Ռեժիսոր, դերասանուհի, Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար եւ տնօրէնի պաշտօնակատար Նարինէ Գրիգորեանը վերջին մէկ ամսւայ ընթացքում երկու փառատօնի է մասնակցել։ Նա այն համոզմանն է, որ պէտք է աշխարհին արւեստի միջոցով ներկայացնես քո պատմութիւնը։
Panorama.am-ը զրուցել է Նարինէ Գրիգորեանի հետ փառատօնային կեանքի, ներկայացումների ընտրութեան, Համազգային թատրոնի առաջիկայ ծրագրերի մասին։
«alikonline.ir» - Ռեժիսոր, դերասանուհի, Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար եւ տնօրէնի պաշտօնակատար Նարինէ Գրիգորեանը վերջին մէկ ամսւայ ընթացքում երկու փառատօնի է մասնակցել։ Նա այն համոզմանն է, որ պէտք է աշխարհին արւեստի միջոցով ներկայացնես քո պատմութիւնը։
Panorama.am-ը զրուցել է Նարինէ Գրիգորեանի հետ փառատօնային կեանքի, ներկայացումների ընտրութեան, Համազգային թատրոնի առաջիկայ ծրագրերի մասին։
Panorama.am - Այս ամսւայ ընթացքում արդէն միջազգային փառատօների էք մասնակցել, արժանացել մրցանակի, փորձագէտների, հանդիսատեսի բարձր գնահատականներին։ Կը պատմէ՞ք փառատօների, ձեր ներկայացումների մասին։
Նարինէ Գրիգորեան - Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացւած «Բելայեա վեժա» միջազգային փառատօնում Հրանտ Մաթէոսեանի «Գոմէշ»-ն եմ խաղացել հայերէն լեզւով։ Մրցանակի եմ արժանացել «Լաւագոյն մոնոներկայացում» անւանակարգում:
Հոկտեմբերի սկզբին Գերմանիայում մասնակցել եմ Հաննովեր քաղաքում կայացած թատերական ոչ մրցութային փառատօնին։ Այդ փառատօնը շատ եմ կարեւորել ու նաեւ ներկայացման ընտրութիւնը, քանի որ մեր հարեւան երկիրը շատ է սուտ քարոզ տանում այլ երկրներում, մտածեցի, որ մեր տեսակէտն էլ պէտք է անպայման ներկայացնենք։ Այս առումով կարեւորեցինք ու այնտեղ հանդէս եկայ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով, որը պատմում է մեր արցախեան պատմութիւնը։ Շատ մեծ ազդեցութիւն ունեցաւ։
Կարծում եմ՝ շատ անհրաժեշտ էր այս պահին գնալ ու պատմել պատմութիւնը մեր տեսանկիւնից։ Ես պատմում եմ մեր գիւղի՝ Նորագիւղի մասին, որից մէկ ճանապարհ այն կողմ Խոջալուն է։ Ադրբեջանցիները տարածում եմ, որ մենք Խոջալուում ջարդեր ենք իրականացրել, իսկ ես պատմում եմ հէնց դիմացի գիւղի պատմութիւնը։
Ռուսերէն եմ պատմել՝ անպայման հայերէն մէջբերումներով, որպէսզի զգան իմ լեզւի գեղեցկութիւնն ու մեր մշակոյթը, մեր պատմութեան իրականութիւնը տեսնեն երեխայի ազնիւ աչքերով։
Հիմնական հանդիսատեսը ռուսներ էին, ուկրայինացիներ, հրեաներ։ Կային նաեւ գերմանացիներ։ Ճիշտ է՝ լեզուն չգիէին, բայց ասացին, որ ամբողջութեամբ հասկացել են թեման։ Բոլորն էին յուզւած, քանի որ հիմա դա ոչ միայն պատմութիւնն է, այլ իրենք այդ ամէնն արդէն ռէալ զգում են իրենց մաշւի վրայ։ Աւելի ընկալումով էին այդ ամենին մօտենում։ Նշում էին՝ ինչքան առանց պաթոսի էր այդ պատմութիւնը, ինչքան անմիջական, ինչքան ծիծաղելի ու յուզիչ։
Բեմանկարիչ Վիկտորեայ Ռիեդոյի հետ էի գնացել։ Նա ասաց՝ ինձ թւում է՝ հէնց սա է դեսպանը, երբ գնում ես ու քո երկրի մասին պատմում ես հէնց արւեստով։
Մեր թատերական ներկայացումից ելնելով՝ ասում էին՝ ինչ բարձր մակարդակի վրայ է այդ երկիրը։ Մենք փայլուն մշակութային դեսպանութիւն արեցինք։
Panorama.am - Փաստօրէն, այսօր կարիք կայ տարբեր ներկայացումներով, նաեւ արւեստի այլ ճիւղերով, մեր պատմութիւնը, ճիշտ պատմութիւնը ներկայացնենք դրսում։
Նարինէ Գրիգորեան - Անպայման։ Ես, օրինակ, չեմ կարող քաղաքական դաշտում ոչինչ անել, բայց ես իմ դաշտում իմ քաղաքականութիւնն եմ անում։ Արդէն այլ փառատօների հրաէրներ եմ ստացել։
Նոյն «Գոմէշ» ներկայացումը։ Ցուցադրութիւնից յետոյ քննարկում էր, տեսնէիք, թէ հայ մշակոյթի հանդէպ ինչպիսի վերաբերմունք էր, տպաւորութիւնն էր՝ այս ազգը պէտք է ապրի, որովհետեւ նման մշակոյթ ունի։
Մենք էլ մեր դիւանագիտութիւնը պէտք է անենք աւելի ակտիւ։
Գիտէք, ինչն է տխուր, որ հիմա ամբողջ աշխարհն է քաղաքականացւած, խօսում են միայն քաղաքականութիւնից։ Հիւրանոցում մարդիկ երբ իմանում էին հայ էինք, հարցնում էին՝ ձեր երկիրը ո՞նց է վերաբերում Ուկրայինայի պատերազին, ինչո՞ւ ձեր երկիրը թոյլ տւեց Փելոսիին գալ, ինչո՞ւ ձեր երկիրը...
Նախկինը չէ աշխարհը, հիմա աւելի քան պէտք է մշակոյթով մեր քաղաքականութիւնը տանենք, իմանան, որ այս ազգը շատ բարձր մշակոյթ ունի ու ապրող ազգ է։
Panorama.am - Ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայում։
Նարինէ Գրիգորեան - Հոկտեմբերի 23-ին մեկնելու եմ Մոսկւա։ Չեխովեան փառատօնի մամուլի ասուլիսն է լինելու, փառատօնի շրջանակում ներկայացնելու եմ փառատօնի հետ համատեղ նախագիծը։ Մոսկւայի Տագանկա թատրոնում բեմադրում եմ Իւան Տուրգենեւի «Մումու» ստեղծագործութիւնը ռուսական թատրոնի դերասանների մասնակցութեամբ։ Չեխովեան փառատօնի նախաձեռնութիւնն է, որ հայ բեմադրիչը Մոսկւայի Տագանկա թատրոնում բեմադրութիւն անի։ Ասուլիսից բացի, մի քանի օր փորձեր ենք անելու։ Պրեմիերան կը լինի Չեխովեան փառատօնի ընթացքում մայիսին։
Panorama.am - Ձեր թատրոնում ինչ նորութիւններ ունէ՞ք։
Նարինէ Գրիգորեան - Այս տարի ունէինք 5 պրեմիերա, տարբեր բեմադրիչներ են աշխատել։ Առաջիկայում՝ հոկտեմբերի 24-ին, 25-ին Ռուսաստանից եկած բեմադրիչ Իլեա Մոշչիսկիի «Երեք գոյն. Ծիրանագոյն» ներկայացումն է։ Երեք գոյնը՝ դրօշի գոյները նկատի ունենալով։
Panorama.am - Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։