ դարից։

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գաւառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցւել է հնագոյն բազիլիկի հիմքի վրայ:

1915-1916 թւականներին վանքն անցել է թուրք զինւորականների վերահսկողութեան տակ: 1990-ական թւականներից օգտագործւել է որպէս յատուկ զօրամասի յենակէտ։ Վանական համալիրը մեծապէս տուժել է 1966 թւականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբէթը կանգուն է եղել մինչեւ 1960-ական թւականները, սակայն դրանից յետոյ ամբողջ կառոյցը աստիճանաբար փլուզւել է, եւ գմբէթից ոչինչ չի մնացել։

Բաշքալէ շրջանում քուրդ զինեալների դէմ ռազմական գործողութիւն իրականացնելու հիմնաւորմամբ 31 տարի առաջ տեղակայւել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարութեան տակ գտնւող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Թուրք-քրդական կարգաւորման գործընթացի կապակցութեամբ զօրքերը այս տարածքից դուրս են բերւել եւ թուրքական իշխանութիւնները խոստացել էին վերականգնել եկեղեցին, սակայն մինչ այժմ աշխատանքներ չեն իրականացւել:

Այսպիսի տեսք ունէր վանքը 1916թ.-ի երկրաշարժից առաջ.

(Լուսանկարը` Ա. Հախնազարեանի)

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։