Հա

Մշակոյթ

08/11/2022 - 13:00

Ուզում եմ Արցախը գունաւոր ներկայացնել, միւսներն էլ թող այդպէս յիշեն

Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պէտք: Շատերը կարծում են, թէ Ղարաբաղը Ստեփանակերտն է, եւս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ: «Ապառաժ»-ի հետ զրոյցում ասում է լուսանկարիչ Սեւակ Ասրեանը: Արցախի օկուպացւած տարածքներում արւած նրա լուսանկարները ցուցադրւելու են 44-օրեայ պատերազմի երկրորդ տարելիցին նւիրւած «Յիշողութեան ուժը» ցուցահանդէսին:

«alikonline.ir» - Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պէտք: Շատերը կարծում են, թէ Ղարաբաղը Ստեփանակերտն է, եւս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ: «Ապառաժ»-ի հետ զրոյցում ասում է լուսանկարիչ Սեւակ Ասրեանը: Արցախի օկուպացւած տարածքներում արւած նրա լուսանկարները ցուցադրւելու են 44-օրեայ պատերազմի երկրորդ տարելիցին նւիրւած «Յիշողութեան ուժը» ցուցահանդէսին:

Իր գործունէութեան ընթացքում ցուցահանդէս կազմակերպելու շատ առաջարկներ է ստացել Սեւակը, բայց չի սիրում, որ շեշտը դնում են վաճառքի, Երեւանում կամ այլ վայրերում ցուցահանդէս կազմակերպելու վրայ. «Դա չի նշանակում, թէ դէմ եմ վաճառքին։ Բոլորն էլ գիտեն, որ եթէ իմ նկարները վաճառում եմ, ապա թանկ եմ վաճառում: Արցախի անւան տակ նկարներ եմ դնում, ու մի քիչ դաւաճանութիւն կը լինէր, որ առաջին ցուցահանդէսն անէի ուրիշ տեղ: Ու արդէն որոշել էի ցուցահանդէսն ինքս իմ ուժերով անել»: Յետոյ Յակոբավանքի վերականգնման նախագծով սկսեցի համագործակցել «ՌէԱրմենիա» հարթակի հետ, որտեղ էլ առաջարկում են կազմակերպել ցուցահանդէս: «Սկսեցի մտածել ձեւաչափի մասին: Կամաց-կամաց հաւաքեցի արւած լուսանկարները, մտածեցի խորագրի մասին, սկզբում «Կորսւած յոյս» էի ուզում անւանել, բայց ընկերներիցս մէկը համոզեց, որ ուրիշ բան մտածենք: «Յիշողութեան ուժը» դուրները եկաւ»,- նշում է նա:

Պէտք է ընտրւէր 44 նկար: Տարիներ շարունակ Արցախի տարբեր վայրերը լուսանկարչական օբիեկտիւում անմահացրած Սեւակը մեծ արխիւ ունի, եւ այդ պատճառով շատ դժւար էր ընտրութիւն կատարելը. «Սկզբից մօտ 500 նկար ընտրել, յետոյ՝ 200, այնուհետեւ՝ 120, դրանից յետոյ տւել եմ կազմակերպիչներին՝ ասելով այլեւս չեմ կարողանում, դուք ընտրէք»:

«Իմ նկարներում, ցուցահանդէսում մարդ, արիւն, պատերազմ չէք տեսնելու: Ես ուզում եմ Արցախը գունաւոր ներկայացնել, միւսներն էլ թող այդպէս յիշեն: Մեր կորցրած տարածքները սեւ չպիտի յիշւեն, ատում եմ, երբ Ղարաբաղը սեւ-սպիտակ եմ տեսնում: Ուրախ կը լինեմ, որ անծանօթ մարդը, տեսնելով այս լուսանկարները, ցանկանայ լինել այդ վայրերում: Մարդ կարող է տխրել, յուզւել, հիասթափւել լուսանկարները դիտելով, բայց դրանք լուսաւոր պէտք է լինեն»,- ասում է Սեւակը:

Լուսանկարելու սէրը նա հօրից է ժառանգել, սակայն լուսանկարչութիւնը նա ոչ թէ մասնագիտութիւն է համարում, այլ հոգու ցանկութիւն:

«Առաջին ուսուցիչս հայրս էր, նա խորհրդային «Զենիթ Ե» (Зени́т-Е) ֆոտոապարատ ունէր: Ինքն էլ էր սիրում նկարել, բայց ընտանեկան տարբեր առիթների: Ես էլ սկսեցի հետաքրքրւել, եւ հայրս նրբութիւնները բացատրեց: Հետս տանում էի դպրոց, ընկերներիս, ընտանիքիս նկարում, մէկ-մէկ էլ բնութեան տեսարաններ, կենդանիներ»,- պատմում է Սեւակը:

Յետոյ սկսւեց Արցախեան շարժումը, պատերազմը: 17 տարեկանում կամաւորագրւեց պաշտպանութեան ուժերի շարքերում, հակաօդային պաշտպանութիւնում էր ծառայում, հետը պատերազմ տարաւ նաեւ լուսանկարչական ապարատը. «Անընդհատ նկարում էի, բայց չէի տպում: Այնպէս ստացւեց, որ այդ ժապաւէններից ոչ մէկը չունեմ, այն ժամանակ մի քիչ միամիտ էի, տալիս էի մարդկանց, որ իրենց նկարները հանեն, ու մնում էր իրենց մօտ: Վերջերս տղաներից մէկն ասաց, որ ժապաւէններից մէկն իր մօտ է»: Հիմա էլ առաջին պատերազմի նկարներ տեսնելիս մէկ-մէկ կասկածում է, որ հնարաւոր է՝ իր արած լուսանկարները լինեն: Դրանից յետոյ երկար տարիներ չի զբաղւել սիրած գործով: Ասում է՝ «ուրիշ խնդիրներ, ուրիշ ծառայութիւն»:

2012թ. ծառայութիւնից դուրս գալուց յետոյ Ուկրայինայի Օդեսա քաղաքն է այցելել: «Ամառային շրջան չէր, ողջ օրը պարապ էի, Օդեսայով էի շրջում ու որոշեցի մի ֆոտոխցիկ վերցնել: Սկսեցի նկարել, սովորել, ինչ-որ կայքերում էի դնում նկարածներս, ջղայնանում, որ շատ լայքեր չեն հաւաքում կամ քննադատական խօսքեր էին գրում: Որոշեցի մի քիչ խորանալ: Տարբեր տեսահոլովակներ նայելով՝ կամաց-կամաց սկսել եմ սովորել ու մինչեւ հիմա ամէն օր նոր բան եմ սովորում: Սովորեցի ու չգիտեմ՝ ինչու ստացւեց, սակայն մինչեւ հիմա ինձ լուսանկարիչ չեմ համարում»,- ասում է նա:

«Լեռնային» մականունն էլ կապւած է երիտասարդական դաշտում իր գործունէութեան հետ: 1996թ. հիմնադրեց Արցախում առաջին հասարակական կազմակերպութիւնը՝ «Արցախի երիտասարդների միութիւն»-ը: «Այն ժամանակ համագործակցում էի երեւանեան որոշ ՀԿ-ների, այդ թւում՝ հայ-շւէյցարական «Առագաստ» կոչւող ակումբի հետ: Երեւանում այդ ակումբում միշտ ասում էին «նագորնի բրատը եկաւ»: Ու այդպէս մականունս մնաց «նագորնի բրատ»: Սկզբում նկարներս, գրածներս չէի դնում, բարդոյթաւորւած էի այդ հարցերում եւ «Սերգէյ Նագորնի» անուն-ազգանունով էի ներկայանում: «Ֆէյսբուք»-ում էլ երկար ժամանակ այդ անունով էի: Մի անգամ տեսայ, որ այդ անուն-ազգանունով շատ մարդիկ կան, որից յետոյ «նագորնին» փոխեցի «լեռնայինի», այդպէս էլ մնաց մականունս: Ինձ համար էլ է այդ անունը հաճելի ու կապւած է Լեռնային Ղարաբաղի հետ»,- պատմում է Սեւակը:

Մարդկանց չի սիրում նկարել, կամ եթէ լուսանկարում է, ապա որպէս բնութեան մասնիկ: Արցախի բոլոր ծայրերում եղել է, բայց մի քանի կէտ առանձնայատուկ էր սիրում. այնտեղ հանգստանում էր, կտրւում առօրեայից: Դրանցից Վանքասարը մնացել է ադրբեջանական կողմում, միւս նախընտրած վայրերը՝ Յակոբավանքը եւ Մէյդանը, այժմ էլ պարբերաբար այցելում է:

«Մէյդանի ճանապարհը բարեկարգել են, բայց ես ուրախ չեմ դրա համար, որովհետեւ այցելուներն այդ տեղը աղբանոցի են վերածել, նոյնը՝ Այգեստանի ջրվէժի դէպքում: Շատ սիրուն վայրերի տեղ գիտեմ, որոնց մասին չեմ պատմում, որովհետեւ գիտեմ՝ մարդիկ անտառը կտրելու են, ճանապարհ բացեն, վերջում տեսնենք շշեր, պլաստիկէ տոպրակներ: Մինչեւ դա չփոխենք մեր մէջ, մինչեւ չհասկանանք, որ ճանապարհին չպիտի աղբ շպրտես, ոչինչ չի փոխւի»,- կարծում է Սեւակը:

Սեւակը ցուցադրում է Վանքասարի լուսանկարները, որոնք արել է տարբեր եղանակային պայմաններում, յետոյ յատուկ ռակուրսից արւած Կանաչ Ժամը. «Կեանքում չէի մտածի, որ Կանաչ Ժամի այս լուսանկարը այսքան թանկ կը լինի՝ ոչ նիւթական առումով: Կաւանավանքի այս նկարն էլ ոչ ոք չի նկարելու, որովհետեւ վերջին պատերազմի ժամանակ կիսաւեր շէնքը լրիւութեամբ քանդւել է: Լուսանկարն արւել է օգոստոսի վերջին»:

«Բնութիւնն ամէն վայրկեան փոխւում է: Շատ դէպքեր են եղել, որ պատրաստւում էինք մի քանի օրով գնալ որեւէ տեղ, հասնում էինք գագաթին, մառախուղ էր պատում, կամ անձրեւ էր սկսւում: Օրինակ՝ մեծ դժւարութեամբ բարձրացել եմ Կատարոյ, գիշերը անքուն մնացել, անընդհատ արթնանում էի ու ստուգում՝ արդեօ՞ք երկինքը բացւել է: Արդիւնքում ընդամէնը մի կադր եմ արել: Այդ պատճառով իւրաքանչիւր նկար ինձ համար թանկարժէք է»,- ասում է նա:

Նրա խօսքով՝ վատ բնաւորութիւն ունենք, մեզ թւում է, թէ միայն մենք ունենք այսպիսի բնութիւն, «փոքրիկ Շւէյցարիա» ենք անւանում Արցախը: Շահեն Մկրտչեանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական յուշարձանները» գրքում 1000-ից աւելի կոթողներ կան նշւած, շատերը 4-5-ը գիտեն կամ ամէն մէկը իր գիւղի եկեղեցու մասին: Այս փաստից վատ եմ զգում: Մենք այնքան ենք մեզ թերագնահատում, որ հազարաւոր տարւայ եկեղեցիները թողած այստեղ-այնտեղ խաչ ենք տնկում: 4-րդ դարի եկեղեցիների կողքին երկաթի կտոր ենք դնում ու ասում՝ մենք քրիստոնեայ ենք:

Ի տարբերութիւն առաջին պատերազմի՝ 44-օրեայի ժամանակ քիչ է նկարել. հիմնականում իր մեքենայով լրագրողների էր տեղափոխում կամ ինչ-որ ապրանքներ տեղ հասցնում. «Մարտունի քաղաքում հոկտեմբերի մէկի դէպքերի ժամանակ եմ նկարներ արել, երբ լրագրողների խմբի վրայ հարւածեցին: Ռմբակոծւած քաղաքն էլ եմ նկարել, բայց դրանք ոչ մէկին ցոյց չեմ տալիս, որովհետեւ ինձ համար ծանր յիշողութիւն է: Աւելի շատ աշխատել եմ որոշ լուսանկարիչների հետ, հետեւել նրանց աշխատանքներին»:

Բնաւորութեամբ անհանգիստ, անընդհատ պրպտող Սեւակը ծանօթների բնութագրմամբ՝ անյոյս լաւատես է. «Մարդիկ հիմա խօսում են ամէն ինչ կորցնելու մասին: Ասում եմ՝ մենք 70 տարի Ադրբեջանի կազմում ամէն ինչ կորցրած էինք: Եկեղեցիներն աւերում էին, օգտագործում որպէս ոչխար պահելու տեղ կամ քարերը քանդում ճանապարհ էին սարքում: 70 տարի յետոյ որոշել ենք միանալ ՀՀ-ին, փորձել ենք անկախանալ ու 30 տարի օգտւել ենք մէկը՝ ֆինանսական, միւսը՝ հոգեկան առումով: Անկախ հանրապետութիւնում ծնւած եւ մեծացածների համար երեւի աւելի դժւար է, քան թէ ինձ համար, որովհետեւ ես խորհրդային ժամանակներում էլ եմ ապրել: Այն ժամանակ երիտասարդ էինք ու կեանք, առողջութիւն ենք տւել, որ այս պահին հասնենք: Եւ միանգամից այսպիսի վիճակ: Իհարկէ, աւելի հեշտ է նստել եւ սուգ անել»:

Պատերազմից յետոյ Սեւակ Ասրեանին ոգեշնչում են մարդիկ: «Արցախի ամենամեծ հարստութիւնը ժողովուրդն է: Ինձ հարազատ մարդկանց մեծամասնութիւնն այստեղ է ապրում: Հինգ տարեկան երեխային դրսում տեսնելով՝ մտածում եմ, որ հէնց նրա համար պիտի այստեղ մնամ: Այնքան ընկերներ ունեմ, որ վերջին երկու տարւայ ընթացքում երեխաներ են ունեցել: Հայրենիքը հնարաւոր չէ հեռւից սիրել: Հայերս էլ սիրում ենք հասնել Կրասնոդար, Երեւան ու գրել՝ «վայ Արցա՜խս, հայրենի՜քս»: Մարդիկ հիմա շատ են քննարկում Ռուբէն Վարդանեանին: Ինձ համար էական չէ՝ ինքն ով է, ինչի համար է այստեղ եկել, բայց փաստն այն է, որ քաղաքով քայլելիս ես նրան կարող եմ հանդիպել, իսկ հայրենասիրութիւն քարոզող շատերին՝ ոչ: Շատ բան կայ ինձ այստեղ պահող: Բայց, ցաւօք, չեմ կարող ասել, թէ այստեղ աւելի լաւ է, քան այլ տեղ: Պատրաստ եմ ամէն տեղ գնալու, բայց մի տասը օր մնալ, յետոյ վերադառնալ: Այստեղ իմ ընկերութիւնն է, իմ շրջապատը: Ես բոլորի հետ էլ հեշտ եմ լեզու գտնում, սա է իմը»:

Ըստ նրա՝ պատերազմը հիմա էլ շարունակւում է, ուղղակի այլ մակարդակում: «Ընկերոջս զոհւելուց յետոյ՝ նոյեմբերի 10-ին, ստատուս եմ գրել, որ պատերազմը դեռ շարունակւում է: Այս չէզոք կարգավիճակը ոչ մէկին դուր չի գալիս, կամ այսպէս կը կտրւի, կամ այնպէս: Ես յոյս ունեմ, որ մեր օգտին է լինելու, որովհետեւ դա պատմականօրէն արդար է: Չգիտեմ ինչու այդպէս եմ մտածում: Թուրքերն էլ են շատ լաւ հասկանում, որ պատերազմը չի աւարտւել: Շուշիում մինչեւ հիմա մարդ չի ապրում: Որոշ ժամանակ առաջ մի նկար էր տարածւել, որտեղ հայ զինւորը հայկական դրօշի տակ վերեւից Շուշիին է նայում: Ադրբեջանցիները խենթացել էին, ասում էին բա ասում էք Շուշին անվտանգ է: Այդ նկարը հայաստանեան մեդիայում այնքան չի տարածւել, ինչքան ադրբեջանականում: Ես յոյս ունեմ, որ սա վերջը չէ: Չգիտեմ ինչու յուսով եմ, որ լաւ է լինելու»,- ասում է Սեւակը ու թերթում Արցախի աստղաշատ երկնքի պատկերներով լուսանկարչական ալբոմը:

 

Տաթեւիկ Աղաջանեան

Լուսանկարները՝ Սեւակ Ասրեանի ֆէյսբուքեան էջից

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։