Հա

Մշակոյթ

07/09/2022 - 13:30

17-րդ դարի որմնանկարներ եւ ոչ միայն. Էջմիածնի Մայր տաճարի վերականգնումն ու գտածօները

Էջմիածնի Մայր տաճարում այժմ շարունակւում են ինչպէս հիմնանորոգման, այնպէս էլ որմնանկարների վերականգնման աշխատանքները։ Տաճարի վերականգնման համար համազգային դրամահաւաքը եւս շարունակւում է։

«alikonline.ir» - Էջմիածնի Մայր տաճարում այժմ շարունակւում են ինչպէս հիմնանորոգման, այնպէս էլ որմնանկարների վերականգնման աշխատանքները։ Տաճարի վերականգնման համար համազգային դրամահաւաքը եւս շարունակւում է։

ԷջմիածնիՄայր տաճարի դռները յաջորդ տարի կը բացւեն այցելուների համար։ 2018-ին մեկնարկած հիմնանորոգման եւ վերականգման աշխատանքները նախատեսւած էր աւարտել 2020-ին, բայց օրէցօր նոր անակնկալներ են ի յայտ գալիս` ուսումնասիրման ենթակայ նոր շերտեր են բացւում, եւ անելիքներն աւելանում են։ Չնայած այդ հանգամանքին, այնտեղ աշխատող իւրաքանչիւր ոք մեծ ոգեւորութեամբ է ամէն օր տաճար գնում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշեանը լրագրողների հետ զրոյցում յայտնում է` 1980-ականներից աշխատում է իր մասնագիտութեամբ, սակայն երբ պէտք է Մայր տաճարում գործի անցնէր, սկզբում մի փոքր վախեցել է։

«Վախեցայ, քանի որ պատասխանատւութիւնը մեծ էր, բայց մասնագիտական փորձս պարտաւորեցրեց այդ խաչն ինձ վրայ վերցնել։ Իրականում ամէն ինչ սկսւել է դեռ 2012-ից, երբ Վեհափառի յանձնարարութեամբ արտաքին կոսմետիկ նորոգումներ պէտք է արւէին ծածկերի շրջանում, որտեղ առատ բուսածածկոյթ կար։ Զանգակատան վեղարի վրայ նոյնիսկ ծիրանի ծառ էր աճել։ Բացայայտեցի, որ ծածկերն ամբողջական նորոգման կարիք ունեն»,- ասում է ճարտարապետը։

Նրա խօսքով` 2016-ին, երբ Հռոմի Պապը պէտք է ՀՀ այցելէր, Մայր տաճարի ներքին պատերն էին մաքրում, այդ ժամանակ էլ բացայայտւեց որմնանկարների վրայ առկայ ճաքերը, որմնանկարների տակ թաքնւած կոնստրուկցիաների վթարային վիճակը, եւ ծրագիրն ընդլայնւեց. Մայր տաճարը սկսեցին հիմնովին վերականգնել։ Ճարտարապետը վստահեցնում է` տաճարի վերականգնումից յետոյ երաշխիքը հարիւրամեակներ են։

Վերականգնման աշխատանքների ընթացքում զանգակատան վեղարի ծածկասալերի տակ 17-րդ դարին վերագրւող 170 կահ-կարասի են յայտնաբերել, իսկ գմբեթում` որմնանկարներ։

Որմնանկարների վերականգնման կենտրոնի առաջատար մասնագէտ Արժանիկ Յովհաննիսեանն էլ իր հերթին նշում է` նախագիծը սկսելուց 2 հիմնախնդիր ունէին` որմնանկարները պատից առանձնացնելն ու դրանք վերականգնելը։

Այժմ, ըստ նրա, նախագծի առաջին փուլը գրեթէ աւարտել է, սակայն զուգահեռ սկսել են երկրորդ փուլը` որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը։

«Այն հատւածներում, որտեղ որմնանկարներն առանձնացրել ենք պատից, պարզել է, որ եւս 2 շերտ եւ մասնակիօրէն պահպանւած որմնանկարներ կան։ Դրանք մեզ թոյլ տւեցին պատկերացում կազմել, թէ ինչպէս է եղել նախկինում տաճարի ներսի հատւածը. տաճարը լեցուն է եղել կոմպոզիցիաներով` միայն գմբեթի հատւածը 24 կոմպոզիցիա է ունեցել։ Այսինքն` պատերն ամբողջութեամբ Հին եւ Նոր կտակարանների նկարներով են պատւած եղել, որոնք հետագայում հանւել են»,-ասում է Յովհաննիսեանը` յաւելելով, որ դրանք վերականգնելու համար լուրջ հիմքեր են պէտք` ֆոտոփաստագրում, փաստաթղթեր, որոնք չունեն։

Որմնանկարների վերականգնումն իրականացնում են Իտալիայից ներկրւած նիւթերով եւ տեխնոլոգիաներով, սակայն բացառապէս հայ մասնագէտների ուժերով։

Ընդհանուր առմամբ որմնանկարների վերականգնման վրայ 14 մասնագէտ է աշխատում, որոնց վերապատրաստել են իտալացի մասնագէտները։ Ի դէպ, գմբեթում աշխատանքներ կատարելն այնքան էլ հեշտ չէ` բաւական բարձրութիւն պէտք է յաղթահարել որմնանկարներին մօտենալու համար։

Ռեստաւրատոր Գեղեցիկ Գիուրջեանը 2016-ից Մայր տաճարում է։ Նա Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցուց է սկսել այս ոլորտում իր աշխատանքները. ըստ նրա` իւրաքանչիւր կառոյց իր էներգետիկան եւ իւրայատկութիւնն ունի։ «Մեր աշխատանքն աւելի շատ գիտական է, բայց, օրինակ, Մայր տաճարի էներգետիկան շատ է օգնում... Այժմ մենք որմնանկարների վրայից կեղտի եւ մրի շերտն ենք հեռացնում, որից յետոյ գունային լրացումներ պէտք է անենք։ Կան որմնանկարներ, որոնք գունային փոփոխութիւններ են կրել` պէտք է վերականգնենք դրանք. դեռ բաւական անելիք կայ»,- պատմում է Գիւրջեանը։

Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ Սրբազան Բաբայեանը նշում է` Մայր տաճարի վերաօծման ժամկէտը որոշակիօրէն երկարել է` պայմանաւորւած աշխատանքների ծաւալով։

«Իրականում տաճարի օծման ժամկէտը կախւած է շինաշխատանքների ժամանակ ի յայտ եկած անակնկալներից։ Օրեր առաջ կրկին խոնաւութեան նշաններ ի յայտ եկան. տաճարի յետնամասում մեզ համար անյայտ պատուհան բացւեց, եւ հիմա որոշակի աշխատանք է պէտք, որ հասկանանք, թէ ինչպէս պէտք է պատուհանի ամրակայումն արւի»,- ասաց Սրբազանը։

Ինչ վերաբերում է ծախսերին, Սրբազանը նշում է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկելուց առաջ համազգային դրամահաւաք են յայտարարել` շատերն են օգնել. «Եղել են դէպքեր, երբ եկել եւ մեզ ասել են, որ կարող են մէկ օր աշխատել ու օգնել, կամ էլ իրենց գործարանն ունեն եւ պատրաստ են որոշ բաներ տրամադրել։ Աշխատանքների աւարտից յետոյ գրքոյկ կը լինի, որտեղ իւրաքանչիւր բարերարի անունը կը նշւի։ Բացի այդ, շինարարութեան աւարտից յետոյ կասենք` որքան գումար է ծախսւել»։

Այժմ դրամահաւաքը շարունակւում է եւ, չնայած ֆինանսական որոշ դժւարութիւններին, Մուշեղ Սրբազանը վստահ է, որ աշխատանքներն աւարտելու են յաջողութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։