Հա

Մշակոյթ

17/10/2022 - 14:40

Շուրջ 2 ժամ տեւող ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից

Կրկին «Արարատ»-ում, միայն այս անգամ մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում ու միայն մէկ օր՝ հոկտեմբերի 21-ին, հանդիսատեսը առիթ կունենայ վայելելու սիրւած դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսեանի հերթական մոնոներկայացումը: Բայց մինչ Թեհրանում նրա ներկայացումը, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում հոկտեմբերի 19-ին կը ներկայացւի Վարդան Պետրոսեանի «Խոստում»-ը: Այսինքն՝ անւանի դերասանը նախ հանդէս կը գայ Նոր Ջուղայում, ապա Թեհրանում:

 

Անւանի դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսեանի «Խոստում» մենաներկայացումը՝ Թեհրանում եւ Նոր Ջուղայում

 

Կրկին «Արարատ»-ում, միայն այս անգամ մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում ու միայն մէկ օր՝ հոկտեմբերի 21-ին, հանդիսատեսը առիթ կունենայ վայելելու սիրւած դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսեանի հերթական մոնոներկայացումը: Բայց մինչ Թեհրանում նրա ներկայացումը, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում հոկտեմբերի 19-ին կը ներկայացւի Վարդան Պետրոսեանի «Խոստում»-ը: Այսինքն՝ անւանի դերասանը նախ հանդէս կը գայ Նոր Ջուղայում, ապա Թեհրանում:

Տաղանդաւոր դերասանի ներկայացումը հերթական անգամ առիթ է՝ ըմբոշխնելու եւ վերապրելու ժամանակի տիրող իրականութեան վայրիվերումները իր մատուցմամբ եւ իր սցենարական դիտակէտից:

«Այն ստեղծւեց շատ արագ, ճեպանկարի պէս, անցեալ տարի ամռան վերջին»,- հեռահար կազմակերպւած զրոյցի ընթացքում նշում է Վարդան Պետրոսեանը: Դերասանը ինչպէս միշտ այս անգամ եւս ճկուն եւ արհեստավարժ բեմական իւրօրինակ արւեստով է ներկայացնում ժամանակին յարիր բարքերը՝ ինչպէս ինքն է ասում՝ այն մեր մասին է, մեր կեանքն է, մեր խնդիրները, մեր հոգսերն ու ցաւերը: Դերասանն իրեն յատուկ երգիծանքով ծաղրում է իրավիճակն ու փորձում մի «դրական» կողմ գտնել: Նա անընդմէջ երկխօսութեան մէջ է հանդիսատեսի հետ, որի հոգսերին ու ցաւերին միահիւսւած է բեմադրութեան հիմնական շեշտադրումը: Ինչպէս միշտ նրա սցենարների հիմնական թեման խնդիրների, հոգսերի ու ցաւերի արծարծման հետ միաժամանակ ծիծաղելի ու շատ յուզիչ իրավիճակներով մարդկանց յոյսի ու հաւատի ներշնչումն է: «Շօշափում եմ ինձ շատ լուրջ թւացող խնդիրներ, մարդկանց յոյս տալիս, հաւատ ներշնչում»,- ասում է դերասանը եւ յաւելում, որ այսօր ամէն մէկը խօսում է ամէն ինչի մասին, եւ սա, նրա կարծիքով, մեր ամենամեծ խնդիրներից մէկն է: «Կարծիքների առատութիւնից ամէն ինչ խառնւել է, ոչ ոք ոչինչ չի հասկանում: Խառնւել են կարեւորն ու անկարեւորը, առաջնայինն ու երկրորդականը: Իսկ կարծիքների հակասութիւնների եւ փոխադարձ թշնամանքի ու թոյնի պատճառով որեւէ միտք չի հասնում հասցէատիրոջը: Այն յօշոտւում է տեղում, սոցցանցերի մեկնաբանութիւններով»,- ասում է Վարդանը: Նրա կարծիքով նման պարագայում պէտք է խօսել քիչ, բանիմաց եւ միայն անհրաժեշտութեան դէպքում, ճիշտ հաշւարկելով նախապէս, թէ խօսքդ որքանով օգուտ կը տայ մարդկանց ու գործին, յիշեցնելով Աստւածաշնչեան իմաստնութիւնը՝ «Կայ գործելու ժամանակը եւ կայ լռելու ժամանակը»:

Կարճ ժամանակ է, ինչ բեմ է բարձրացել մոնոներկայացումը, բայց նրա յաղթարշաւը սկսւած է ու մեծ հետաքրքրութիւն վայելելով շարունակում է գրաւել բեմեր ու հանդիսատեսին ապրեցնում է ժամանակի խճուղիներում տիրող իրականութիւններով: Հարցին թէ՝ ներկայացումը ինչպիսի՞ ընդառաջման է արժանացել, Վարդանը ոգեւորութեամբ նշեց, որ բեմադրութիւնը զարմանալիօրէն երկար կեանք ունեցաւ «Ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում պահանջը այնքան մեծ էր, որ հրաւէրների առատութեան պատճառով նկարահանումը դեռ չենք տեղադրել համացանցում»,- ասաց նա:

Երբ զրոյցը Վարդանի հետ աւարտւեց, մեծ հետաքրքրութիւն առաջացաւ ծանօթանալ «Խոստում»-ի մանրամասներին, փորձեցի անյագուրդ հետաքրքրութիւնս յագեցնել մինչ «Արարատ»-ում կենդանի ներկայացման դիտումը եւ սոցցանցում գտայ հետաքրքիր վերլուծութիւն բեմադրութեան մասին, որն էլ կիսում եմ ընթերցողների հետ, ներկայացնելով դրանից մի հատւած որպէս հակիրճ ծանուցում նաեւ:

«Շուրջ 2 ժամ տեւող ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից՝ կորոնավիրուս, պատերազմ, նախկիններ, ներկաներ, լեզու, մշակոյթ, կրօն, պատմութիւն։ Դերասանը կոդաւորում է իր խօսքը, ապա մեկնում հանդիսատեսին, դիցուք՝ 3 նախագահների ու ներկայիս վարչապետի անունները, որոնք հակառակ կարդալու դէպքում խորը ու տիպական իմաստներով են ի ցոյց դնում տւեալ մարդուն, օրինակ՝ Լեւոն-նովէլ, Ռոբ-բոռ, Սերժ-ժրես, Նիկոլ-Լոկին, որը սկանդինաւեան դիցաբանութեան մէջ ստախօսութեան աստւածն է եւ որը վերջում կործանում է տիեզերքը։

Մի իրավիճակ, որի առաջ կանգնել է մեր երկիրը պատերազմից յետոյ, իսկ «ժողովուրդն այս քաղաքական ապատիայի մէջ զբաղւած է քաղաքական կանխատեսումներով, ընդորում՝ սխալ կանխատեսումներով,- բեմից բարձրաձայնում է դերասանը»...

....Դերասանը բեմից ահազանգ է հնչեցնում, արթնութեան կոչ․ մենք կորցրել ենք վտանգի զգացողութիւնը, այն ժամանակ, երբ թուրքը մտնում է Սիւնիք, մենք տիեզերական մարմինների, գոյքահարկի մասին որոշումներ ենք ընդունում, թուրքը մօտենում է Երասխին, մենք հեծանւավազքով զարկ ենք տալիս ճանապարհաշինութեանը։ Սգում ենք պատերազմում զոհւած մեր տղաների կորուստը, բայց մոռացութեան մատնում եւ դրանով էլի կորցնում այն տղաներին, որոնք պատերազմից ողջ են վերադարձել։ «Ինչո՞ւ մեզ այդպէս շուտ համոզեցին, որ պարտւել ենք․․․»,- հարցնում է դերասանը արցունքը ծիծաղի հետ կուլ տւող հանդիսատեսին»:

Դէ ինչ սիրելի ընթերցողներ, կարծում եմ հետաքրքրութիւն առաջացրեց թէ՛ Վարդան Պետրոսեանի այցը, եւ թէ՛ նրա հերթական մոնոներկայացումը՝ «Խոստում»-ը: Այցելենք եւ ըմբոշխնենք մեծ արւեստագէտի ներկայացումը:

«Շատ անհամբեր եմ եւ յուզւած, շատ երկար չեմ եղել ձեզ մօտ: Այս ընթացքում շատ ջրեր հոսեցին, գնացին: Ինձ կը տեսնէք մի քիչ արդէն տարիքս առած, բայց նոյն բեմի խենթին...»,- վերջում ասում է Վարդան Պետրոսեանը:

 

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։