Հա

Մշակոյթ

12/11/2022 - 12:55

«Անգամ ընկած ժամանակ չպէտք է կորցնել արժանապատւութիւնը». Վարդան Պետրոսեան

«Սկիզբ» ինքնակենսագրական գրքում դերասան, սցենարիստ, նկարիչ Վարդան Պետրոսեանը պատմում է իր կալանաւորման, բանտարկութեան, դատավարութեան ընթացքի, բանտի ընկերների, լուսաւոր ու տխուր խոհերի, մտորումների մասին: Հեղինակը նաեւ անդրադառնում է համավարակի պատճառով ինքնամեկուսացման շրջանում Ֆրանսիայում անցկացրած օրերին եւ ծանր իրականութեան մասին խօսում փիլիսոփայօրէն, երբեմն՝ թախիծով, երբեմն էլ՝ հումորով:

«alikonline.ir» - «Սկիզբ» ինքնակենսագրական գրքում դերասան, սցենարիստ, նկարիչ Վարդան Պետրոսեանը պատմում է իր կալանաւորման, բանտարկութեան, դատավարութեան ընթացքի, բանտի ընկերների, լուսաւոր ու տխուր խոհերի, մտորումների մասին: Հեղինակը նաեւ անդրադառնում է համավարակի պատճառով ինքնամեկուսացման շրջանում Ֆրանսիայում անցկացրած օրերին եւ ծանր իրականութեան մասին խօսում փիլիսոփայօրէն, երբեմն՝ թախիծով, երբեմն էլ՝ հումորով:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ 2022-ի նոյեմբերին լրանում է գրքի հրատարակման մէկամեակը, ինչի առթիվ Վարդան Պետրոսեանը «Զանգակ» գրատանը հանդիպեց իր արւեստի երկրպագուների, ընթերցողների եւ լրագրողների հետ:

«Արւեստի ստեղծագործութիւնը մարդու մարմնի նման պէտք է լինի. այն պէտք է ունենայ երեւացող, շօշափելի, զգացմունքային մարմին եւ միտք: Շօշափելի մարմինն այն է, ինչ տեսնում ենք: Ես փորձել եմ գրել հնարաւորինս զւարճալի՝ յուշերի, օրագրի ձեւով: Չես հասկանում, թէ ինչ ոճ է: Մի պահ կարծեցի՝ ոճական հակասութիւն կայ գրւածքում, փորձեցի ուղղել, զգացի, որ անկեղծութիւնը կորում է: Գրքի զգացմունքային մասը զւարճալի է, տխուր, թախծոտ ապրումներ պարգեւող: Պատգամն այն է, որ անգամ ամենածանր կացութեան մէջ մարդը կարող է լոյսը տեսնել ու ապրել դրանով: Պատգամն այն է, որ մեզ դառնութիւնները տրւում են, որպէսզի յաղթահարենք դրանք: Եւ վերջապէս, պատգամն այն է, որ մթութեան մէջ, եթէ աչքդ բաց է, կարող ես տեսնել լաւ, լուսաւոր մարդկանց, մթութեան մէջ միշտ մի լոյսի կայծ առկայ է, այլ հարց է՝ մենք տեսնո՞ւմ ենք այն, թէ՞ ոչ»,- նշում է հեղինակը:

Համեմատելով իր կեանքը բանտում եւ այսօր՝ Վարդան Պետրոսեանը շեշտում է, որ հիմա ծով առատութիւն է, սակայն թէ՛ ինքը, թէ՛ այլք շատ աւելի դժբախտ են իրենց զգում եւ չեն տեսնում այն դրականը, որը կայ, իսկ բանտում զրկանքների մէջ ապրող մարդը նկատում է լուսաւոր մարդկանց, լուսաւոր յարաբերութիւնները, ամէն ինչում սէր է գտնում, մարդկայնութիւն:

Ըստ նրա՝ ցաւերը, տառապանքները տիեզերական բժշկի կողմից տրւող դեղամիջոց են՝ հոգեւոր հիւանդութիւններից բուժւելու համար:

«Այդպիսի ուժեղ ցաւը կարող է մարդու կեանքում տարբեր իմաստներով շրջադարձային դառնալ: Ինձ համար այդ շրջադարձը բացասական կը լինէր, եթէ ես, Աստծոյ զօրութեամբ, չկարողանայի յաղթահարել ցաւը. ո՛չ բեմ կը բարձրանայի, ո՛չ կը գրէի, ոչինչ չէի անի, հրաժեշտ կը տայի բոլորին, կը փակւէի իմ քարանձաւում: Բայց այլ կերպ ստացւեց»,-նշում է Վարդան Պետրոսեանը:

Նա կարծում է՝ ապրելը պարտականութիւն է, եւ հայ մարդը պարտաւոր է ապրել: «Ես այսօր ապրում եմ որպէս պարտականութիւն, սակայն իմ կեանքը դժբախտ չեմ ապրում: Ամենամեծ պարտականութիւն ունեցող էակը մայրն է. ինչպէ՞ս է նա ապրում յանուն երեխաների, ընտանիքի: Բոլորը հիւանդանում են, իսկ նա՝ ոչ, որովհետեւ պարտականութիւն ունի, պարտաւոր է ապրել: Աստւածային սիրոյ փոքր մոդելը մայրական սէրն է՝ անձնազոհ, անշահախնդիր: Մենք պէտք է հասկանանք, որ պարտքի զգացում ունենք մեր երեխաների, մեր հողի հանդէպ, եւ այս դառնութիւնները, որոնք հազարապատիկ են, քան այն դառնութիւնները, որոնք կային բանտում, պարտաւոր ենք յաղթահարել»,- ընդգծում է արտիստը:

Վարդան Պետրոսեանի համոզմամբ՝ մարդկանց մէջ պէտք է սէր ծնել. սէր դժւարութեան նկատմամբ, սիրել անգամ այն մարդուն, որը քեզ հետ համակարծիք չէ:

Նրա խօսքով՝ յատկապէս այսօր սիրոյ պակաս կայ. մարդիկ ատում են միմեանց,  թունաւորում են միմեանց կեանքը, սարսափելի միջավայր ու մթնոլորտ ստեղծում, որտեղ ոչ մի լաւ բան չի ծնւում, եւ այդ մթնոլորտը հնարաւոր է փոխել միայն սիրով ու հանդուրժողականութեամբ, պէտք է փորձել հասկանալ դիմացինի վիրաւոր հոգին:

«Գրքում ընկած մարդու մասին դրւագ կայ. ասում եմ՝ անգամ ընկած ժամանակ չպէտք է կորցնել արժանապատւութիւնը: Երբեմն ընկած մարդը կարող է առաւել արժանապատիւ լինել,  քան այն մարդը, որը կանգուն է, բայց ինչպէ՞ս է հնարաւոր նրան ոտքի կանգնեցնել: Նա նման է գետնին ընկած գլուխգործոցի: Ինչպէ՞ս ենք մաքրում այդ գլուխգործոցը. մաքրում ենք զգոյշ: Եթէ ուզում ես մի բան փոխել, դա պէտք է անել սիրով, փափուկ»,- նկատում է Վարդան Պետրոսեանը:

Դերասանի համար բանտարկութիւնը նոր սկիզբ դարձաւ: Հնարաւոր է՝ համավարակն էլ այլոց համար նոր սկիզբ լինի: Նրա համոզմամբ՝ կեանքում ոչ մի բան հէնց այնպէս չի լինում, իսկ դասերը հասարակական մասշտաբով չեն քաղում, երկրները կոլեկտիւ յայտերով չեն գնում դրախտ, մարդիկ, անհատները հատիկ-հատիկ են հասկանում ամէն բան, եւ համավարակից յետոյ էլ շատ բան հասկացան, սովորեցին:

Վարդան Պետրոսեանը «Սկիզբ» գրքում ընդգծւած կարեւորում է բանտի ընկերների աջակցութիւնը, պատմում է նրանց խնդիրների, առաւելութիւնների եւ թուլութիւնների, երջանիկ պահերի ու տխրութեան մասին: Դերասանը մինչ օրս կապ է պահպանում նրանց հետ: Ասում է՝ այսօր զանգահարել են ու հրաւիրել միասին ժամանակ անցկացնելու, սակայն ստիպւած մերժել է՝ նշելով, որ երեկոյեան հէնց նրանց մասին է պատմելու ընթերցողներին:

«Հանդիպում ենք, զրուցում, երբեմն յիշում ենք ծանր օրերը: Նրանք չեն սիրում այդ օրերը: Ես եմ շատ յիշում: Զարմանալի բան է. դառնութիւններն ինչ-որ կախարդական փայտիկի միջոցով կարծես քամւում են ու դեն նետւում: Ես միշտ լաւ բանն եմ յիշում բանակից էլ, բանտից էլ: Նւէր է, երբ մարդը թոյն չի պահում ներսում, նւէր է, երբ մարդը թոյնից ձերբազատւում է»,-կարծում է հեղինակը, որի ներկայացումներում, կտաւներում ակնյայտ արտացոլւում է սէրը հայրենիքի նկատմամբ:

Դերասանը հայրենիքը համեմատում է մօր հետ՝ նշելով, որ մօր մասին երբեք եւ ոչ ոքի մօտ հնարաւոր չէ վատ խօսել, հնարաւոր չէ նկարագրել մօրը, այն սէրը, որը տածում ես նրա հանդէպ:

«Հայաստանը միայն պէյզաժը, աշնանային վառւող տերեւներն ու դրանց բոյրը չեն: Անբացատրելի է: Միշտ յիշում եմ մեծ եղբօրս խօսքերը: Շատ երիտասարդ էի ու պատրաստւում էի մեկնել Ֆրանսիա: Կամուկացի մէջ էի. իմ ներսում կռիւ էր: Եղբայրս այդ օրերին ասաց, որ ամենաթանկ բանը տիեզերքում մայրն է, բայց ժողովուրդը մօրից թանկ է: Այդ խօսքերը դաջւեցին իմ մէջ:  Դու ինչպէ՞ս ես կարող մօրդ մասին վատ բան ասել: Հայրենիքը մայր է»,- նշում է նա:

Թէ՛ Հայաստանում, թէ՛ այլ երկրներում թատերասէրները միշտ անհամբերութեամբ են սպասում Վարդան Պետրոսեանի ներկայացումներին, որոնցով դերասանը  կարեւորագոյն խնդիրների մասին է բարձրաձայնում, երբեմն լուծումներ առաջարկում, երբեմն՝ եզրակացութիւնները թողնում հանդիսատեսին: «Սկիզբ» գրքի հիման վրայ նա բեմադրեց եւ խաղաց «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը, իսկ նախորդ տարի բեմ բարձրացրեց «Խոստում» ներկայացումը:

Ի դէպ, Վարդան Պետրոսեանը հանդիսատեսի համար կիկին անակնկալ է պատրաստում. դերասանն այժմ աշխատում է նոր ներկայացման ուղղութեամբ:

 

Լուս.` Տաթեւ Դուրեանի

Անժելա Համբարձումեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։