Հա

Մշակոյթ

05/09/2022 - 13:30

Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգեւորից մինչեւ ժամանակակից, ջազից մինչեւ ռոք

Տաւուշի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի հովանաւոր օրհնութեամբ 2016 թւականին ստեղծւել է Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Հոգեւոր եւ աշխարհիկ ս տեղծագործութիւններ կատարող երգչախումբն այժմ պատրաստւում է Երեւանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Starmus VI փառատօնի շրջանակներում իրականացւող Another World համերգին։ Տաւուշցի երեխաներն ու պատանիները ելոյթ են ունենալու աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար Բրայեան Մէյի հետ, ով անհամբերութեամբ է սպասում նրանց հետ հանդիպմանը։

«alikonline.ir» - Տաւուշի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի հովանաւոր օրհնութեամբ 2016 թւականին ստեղծւել է Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Հոգեւոր եւ աշխարհիկ ս տեղծագործութիւններ կատարող երգչախումբն այժմ պատրաստւում է Երեւանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Starmus VI փառատօնի շրջանակներում իրականացւող Another World համերգին։ Տաւուշցի երեխաներն ու պատանիները ելոյթ են ունենալու աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար Բրայեան Մէյի հետ, ով անհամբերութեամբ է սպասում նրանց հետ հանդիպմանը։

Panorama.am-ը զրուցել է Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստեանի հետ՝ առաջիկայ համերգի մասին եւ ոչ միայն։

 

- Panorama.am- Ի՞նչ տարիքի երեխաներ են ընդգրկւած երգչախմբում եւ ի՞նչ ստեղծագործութիւններ են կատարում։

Մարիա Գալստեան- 8-18 տարեկանների մանկապատանեկան երգչախումբ է։ Ծրագիրը բաւականին բազմաբովանդակ է՝ սկսած հոգեւորից՝ 5-րդ դարից, մինչեւ մեր օրեր։ Երգացանկում ունենք հոգեւոր մոնոդիկ ստեղծագործութիւններ, այս ժանրում դրանց ժամանակակից բազմաձայն մշակումներ եւ աշխարհիկ ստեղծագործութիւններ՝ սկսած արեւմտաեւրոպական դասականներից մինչեւ հանրամատչելի ստեղծագործութիւններ։ Ժանրային, ոճային առումով՝ դասականից մինչեւ ջազ, բլիւզ, ռոք։ Մեզ համար նաեւ անչափ կարեւոր եւ պատասխանատու է երեխաների մասնակցութիւնը տաղաւար տօների պատարագներին։ Առաջիկայում մենք կունենանք ուխտագնացութիւններ Տաւուշի սահմանամերձ գօտի եւ կը ձայնագրենք շարականներ։

 

Panorama.am- Տաւուշը սահմանամերձ մարզ է։ Արդեօ՞ք այդ փաստն ինչ-որ կերպ ազդում է երեխաների՝ կրթութեան, առօրեայի, նաեւ հետաքրքրութիւնների վրայ։

Մարիա Գալստեան- Երգչախումբն աշխատում է Տաւուշի թեմի առաջնորդարանին կից, փորձասենեակը գտնւում է թեմի առաջնորդարանում՝ Իջեւանում։ Երեխաներն ակտիւ, բուռն գործունէութեամբ են զբաղւում՝ թէ՛ կրթական, թէ՛ սոցիալական, թէ՛ արշաւային, ապրում են իրենց քաղաքով, գիւղով, սրտացաւ են իրենց համայնքի, միջավայրի, ընկերութեան հանդէպ, ամուր ոտքերի վրայ են կանգնած։ Ըստ իս՝ իրենք են հէնց Տաւուշի մարզի դեսպանները, ներկայացուցիչները։ Դրա վառ ապացոյցը նրանց ակտիւ գործունէութիւնն է, որ իրենք ծաւալում են։ Նաեւ գիւղերից ունենք երեխաներ։ Երեխայ ունենք, ում հայրիկն ամէն շաբաթ մեքենայով 23 կմ կտրում-անցնում է ու բերում Իջեւան՝ երգչախմբի փորձերին մասնակցելու համար։

 

Panorama.am- Շա՞տ են ցանկացողները շարունակելու կրթութիւնը հէնց այս ուղղութեամբ։

Մարիա Գալստեան- Դա իրենց որոշումն է։ Իմ աշխատանքն է նրանց ժամանադրել գեղեցիկի հետ, հաղորդակից դարձնել խմբերգային արւեստին, նրա մտածողութեանը, որը շատ բազմաշերտ է եւ համայնքային մտածողութիւն է ձեւաւորում, երեխաների մօտ սթրեսակայունութիւն է ապահովում, մի շարք ստեղծածար եւ հիմնարար հմտութիւններ ու կարողութիւններ է զարգացնում։

Զաւեշտալի մի բան պատմեմ. փորձի ժամանակ խօսակցութիւն եղաւ մասնագիտութունների ընտրութեան հարցով։ Երգչախումբը 42 հոգուց է բաղկացած, 17 հոգի ձեռք բարձրացրեցին ու ասացին, որ ուզում եմ խմբավար դառնալ։ Ինձ համար ոգեւորիչ էր, միաժամանակ՝ զարմանալի։ Ես շատ ուրախ կը լինեմ իրենց հետագայ յաջողութիւնների համար՝ ինչ մասնագիտութիւն էլ ընտրեն երեխաները, ես կողջունեմ. կարեւորը նրանց արմատները շատ կայուն են, տաւուշեան են, տայոյսեան են, ինչպէս մեր թեմն է ներկայանում երեք յատկանաշական խօսուն անուններով՝ Տաւուշ-ՏաՅոյս-ՏաՈւժ։ Այս գաղափարական երեք արտայայտութիւնները վառ ապացոյցն են նրա, որ երեխաների արմատները շատ պինդ են, գլուխը շատ առողջ, քանի որ մեր առաջնորդ՝ գերաշնորհ Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի օրհնութեամբ՝ մեր ճանապարհն ուղիղ է, դրանց պտուղները մենք ճաշակում ենք։

 

Panorama.am- Երգչախումբը Հայաստանում, արտերկրում համերգներ ծրագրո՞ւմ է։

Մարիա Գալստեան- Այս պահի դրութեամբ ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ համար անակնկալ էր մեր կատարմամբ Queen-ի երգերը լոյսի արագութեամբ ողջ համացանցով տարածւելը, աշխարհահռչակ մեգաաստղ Բրայեան Մէյի հետ մեր հետադարձ կապը։ Իրօք, շատ ոգեւորիչ է այդ ամէնը։ Մենք համատեղ ելոյթով կը մասնակցենք սեպտեմբերի 7-ին կայանալիք Another World համերգային ծրագրին։ Դրան ենք նախապատրաստւում։

 

Panorama.am- Կը խօսէ՞ք այդ համերգի մասին։ Առաջարկն ո՞ւմ կողմից է եղել։ Յիշենք, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատօնի համահիմնադիր Բրայեան Մէյն իր ինստագրամեան էջում հրապարակել էր Տաւուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը եւ նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։

Մարիա Գալստեան- Այնքան սահուն ստացւեց ամէն բան։ Երբ Բրայեան Մէյը ցանկութիւն էր յայտնել գալու Տաւուշ եւ ծանօթանալու երգչախմբի հետ, բանաւոր քննարկման ժամանակ STARMUS գիտութեան եւ արւեստի միջազգային փառատօնի հիմնադիր Գարիկ Իսրայէլեանի միջոցով յայտնեցինք, որ լաւ կը լինի համատեղ ելոյթ իրականացնել, բացի Բրայեան Մէյի փորձի փոխանցումից։ Բրայեան Մէյը շատ անակնկալ կերպով ասել էր, որ ուզում է նաեւ «We Will Rock You»-ն միասին կատարենք։ Այսինքն՝ այն, ինչ ես էի մտածել, մեգաաստղի մտքով նոյնպէս անցել էր, ինչը շատ հաճելի էր։ Շնորհակալութիւն եմ յայտնում պարոն Իսրայէլեանին այդ կապն ապահովելու, հրաւէրը փոխանցելու համար։

 

Panorama.am- Ինչպէ՞ս են արձագանգել երեխաներն այդ լուրին։

Մարիա Գալստեան- Նրանք են աւելի շուտ իմացել, քան ես։ Ես երկրում չէի, արձակուրդում էի եւ անջատել էի բոլոր տեսակի սոցիալական հարթակները։ Երբ վերադարձայ, երեխաներից իմացայ այդ ամէնը։ Շատ ոգեւորիչ էր։

Հիմա պատրաստւում ենք համերգին, կայանում են մեր գլխաւոր փորձերը։ Մենք մեծ սիրով ու պատրաստակամութեամբ, սրտի թրթիռով կը սպասենք սեպտեմբերի 7-ի մեր ելոյթին։ Անշուշտ, սա շատ ուրախալի փաստ է, սակայն ոչ մի կերպ չի ստացւում ուրախութիւնս լիարժէք արտայայտել՝ մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձութիւններով պայմանաւորւած։ Չես կարողանում լիարժէք քո յաղթանակների, յաջողութիւնների բերկրանքը վայելել։ Միեւնոյն ժամանակ լցւած եմ յոյսով ու հաւատով, որ Հայրենիքս նաեւ մեր սրտացաւ ու տքնաջան աշխատանքի շնորհիւ կը վերականգնւի։

 

Panorama.am- Շնորհակալութիւն հարցազրոյցի համար։

 

Յարակից լուրեր

  • Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու համաշխարհային աստղերը՝ մէկ բեմում
    Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու համաշխարհային աստղերը՝ մէկ բեմում

    Գիտութեան եւ արւեստի  STARMUS VI  փառատօնի շրջանակում երէկ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կայացել է Another World  խորագրով համերգ։

  • «Արթնանալ է պէտք, ժողովուրդ». Բագրատ Սրբազան
    «Արթնանալ է պէտք, ժողովուրդ». Բագրատ Սրբազան

    «Արթնանալ է պէտք, ժողովուրդ։ Առաջին հերթին՝ ինքնաքննութիւն ունենալու եւ չխուսափելու ու չփորձելու խուսանաւել, որ մենք պարտւել ենք»,- կիրակնօրեայ աղօթքում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, որը ներկայացւած է Տաւուշի թեմի ֆէյսբուքեան էջում։ 

  • Բագրատ Սրբազան Հայրը պաշտօնապէս ստանձնեց հերոսական Տաւուշի թեմի առաջնորդութիւնը
    Բագրատ Սրբազան Հայրը պաշտօնապէս ստանձնեց հերոսական Տաւուշի թեմի առաջնորդութիւնը

    Իջեւանի Ս. Ներսէս Շնորհալի եկեղեցում կիրակնօրեայ պատարագով Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը պաշտօնապէս ստանձնեց Տաւուշի հոգեւոր առաջնորդի պաշտօնը:
    Հայաստանի հիւսիս-արեւելեան դարպասի՝ Տաւուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արք. Պետրոսեանը գաւազանը փոխանցեց նորանշանակ առաջնորդին՝ Բագրատ Սրբազան Հօրը:

  • Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծւեց Բերդի նորակառոյց եկեղեցին
    Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծւեց Բերդի նորակառոյց եկեղեցին

    Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տօնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Տաւուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառոյց Ս. Յովհաննէս եկեղեցու օծման սրբազան արարողութեանը: Տարածաշրջանի բնակչութեան համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը:

  • Տեղի ունեցաւ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողութիւնը
    Տեղի ունեցաւ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողութիւնը

    Հոկտեմբերի 19-ին Տաւուշի թեմում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողութիւնը: Վանքը հիմնանորոգւել է Արաբական Միացեալ Էմիրութիւնների Գերագոյն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Շէյխ դոկտ. Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։