Հա

Մշակոյթ

12/09/2022 - 12:50

«Ադրբեջանցիները փորձում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին որպէս ուղղափառ եկեղեցի ներկայացնել». մշակութաբան

Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդէս է եկել հակահայկական ելոյթով, իբր թէ հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղւանական ժառանգութիւնը վանդալիզմի ենթարկում: News.am-ի հետ զրոյցում ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը պատմեց, որ հայկական կողմը ցանկացել է կանխել այդ ելոյթը, որն այնուամենայնիւ, կայացել է:

«alikonline.ir» - Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդէս է եկել հակահայկական ելոյթով, իբր թէ հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղւանական ժառանգութիւնը վանդալիզմի ենթարկում: News.am-ի հետ զրոյցում ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը պատմեց, որ հայկական կողմը ցանկացել է կանխել այդ ելոյթը, որն այնուամենայնիւ, կայացել է:

«Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդէս եկաւ մի մեծ զեկոյցով, որ իբր թէ հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղւանական ժառանգութիւնը վանդալիզմի ենթարկում եւ այլն, մերոնք փորձեցին կանխել, կոշտ պատասխանել, բայց ամէն դէպքում, ինչքան ինձ հասանելի է, ադրբեջանցիներն այդ ելոյթը ունեցել են: Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ մերոնք, երբ Ադրբեջանը բռնագրաւել է 17 թանգարան եւ հաւաքածու, առանձին որեւէ զեկուցումով հանդէս չեն եկել, ես չգիտեմ, թէ ինչու: Ադրբեջանի կողմից դա քաղաքականութիւն է եւ գիտական հիմնաւորւածութիւնը այդքան էլ կարեւոր չէ, անընդհատ իրենք սուտը կրկնում են, փաստեր են բերում, ինչով մենք անընդհատ զբաղւում ենք: Պէտք է յամառօրէն ցոյց տալ, որ իրենք տգէտ են, խեղաթիւրում են փաստերը, ուղղակի մենք դա անում ենք աւելի ակադեմիական մակարդակով` բերելով համապատասխան փաստեր»,- ասաց նա:

Մշակութաբանի կարծիքով` Ադրբեջանը իր վերահսկողութեան տակ անցած հայկական մշակութային ժառանգութեան հետ կապւած մի «խորամանկ» քաղաքականութիւն է բանեցնում, որով փորձում է հայկականը ներկայացնել աղւանական եւ այլ ծագման, ամէն ինչ չէ, որ ուղղւած է ոչնչացնելուն:

«Մեզ համար ամենադժւարը, ամենածանրը միջազգային հարթակներում Ադրբեջանի եթէ չասեմ լպիրշ, ապա գոնէ յարձակողական պահւածքն է, ինչն իմ համար զարմանալի է, որ մենք չունենք: Մենք ենք տուժւել, ես չեմ ասում, որ մենք մեղքեր չունենք, բայց բացարձակապէս համեմատելի չեն, Արցախի իշխանութիւնները երբեք չեն վարել մահմեդական ժառանգութիւնը ոչնչացնելու քաղաքականութիւն, իսկ իրենք հիմա ոչ միայն այդ ամէնը վարում են, այլեւ ամէն տեղ իրենք նախայարձակ են, եւ արդիւնքում եթէ ամէն ինչ չէ, ապա ինչ-որ բան շահում են: Մենք աւելի զուսպ ենք, վախւորած ենք, հպարտ չենք, կուչ եկած ենք եւ դա վերաբերում է բազմաթիւ ասպարէզներին, դա իմ գիտակցութեան մէջ չի տեղաւորւում: Ես կարծում եմ, որ մենք չպէտք է խեղճանանաք եւ համապատասխան ակտիւութիւն պէտք է ցուցաբերենք»,- ասաց Պետրոսեանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կատարած «վերանորոգման» աշխատանքներին, մշակութաբանը կարծում է, որ փորձ է արւում այն ներկայացնել որպէս ուղղափառ եկեղեցի:

«Երբ 1905, յետոյ 1918 թւականներին երբ որ Շուշիում բախումներ են եղել, հայկական կոտորած է եղել, վնասւել են նաեւ յուշարձանները եւ Ղազանչեցոցի գմբէթի վեղարը փլւել է, եւ մնացել է մէկ քառորդ կլորաւուն առաստաղը եւ մէկը ադրբեջանցիներին յուշել է, որ դա շատ նման է ուղղափառ գմբէթին, ինչը տարրական անգրագիտութիւն է, քանի որ այն չէր կարող այդպէս նախագծւել, քանի որ ռուսական ուղղափառ եկեղեցիների գմբէթները ամբողջական գունդ են: Սա ուղղակի ծաղր է, քանի որ եկեղեցին հայկական համայնքի, բնակիչների կողմից է հիմնւել եւ զուտ հայկական է եւ այնտեղ ընդարձակ արձանագրութիւններ կան: Այսօր գիտական համայնքը փաստեր ներկայացնում է, սակայն կարծում եմ` դա բաւարար չէ»,- ասաց նա:

Համլետ Պետրոսեանը նշեց, որ իրենք զբաղւում են Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերով, յատուկ կայք ունեն, որտեղ պարբերաբար անդրադառնում են ադրբեջանցիների գործողութիւններին:

«Մեր նիւթերը լայնօրէն օգտագործւում են զանազան միջազգային կազմակերպութիւնների կողմից, սակայն մենք ինքներս անձամբ չենք դիմում որեւէ միջազգային ատեանի որեւէ խնդրով, ուղղակի այդ նիւթերը օգտագործւում են: Կարծում ենք, որ սա աշխատանքի ճիշտ բաժանում է եւ կարծում եմ, որ յաջողութիւնները այս առումով նշանակալի են»,- եզրափակեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։