Հա

Մշակոյթ

07/11/2022 - 11:20

«Ապակէ գազանանոց»-ի թափանցիկ զարկերակը եւ մեր կաթւածահար բեմը

Երկար ժամանակ էր, ինչ որեւէ թատերական ներկայացում չէի լուսանկարել: Պարզապէս պատմութիւնն աւելի հետաքրքիր է դառնում, երբ ինքդ ես որոշում դրւագը քո անկիւնից ֆիքսել, կամ, երբ դերասաններն ամէն ինչով՝ լոյսով ու հագուկապով պատրաստ են դիմանկարւելու՝ համապատասխան միմիկայով ու քեզ մնում է միայն ծամած պատառը կուլ տալ: Իսկ սա չէր ստացւի, եթէ ներկայացման փորձերից մէկին ներկայ լինելու առիթը չլինէր:

Լուսանկարներ՝ «Սիփանի թատրոնի տան»-ը սպասւող ներկայացման փորձերից

 

Հատիս - Երկար ժամանակ էր, ինչ որեւէ թատերական ներկայացում չէի լուսանկարել: Պարզապէս պատմութիւնն աւելի հետաքրքիր է դառնում, երբ ինքդ ես որոշում դրւագը քո անկիւնից ֆիքսել, կամ, երբ դերասաններն ամէն ինչով՝ լոյսով ու հագուկապով պատրաստ են դիմանկարւելու՝ համապատասխան միմիկայով ու քեզ մնում է միայն ծամած պատառը կուլ տալ: Իսկ սա չէր ստացւի, եթէ ներկայացման փորձերից մէկին ներկայ լինելու առիթը չլինէր:

Սա նախաբանի փոխարէն էր, որ միանգամից բացայայտեմ՝ Բիայնա Մահմուդեանի բեմադրութեամբ սպասւող ներկայացման մասին:

Ներկայացումը բեմականացւելու է Էրւին Գալստեանի, Անի Զաքարեանի, Սարբէ Օհանեանի, եւ հէնց իր՝ Բիայնայի դերակատարութեամբ: Իսկ Բիայնան ու Էրւինը արդէն իսկ իրանական բեմարւեստում համարւում են յայտնիների ցուցակում:

 Խմբի փորձերին ներկայ լինելու պահին, երբ Բիայնան տւեց Թենեսի Վիլիամզի անունը, հաճոյքով նորից ու նորից թերթոտել սկսեցի Վիլ եւ Արւիլ Դորանթների (Վիլ Դորանթը եւ իր կեանքի ընկեր՝ Արւիլը) «Մեկնաբանութիւններ կեանքի մասին» հատորը (քսաներորդ դարի գրականութեան աստղաբոյլը), որի միջոցով առաջին անգամ ծանօթացել էի Թենեսի Վիլիամզ երեւոյթին: Նշեմ նաեւ, որ առանձնապէս չկարողացաւ հետաքրքրել «Ապակէ գազանանոց»-ը, սակայն, երբ այն քեզ համար պատմելու լինեն Դորանթները, ապա չես կարող անտարբեր անցնել կողքով: Ու այդպէս էլ լոյսը դանդաղ է բացւում ու օր դառնում վերեւում:

Իսկ այժմ այն մասին, թէ ինչի շուրջ է կառուցելու Բիայնա Մահմուդեանն իր պատմութիւնը: Յատկանշական է, որ ներկայացումը խաղարկւելու է երկու գիշեր, նոյեմբերի 10-ին եւ 11-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Իհարկէ սա գովազդ չէր...

Թենեսի Վիլիամզի «Ապակէ գազանանոցը» թատերգութիւնը պատմում է երեք հոգանոց մի ընտանիքի խնդիրների ու հիասթափութիւնների մասին, որը շարունակում է ապրել ամերիկեան արդիւնաբերական ու թափով քաղաքայնացւող ժամանակաշրջանում: Թենեսի Վիլիամզը պատմութիւնը ընտանիքի տղայի լեզւով է պատմում, ում կերպարը, քննադատների ու մի շարք այլ գրողների կարծիքով, խորհրդանշում է հէնց հեղինակին՝ Թենեսի Վիլիամզին:

«Ապակէ գազանանոց»-ը առաջին անգամ հրատարակւել է 1945 թւականին եւ նոյն տարում արժանացել՝ Նիւ Եօրքի «Քննադատների շրջանակ»-ի մրցանակին։

Ամերիկեան չքաւոր ընտանիքում Թոմն (Էրւին Գալստեան) ու Լաուրան (Բիայնա Մահմուդեան) քոյր ու եղբայր են եւ ապրում են իրենց մօր՝ Ամանդայի (Անի Զաքարեան) հետ նոյն տանը։ Ընտանիքի հայրը, կարծես այնքան էլ կապւածութիւն չի զգացել ընտանեկան կեանքի ու պարտականութիւնների հետ, եւ կնոջն ու երեխաներին միայնակ թողնելով անհետացել է ժամանակին:

Պիէսի հիմքում ընտանիքի մօր՝ Ամանդայի եւ նրա հաշմանդամութիւն ունեցող դստեր ու որդու՝ Թոմի կեանքն է։ Մի օր էլ մայր ու աղջիկ միասին ընթրելիս, Ամանդան փորձում է համոզել իր դստերը՝ Լաուրային, որ նա պէտք է յոյսը դնի իր տեսքի ու հմայչութեան վրայ, որ կարողանայ կեանքի ընկեր գտնել, չնայած Լաուրան երբեք չի մտածել այդ մասին իր հաշմութեան բերումով: Նա մի աղջիկ է, ում մի ոտքը (Թենեսի Վիլիամզի ներկայացրած պատմութեան մէջ) միւսից կարճ է: Այս իրավիճակն այնքան խորացած է նրա գլխում, որ նրանից խլել է հասարակութեան հետ շփւելու ողջ քաջութիւնը, դարձնելով թերարժէքութեան բարդոյթ։

Նա, շրջապատի հետ շփւելու փոխարէն հաւաքել է սկսում կենդանիների փոքրիկ ապակեայ արձանիկներ եւ տան իր հատւածում ապակէ շրջանակ է ստեղծում ու շփւում է միայն նրանց հետ:

Լաուրան՝ ընտանիքի միակ աղջիկը, թերեւս միակ մարդն է, ում համար այլեւս երազանքներ չեն մնացել։

Այստեղ Բիայնա Մահմուդեանը, իր ձեռագիրն ու լուծումներն է ներարկել ներկայացման մէջ, որի մասին առայժմ արժէ լռել, բացայայտման հաճոյքը թողնելով դահլիճին:

 Ընտանիքում իւրաքանչիւրն ապրում է իր երեւակայութիւններով ու յոյզերով: Մայրը այլ բան չունի անելու, քան գովաբանել իր անցեալի հմայքն ու գերելու յաջողութիւնները: Նա 50 տարեկան է արդէն, բայց դեռ յիշում է 17 տարեկանում իր արկածների ու հմայքի մասին, յատկապէս, երբ տղաները նրա հետ ընկերանալու համար հալ ու մաշ էին լինում: Իսկ տղան միայն տարւած է պոէզիայով, կինոյում ֆիլմեր դիտելու, եւ իր աշխատանքի մասին շարունակ դժգոհելով։ Նրա երազանքը՝ կօշկակարութիւնը թողնելն ու յանուն մեծ գրող դառնալու այդտեղից հեռանալն է:

Մի օր էլ մայրը, ով անհանգստացած է դստեր միայնակութեան համար, խնդրում է որդուն, որ իր արհեստանոցից, որտեղ աշխատում է, գործընկերներից մէկին տուն հրաւիրի միասին ճաշելու, որպէսզի նա կարողանայ ամուսին գտնի իր աղջկան։ Թոմը դժկամութեամբ ընդունում է մօր խնդրանքը եւ ընթրիքի է հրաւիրում իր գործընկերներից մէկին՝ Ջիմին (Սարբէ Օհանեան)։

Կենսուրախ երիտասարդը, ով լի է կեանքի ոգեւորութեամբ ու յոյսով, մի քանի րոպէ միայնակ է անցկացնում Լաուրայի հետ եւ զրոյցի ընթացքում նրան յաջողւում է բարձրացնել Լաուրայի ինքնավստահութիւնը եւ դէն նետել իրեն փակած մտքերը։

«Ապակէ գազանանոցը»-ն Թենեսի Վիլիամզին դարձրեց յետպատերազմեան կարեւորագոյն դրամատուրգը։ Այս թատերգութեան կարեւորութիւնը, որպէս համամարդկային արժէք ներկայացնող արւեստի գործ, կայանում է հեղինակի ստեղծած կերպարների տեսլականի ու ժամանակի չափորոշիչների ու նրանց միջեւ ընկած տարածութիւնը բացայայտելու մէջ, որը հաւասարակշռւած ու պոէտական նրբազգացութեամբ նստւածք է թողնում ընթերցողի ենթագիտակցութեան պաստառի վրայ:

Լուրջ թատրոնին լուրջ մօտեցում, կամ աւելի ճիշտ թատերական մօտեցում լուրջ թեմաների նկատմամբ հասկացութիւնը, ցաւօք, որոշ ժամանակ իր տեղի զիջել է անգործութեան ու պարապ թողնւած բեմերին, որտեղ նոյնիսկ ժամանակի փոշին է իրեն զգացնել տալիս: Ժամանակակից թատրոնում բեմը միահիւսւած է տեխնիկայի, ակուստիկայի, եւ յատկապէս լոյսի ու լուսաւորումն ապահովող հնարաւորութիւնների հետ: Իսկ դրանց պակասն ու չլինելը, եւ բնականաբար միզանսէնային գեղեցկութիւնից հրաժարւելն ու բացը, հանդիսատեսը կարող է դնել բեմադրողի, իսկ բեմադրողը՝ չար բախտի հաշւին:

Այնպէս, որ մեր թատրոնին այսօր լոյս է պէտք, որպէսզի լուսաւոր մնայ անցեալի հաշւին հպարտացող ապագան: Լոյս, ինչի բանալին այս անգամ միացւում է Բիայնայի ու իրենց ընկերակցած դերակատարների ձեռամբ:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։