Ձոն երիտասարդաց
ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ
Ձոն երիտասարդաց
Դուք, ով՛ ծեր ազգերի երիտասարդ սերունդներ, մերօրեայ արագընթաց աշխարհում՝
Ձեզ է հասել բազմադարեան հարստութիւններ...
բազմատեսակ բարդութիւններ, բազմաբնոյթ խնդիրներ, բարդոյթներ ու հանգոյցներ...
բազմաշերտ հասարակութիւն,
բազմաբովանդակ արժեհամակարգ:
Յաղթութիւն, պարտութիւն,
պայքար ու պայքար գոյամարտի՝
գրւած ու չգրւած պատմութիւն:
Պանծալի անցեալ,
դժգոյն ներկայ,
անկանխատեսելի կերտւելիք ապագայ:
Դուք անցնում էք պատմութեան այն ճամբով որով անցել է ո՛չ ոք,
ու որով անցնելու է ամէն ոք...
Ճամբան, անցումը՝
առաքելութիւնը, գոյապայքարի...
Դուք ծնւել էք ակամայ՝
ակամայ վայրից ու ժամանակից...
իսկ ծնելու էք կամովին:
Ձեր աչքով ընկալում էք Աշխարհը,
սակայն ձեր իսկ հորիզոնով...
Հորիզոններ աննման, ու՝
Լոյսի եւ խաւարի մէջ ծնում ձեզ տիրակալներ. ընտրում տիրակալներ՝
ընդունում կամ մերժում Ձեզ արժանի «տիրակալութիւն»-ներ...
Ինչպէս մենք, դուք եւս չէք ընտրել անցեալը, բայց ընտրում էք ապագան՝ տիտանական կամ տիրակալական...
Ազատութեան, Անկախութեան եւ բարեկեցիկ կեանքի չափորոշիչներով:
Բնութեան ու ժամանակի օրէնքով՝
հին են արդէն նոր սերունդները եթէ «առաջնագծում» չեն. առաջնագիծ կեանքի, առաջնագիծը կենաց մահու՝
որ ժառանգւած է անգամ
«նոր-հներից»…
Հին ու նոր ազգեր՝
որ ծաղկում են ու զարգանում
կամ ծախւում են եւ ունայնանում.
յառաջադէմ կամ բռնատէր՝
որ կռւում են ու յաղթանակում,
կամ կրւում են ու պարտւում
ու հիմնականում ոչ թէ թշնամուն,
այլ իրենք՝ իրենց. երբ պատրաստ են ընդունելու պարտութիւնը...
հակառակ դէպքում՝ պարտութիւնից վեր յառնում ու ճախրում նոր բարձրունքներ...
Տիրակալներ թէ՛ ընտրեալներ՝
գալիս են ու գնում իսկ նրանց
արածի եւ չարածի համար
վճարում էք դուք՝ ընտրեալ երիտասարդներ...
Ու ի՛նչ էլ լինի այսօր տիրական.
ու ի՛նչ էլ մշակեն «տիրակալներ»-ը վաղը, «իրական»-ը Ձերն է՝
առաջնագիծը պատւական
ու դուք էք Ձեր եւ Մեր ապագան:
Ձոն երիտասարդաց, Ձերն է՝
եւ Պանծալին.
եւ Ցաւալին
ու Ձեր իսկ Բաղձալին:
08 հոկտեմբերի, 2022