Հա

Մշակոյթ

10/11/2022 - 11:00

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատօնն ամփոփւել է հանդիսաւոր արարողութեամբ․ յայտնի են յաղթողները

«Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատօնի յաղթող ֆիլմերը յայտարարւել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միութեան (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտօնական մրցանակաբաշխութեան ընթացքում։ 

«alikonline.ir» - «Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատօնի յաղթող ֆիլմերը յայտարարւել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միութեան (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտօնական մրցանակաբաշխութեան ընթացքում։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Վիւա-ՄՏՍ»-ից յայտնում են՝ փառատօնի մեկնարկին յաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լաւագոյն ֆիլմերի ցուցադրութիւններ էին տեղի ունենում։

«Արեւորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անւանակարգերի յաղթող ֆիլմերն ընտրւել են 17 երկրներից ստացւած 30 վաւերագրական, գեղարւեստական եւ անիմացիոն տպաւորիչ ու բազմազան պատումներից, որոնցից իւրաքանչիւրի առանցքում հանրութեանը մեր ժամանակների մեծագոյն արհաւիրքներից մէկի՝ կլիմայի փոփոխութեան մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակայ միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյութեանը։

Փառատօնի գլխաւոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխութեան մասին» անւանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառոյցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։

«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխութեան մասին» անւանակարգում յաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆէր Ջ․ Քարթէրի եւ Ռալի Ի․ Լէյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):

«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակայ միջավայրի մասին» անւանակարգում գլխաւոր մրցանակը ստացել է ռեժ․՝ Սոհէյլա Փուրմոհամմադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):

Մրցանակաբաշխութեան արարողութեանը ներկայ էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտէրը, ում յանձնւեց «Սառոյցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանութեան աջակցութեամբ կը փոխանցւի ռեժիսորին։ 

Ըստ դեսպան Ռիխտէրի. «Ի խնդիր ապագայ սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանութեան համար սահմանւած նպատակների իրագործմանն ուղղւած բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական «Into the Ice» ֆիլմն իր անւանակարգում գրաւել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպէս գլոբալ տաքացման ցուցիչ»։

«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը յաղթող ռեժիսորին փոխանցել յանձն առաւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան Մշակոյթի կենտրոնն ի դէմս տնօրէն Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի։

«Փառատօնի ընթացքում ցուցադրւեցին բազմաթիւ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխութեանը, ցոյց տալիս թէ՛ մարդկութեան կողմից դրական արդիւնք գրանցելու յաջողած փորձերը, թէ՛ աւելի կայուն ապագայի համար մղւով բարդ պայքարը, եւ թէ՛ բնապահպանութեան աւելի գորշ ու ծանր կողմը։

Շատերի համար, թերեւս, բաւականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով յիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողութիւնների մասին. շատ յաճախ մենք պարզապէս փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականութեան աւելի դրական ու բազմերանգ դրւագների վրայ։ Փառատօնում ցուցադրւող ֆիլմերը պարզապէս կինոարւեստի գործեր չեն, դրանք կարեւոր ուղերձ ունեն, եւ եթէ դրանք դառնում են շարժառիթ ձեր մէջ յուզական թէկուզ եւ չնչին արձագանգի, ապա իզուր չեն փառատօնը կազմակերպելու մեր ջանքերը»,- նշեց «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատօնի տնօրէն Սոնա Քալանթարեանը։

Կազմակերպիչներն ընդգծեցին, որ յաջորդ տարի «Արեւորդի»-ն փառատօնի հիմնադիր Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի (FPWC) 20-ամեակի շրջանակում նախատեսւած միջոցառումների կիզակէտը կը լինի՝ ընդարձակւած ծրագրով, նոր մրցանակներով եւ անւանակարգերով։

Հիմնադրամի տնօրէն Ռուբէն Խաչատրեանը յոյս յայտնեց, որ 12-րդ «Արեւորդի»-ն աւելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցութիւն կունենայ՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի եւ միջազգային հանրութեան բազմաթիւ ներկայացուցիչների։ «Փառատօնը կարող է նաեւ խաղաղութեան երկխօսութեան իւրատիպ հարթակ լինել, որտեղ կը քննարկւեն բոլորիս միաւորող եւ բոլորիս համար ընդհանուր շրջակայ միջավայրի առաւել հրատապ մարտահրաւէրներն ու դրանց հնարաւոր լուծումները», յաւելեց պարոն Խաչատրեանը։

Հանդիսաւոր արարողութեանը յաջորդեց «Սառոյցի միջով» ֆիլմի ցուցադրութիւնը։

«Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատօնի գործընկերներն են «Վիւա-ՄՏՍ»-ը, ԱՄՆ Անտառային ծառայութիւնը եւ Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։

«Արեւորդի» (SunChild) փառատօնի մասին՝

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատօնը 2007թ.-ին հիմնւել է Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռեւս միակն է Հարաւկովկասեան տարածաշրջանում։

Հիմնադրման պահից «Արեւորդի»-ն կամրջել է բնութեան պահպանութեան խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Այն էկօ-ոլորտի շուրջ երկխօսութեան, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարաւորութիւն ընձեռող հարթակ է։

2022թ. «Արեւորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատօնն նւիրւած էր Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մէկին՝ կլիմայի փոփոխութեանը: Փառատօնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացւած էին նաեւ ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ Նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրութիւններ են կազմակերպւում նաեւ ՀՀ տարբեր մարզերում։

2022թ. «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատօնի գործընկերներն են. «Վիւա-ՄՏՍ»-ը, ԱՄՆ Անտառային ծառայութիւնը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։