Հա

Մշակոյթ

01/11/2022 - 13:40

«Արշալոյսի լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն ֆիլմը Երեւանում կը բարձրանայ կինոէկրան

ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակույթի եւ սպորտի նախարարութեան եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ նկարահանւած «Արշալոյսի լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի եւ Լիտւայի համատեղ արտադրութիւն է (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Իննա Սահակեանն է, պրոդիւսերներ` Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ:

«alikonline.ir» - ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակույթի եւ սպորտի նախարարութեան եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ նկարահանւած «Արշալոյսի լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի եւ Լիտւայի համատեղ արտադրութիւն է (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Իննա Սահակեանն է, պրոդիւսերներ` Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ:

Ըստ Panorama.am-ի՝ ԿԳՄՍ նախարարութիւնից յայտնում են՝ նոյեմբերի 3-ից «Արշալոյսի լուսաբացը» ֆիլմը Երեւանում կը բարձրանայ կինոէկրան։

Ֆիլմը ստեղծւել է «Զօրեան» ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիւի հիման վրայ:

«Արշալոյսի լուսաբացը» ֆիլմը վաւերագրում է Արշալոյս Մարտիկեանի (Աւրորա Մարդիգանեան) կեանքի ոդիսականը՝ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զօրավար Անդրանիկի եւ «Մերձաւոր Արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէի» օգնութեամբ փրկութիւն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնւել եւ օգտագործւել են 1919 թւականին Հոլիվուդում նկարահանւած «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատւածներ, որտեղ Արշալոյսը մարմնաւորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասոյթն ուղղել Ցեղասպանութեան հետեւանքով որբացած հայ մանուկների փրկութեանը: Ֆիլմը դառնում է «Մերձաւոր Արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէի» բարեգործական արշաւի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հաւաքում է աւելի քան 116 մլն դոլար, ինչի արդիւնքում աւելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալոյսի լուսաբացը» ֆիլմը հիմնւած է իրական մարդու իրական պատմութեան վրայ, միեւնոյն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վաւերագրական հարցազրոյցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանւած կտորների, արխիւային նիւթերի եւ անիմացիոն գեղագիտական լուծումների համադրութիւնն է:

«Արշալոյսի լուսաբացը» ֆիլմը նպատակ ունի խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին միջազգային հանրութեանը հասանելի լեզւով, որի վառ ապացոյցն է միջազգային հեղինակաւոր կինոփառատօններում ֆիլմի ընդգրկւածութիւնը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ԱՆՍԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատօնի մրցութային ծրագրում (Annecy International Animation Film Festival): Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի միջազգային մրցութային ծրագրում տեղի է ունեցել ֆիլմի հայաստանեան պրեմիերան՝ արժանանալով «Արծաթէ ծիրան» մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից «Արշալոյսի լուսաբացը» ֆիլմը ներկայացւել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխութեանը՝ «Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ» անւանակարգում: Ֆիլմն ընդգրկւել է նաեւ «FilmFest Hamburg» կինոփառատօնի «Կալէյդասկոպ» մրցութային ծրագրում եւ «DocLisboa» փառատօնի «Երկրից լուսին» ծրագրում:

Լոս Անջելրսի «Animation Is Film» կինոփառատօնի մրցութային ծրագրում տեղի է ունեցել «Արշալոյսի լուսաբացը» ֆիլմի ամերիկեան պրեմիերան: Բացի դրանից՝ ֆիլմն ընդգրկւել է վաւերագրական ֆիլմերի «IDFA» Ամստերդամի վաւերագրական ֆիլմերի միջազգային փառատօնի «Best of Fests» բաժնում, ներկայացւել է «Asia Pacific Screen Award» (APSA) («Ասիա-խաղաղովկիանոսեան էկրանաւորման» մրցանակաբաշխութիւն)՝ «Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» անւանակարգում: Նշենք, որ ֆիլմն ընդգրկւել է նաեւ Թալինի միջազգային կինոփառատօնի (Tallinn Black Nights Film Festival) Բալթեան մրցութային ծրագրում, ինչպէս նաեւ եւրոպական Arte հեռուստաալիքի (Ֆրանսիա, Գերմանիա) «Գրանդ Ֆորմատ» եզակի 90 րոպէ տեւողութեամբ գեղագիտական վաւերագրական ֆիլմերի ծրագրում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։