Հա

Մշակոյթ

22/09/2022 - 12:10

Ֆրանսիայի Սենատում ներկայացւել է «Լեռնային Ղարաբաղ. Սեւ գիրք» աշխատութիւնը

Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելութիւնների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատւական խմբի նախագահ, սենատոր Բրունօ Ռըտայոյի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Արցախին նւիրւած համաժողով, որի ընթացքում ներկայացւեց «Լեռնային Ղարաբաղ. Սեւ գիրք» կոլեկտիւ աշխատութիւնը։ Միջոցառումը տեղի էր ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշէի բարձ հովանու ներքոյ։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելութիւնների սրահում Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատւական խմբի նախագահ, սենատոր Բրունօ Ռըտայոյի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Արցախին նւիրւած համաժողով, որի ընթացքում ներկայացւեց «Լեռնային Ղարաբաղ. Սեւ գիրք» կոլեկտիւ աշխատութիւնը։ Միջոցառումը տեղի էր ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշէի բարձ հովանու ներքոյ։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից։

Համաժողովին բացման խօսքով հանդէս եկաւ սենատոր Բրունօ Ռըտայոն, ով համերաշխութիւն յայտնեց Արցախի Հանրապետութեանը, ինչպէս նաեւ Հայաստանին՝ մասնաւորապէս դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան եւ ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւնները, ինչպէս նաեւ ընդգծելով Ֆրանսիայի եւ Եւրոպայի՝ Հայաստանին աջակցութեան հրատապ անհրաժեշտութիւնը։

Այնուհետեւ տեղի ունեցաւ կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սեւ գիրք» աշխատութեան հեղինակների մասնակցութեամբ։ Ելոյթներով հանդէս եկան գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսէն եւ Տիգրան Եգաւեանը, ինչպէս նաեւ առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Ֆրանսուա-Քզաւիէ Բելամին, պատմաբան, հրապարակախօս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպութեան գլխաւոր տնօրէն, գերաշնորհ Տէր Պասկալ Գոլնիշը եւ հանրայայտ աշխարհաքաղաքագէտ Ժերար Շալեանը։

Միջոցառմանը եզրափակիչ ելոյթներով հանդէս եկան Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը եւ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Յասմիկ Տոլմաջեանը։ Վերջինս իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց սենատոր Ռըտաեոյին՝ համաժողովը կեանքի կոչելու եւ Հայաստանին ու Արցախին համերաշխութեան ուղերձ յղելու համար։ Դեսպանն ընդգծեց այս դժւար պահին միջազգային հանրութեան՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու եւ Ադրբեջանի ագրեսիւ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտութիւնը։

Միջոցառումը եզրափակւեց Սենատի նախագահ Լարշէի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։