Հա

Մշակոյթ

11/09/2022 - 11:40

Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի 30-ամեակն է

«Վարանդա» երգչախմբի 30-ամեակը նշւում է Ստեփանակերտում, բեմում են երգչախմբի հին ու նոր անդամները: Խօսելով Արցախ այցելելու եւ երգչախումբ հիմնելու մասին՝ Զաքար Քեշիշեանը յիշում է. «Այն օրերին էր, որ ես առաջին հայեացքից սիրահարւեցի այս ժողովրդին ու ուխտեցի ցմահ ու եթէ հարկ լինի՝ կեանքիս գնով շարունակել»:

«alikonline.ir» - Շուշիի ազատագրումն ու «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախումբը տարեկիցներ են: 1993թ.-ին Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի ուսանող խմբավար, շւիահար ու դուդուկահար Զաքար Քեշիշեանի կողմից Շուշիի Արամ Մանուկեանի անւան վարժարանում հիմնադրւած երգչախումբը նպատակ ունէր պատերազմի արհաւիրքն ապրող շուշեցի մանուկների ու պատանիների դէմքերի արցունքը չորացնել, ժպիտ ուրւագծել, հոգեւոր ու երաժշտական աւանդներ սնուցել: Յաջորդող տարիներին երգչախումբը պետականացւել է եւ այժմ իր ստեղծագործական կեանքը շարունակում է երեք մանկական, պատանեկան եւ երիտասարդական կազմերով։

Երգչախումբը աւելի քան 200 համերգներով հանդէս է եկել Արցախի տարբեր շրջաններում, զօրանոցներում, դպրոցներում, ինչպէս նաեւ Հայաստանում եւ Լիբանանում, համատեղ համերգներ է ունեցել իր քոյր՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան եւ «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց հիմնադիր գեղարւեստական ղեկավարը եւս Զաքար Քեշիշեանն է: Գրում է «Ապառաժ»-ը:

«Վարանդա» երգչախմբի 30-ամեակը նշւում է Ստեփանակերտում, բեմում են երգչախմբի հին ու նոր անդամները: Խօսելով Արցախ այցելելու եւ երգչախումբ հիմնելու մասին՝ Զաքար Քեշիշեանը յիշում է. «Այն օրերին էր, որ ես առաջին հայեացքից սիրահարւեցի այս ժողովրդին ու ուխտեցի ցմահ ու եթէ հարկ լինի՝ կեանքիս գնով շարունակել»:

Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի բեմից հնչել են ե՛ւ նոր խմբերգերի առաջին կատարումները, ե՛ւ անցած 30 տարիների ընթացքում «Վարանդա» երգչախմբի խթանումով ծնունդ առած 169 խմբերգերից գողտրիկ մի փունջ: Յոբելեանական համերգին ներկայ էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Յակոբեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, երգչախմբի նախկին անդամներ, հրաւիրեալներ:

«Վարանդա» երգչախումբը բարի աւանդոյթ ունէր. ամէն անգամ համերգաշարերից յետոյ հաւաքւում էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում եւ երգում «Երազի իմ երկիր հայրենի» երգը: Այս անգամ Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում տեղադրւած արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների լուսանկարների առջեւ երգչախմբի անդամներն ու հրաւիրեալներն ի կատար ածեցին յայտնի աւանդոյթը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։