Հա

Մշակոյթ

13/11/2022 - 13:35

Երեւանի մահմեդական դամբարանի մասին. Monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի հնագէտ Սաբուհի Հուսէյնովը վերջերս իր ֆէյսբուքեան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռեւս 2001 թւականին Երեւանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար յայտնաբերւած մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նոյն թւականին իրականացրել է հնագէտ Յուսիկ Մելքոնեանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլեանը:

«alikonline.ir» - Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի հնագէտ Սաբուհի Հուսէյնովը վերջերս իր ֆէյսբուքեան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռեւս 2001 թւականին Երեւանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար յայտնաբերւած մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նոյն թւականին իրականացրել է հնագէտ Յուսիկ Մելքոնեանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլեանը:

Սաբուհի Հուսէյնովը, ծաւալուն անդրադարձ կատարելով դամբարանին, անցնում է իր սիրած հակահայ մտավարժանքներին՝ թէ իբր հայ հնագէտները, հետազօտողները դամբարանի յայտնաբերումից յետոյ թաքցրել են նրա գոյութիւնը գիտական հանրոյթից եւ նոյնիսկ հայ հասարակութիւնից: Ադրբեջանցի հնագէտը դամբարանը փորձում է ներկայացնել որպէս ադրբեջանական մշակոյթին բնորոշ տարր եւ դրանով է բացատրում, որ հայ գիտական միտքը յատուկ է այն թաքցրել, իսկ որոշ դէպքերում էլ այն ներկայացրել է որպէս մոնղոլական՝ ոչ ցանկալի իրականութիւնը թաքցնելու համար: Մէկ այլ գրառման մէջ նա նշում է, որ անգամ չկան գիտական հրապարակումներ այս դամբարանի մասին եւ նա պատահական է իմացել նրա մասին դեռեւս 2001 թւականին նկարահանւած լրատւական տեսանիւթից, որն էլ նա յղում է:

Պեղւած դամբարանի վրայի հայերէն եւ արաբերէն արձանագրութիւնների միասին լինելը նա ներկայացնում է որպէս հայկական կողմի բացայայտ խարդախութիւն եւ իրականութեան խեղաթիւրում: Հուսէյնովը նաեւ նշում է, որ հայերը յատուկ թաքցւած եւ իբր ադրբեջանցիների համար սրբավայր հանդիսացող շինութեան աւերակների վրայ գիշերային ակումբ են կառուցել:

Չանդրադառնալով ադրբեջանցի հնագէտի նման անհեթեթ յայտարարութիւններին՝ յիշեցնենք, որ դամբարանը յայտնաբերւել է արդէն գոյութիւն ունեցող եւ գործող ակումբի նկուղային յարկում իրականացւելիք շինարարական աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կանգեցւել են եւ իրականացւել են պեղումներ: Պեղումները իրականացրած հնագէտ Յուսիկ Մելքոնեանը գիտական յօդւածներով անդրադարձել է այս դամբարանին: Երեւանի մահմեդական դամբարանին անդրադարձել են, նկարագրել նաեւ այլ հայ հետազօտողներ։

Ինչպէս օրինակ, ճարտարապետ Լ. Բրետանիցկին, ով առաւել մանրամասն նկարագրել է Խաչէնի մահմեդական դամբարանը, ակնյայտ նմանութիւններ է տեսել այս դամբարանի եւ Եղվարդում գտնւող եկեղեցի-դամբարանի միջեւ:

1301 թւականին կառուցւած Եղվարդի սուրբ Աստւածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը, ինչի մասին է վկայում լուսամուտներից մէկի խոյակի վրայի արձանագրութիւնը՝ «Վ[ար]դ[պետ] Շահիկ» (Յովսեփեան 1921-1922, 184): Խաչէնի դամբարանի վերգետնեայ մասը յիշեցնում է եկեղեցու գմբէթ, իսկ Խաչէնի դամբարանի յարդարանքի, ճարտարապետութեան բազմաթիւ տարրեր ուղղակի իրենց զուգահեռներն ունեն Եղվարդի սուրբ Աստւածածին եկեղեցում: Վարդպետ Շահիկը յիշատակւած է Խաչէնի դամբարանի արաբերէն արձանագրութեան մէջ։

Շահիկ վարդպետի կողմից է կառուցւել նաեւ Երեւանի կենտրոնում գտնւող այս դամբարանը, որը, ինչպէս եւ Խաչէնի դամբարանը, ունի խաչաձեւ յատակագիծ, ստալակտիտային թաղերով պսակւած խաչթեւեր: Երեւանի դամբարանի մուտքի վերեւում փորագրւած է հայերէն եւ արաբերէն արձանագրութիւնը: Հայերէնը՝ «Շահ[ի]կ վ[ար]դ[պետ] :ՉԿԸ: (1319 թ.)», իսկ արաբերէնը՝ «Ղմաուսի որդի Քալ Մուշա, թվին (հիջրի) 720 (1320/1321)»: Հետազօտող Ր. Քորթոշեանը, ով հանգամանալից անդրադարձել է Խաչէնի դամբարանի արաբերէն արձանագրութեանը, կարծում է, որ արձանագրութեան մէջ յիշատակւած պատւիրատուն Երեւանի մահմեդական դամբարանի պատւիրատու Մուշայի որդին է:

Դամբարանի գոյութիւնը գաղտնիք չէ նաեւ հասարակութեան համար, այն երբեք չի թաքցւել, տարբեր հայ հետազօտողներ իրենց հարցազրոյցներում, սոցիալական ցանցերի գրառումներում անդրադարձել են այս յուշարձանին:

Հայ գիտական միտքը երբեք չի թաքցրել կամ մերժել հայկական մշակոյթի ունեցած առնչութիւնները հարեւան ժողովուրդների ինչպէս քրիստոնէական, այնպէս էլ իսլամական եւ այլ մշակոյթների հետ։ Այդ փոխառնչութիւնների արդիւնքում դրանցից իւրաքանչիւրը իւրացրել է նոր յատկանիշներ, հարստացել է նոր ձեռքբերումներով։ Երեւանի, Խաչէնի եւ Վանոցայի մահմեդական դամբարանները եւ այլ յուշարձաններ ասւածի լաւագոյն վկայութիւնն են»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։