Հա

Մշակոյթ

13/11/2022 - 14:30

«Սիփանի թատրոնի տան» նախաձեռնութեամբ՝ «Ապակէ գազանանոց»-ը յանձնւեց հանդիսատեսի դատին

Իրանահայ կաթւածահար թատրոնին արհեստական շնչառութիւն հաղորդեց Բիայնա Մահմուդեանի բեմականացրած «Ապակէ գազանանոց» ներկայացումը:

«ԱԼԻՔ», Հատիս - Իրանահայ կաթւածահար թատրոնին արհեստական շնչառութիւն հաղորդեց Բիայնա Մահմուդեանի բեմականացրած «Ապակէ գազանանոց» ներկայացումը:

Ներկայացումը, որը իրականացւում էր «Սիփանի թատրոնի տան» նախաձեռնութեամբ, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, բեմ դուրս եկաւ նոյեմբերի 10-ի եւ 11-ի երեկոյեան, որի ընթացքում Անի Զաքարեանը, Էրւին Գալստեանը եւ Սարբէ Օհանեանը, բեմադրողի՝ Բիայնա Մահմուդեանի դերակատարմամբ շուրջ մէկ ժամ 15 րոպէների ընթացքում ներկայացրեցին Թենեսի Վիլիամզի գլուխգործոցներից «Ապակէ գազանանոց» թատերգութիւնը:

Ժամանակակից լուծումներով թատրոնը կարող էր տարածութեան մէջ լինել մեր՝ թեհրանահայ բեմերի տեսակով ու տեխնիկաների չթարմացւած լինելու պատճառով, ինչը, սակայն, Բիայնայի ներարկած լուծումներով զգացնել չտւեց իրեն: Բանը նրանում է, որ իրանական բեմերի կտրւածքով այսօրւայ թատրոնը հետեւում է «բլաք-բաքսային» ձեւաչափերին, ինչը իտալական կոչւող բեմերին այնքան էլ նման չէ:

Իսկ Բիայնան իր ներդրած իւրայատուկ մօտեցմամբ ու «սպիտակ թուղթ ու թերթիկ» յիշեցնող բեմայարդարմամբ կարծես եկել էր հանդիսատեսի աչքին խաղարկւող պատմութիւնը տողերի վերածելու:

Տողից պատմածը՝ տողին նստեցնելու հնարքն աշխատեց մի շարք այլ հնարքների ու կիրառական արւեստի այլ միջոցներով: Յատուկ ուշադրութեան էր արժանի մօր եւ որդու վիճաբանութեան դրւագը, երբ դերակատարների ձայնը չքւում, բայց բերանների շարժումը շարունակւում է իբր դեռ վէճը գնում է, եւ դրանով դահլիճը կարծես միանգամից միաձուլւած խուլ ու համր Լաուրայի (Բիայնա Մահմուդեան) ներաշխարհին շարունակում է հետեւել պատմութեանը:

Ներկայացումներում յաճախ աննկատ մնացող յատկանիշերից է զգեստի ձեւաւորումն ու ստիլիստի հմտութիւնը: Դա նկատւում է այն ժամանակ, յատկապէս, երբ գործը թերութիւններով է արւած: Իսկ այստեղ Անուշ Յովհաննիսեանի տւած լուծումները կարծես աննկատ հալւել ու միաձուլւել էին կերպարների մէջ, նրանց հաղորդելով բնական շունչ, առանց խանգարելու դերակատարների շարժուձեւը:

Բեմայարդարման եւ երաժշտութեան ձեւաւորման համար եւս Բիայնան կարող է շնորհակալ լինել իր գործընկերներին՝ Նադիա Այւազեանին ու Շարիս Մելքոմ Աբգարին:

Բիայնան նոյն «Նայիրի» սրահի բեմում մարմնաւորած իր նախորդ կերպարներում եւս «համարձակ» թատրոնի էութիւնից մանր-մունր դրւագների ցուցադրման փորձ է ունեցել, ինչը կարծես ժամանակի ընթացքում քեզ, որպէս հանդիսատես կամ՝ մասամբ դարձել է սովորական, որով աննկատ ես անցնում կողքով, կամ հէնց իր՝ բեմադրողի որոշմամբ տեղաւորւել էր սահմանւած գծերում: Այնուամենայնիւ ներկայացումը կարողացաւ փոխանցել չասելով ասւողն ու չցուցադրւածը:

Այսքանից յետոյ «սառցէ դոյլի չալընջի» (մարտահրւէրի) պէս կարող էր քեզ պոկել պատմութեան ընթացքի հաճոյքից՝ լսարանի ձեռքի հեռախօսի «մշակոյթը»: Ոմանք ձանձրոյթից էր երեւի, որ հաղորդագրութիւն էին ստուգում, կամ մէկ-մէկ զրուցում ու քչփչում կողքինի հետ, ոմանք էլ ի զարմանս քեզ՝ պատասխանում հեռախօսազանգերին: Իսկ աւելի տհաճը՝ երբ եղած զանգն էին անպատասխան թողնում՝ առանց անջատելու եկող զանգը... կարծես ամէն բան եկել էր քեզ տանելու իտալական սեւ-հումոր կինոներ յիշեցնող ժամանակաշրջան...

Այնուամենայնիւ ներկայացումն եղաւ: Իսկ այդ լինելուց յետոյ չես ասի աւարտւեց: Եղածի լիցքը շարունակում է սնել մարդու մտքերը, նոյնիսկ շփումների ժամանակ է երեւում այն: Սա խօսում է այն մասին, որ ներկայացում դիտելու մշակոյթի ձեւաւորումը ուղիղ կապ ունի այդ արւեստի շարունակականութեան հետ: Դա, որպէս ընթացք անհրաժեշտ է հասարակութեանը, որպէսզի հանդիսատեսին եւս խորթ չթւայ ու ձանձրոյթ չպատճառի, որպէս դահլիճում նրան որպէս՝ «դասարանի վերջին շարքի նստարանին» յայտնւածի դերում:

Արժէ նշել նաեւ այն փաստը, որ բեմականացման առաջին օրւայ հանդիսատեսի շարքերում ներկայ էր մեր թատերական գործիչներից միայն մէկը: Սա եւս ինչ-որ բան պիտի ասած լինի մեզ: Իսկ եւս մէկը երկրորդ, կամ վերջին գիշերւայ ներկայացմանը: Չնայած տեղեկացել ենք, որ ներկայացումը կրկնւելու է նաեւ այս հինգշաբթի նոյեմբերի 17-ին:

Յատկանշական է, որ հանդիսատեսի շարքերում աչքի ընկան Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քոյր միութիւնների հրաւիրեալներ, եւ քաղաքամասի թատերասէրները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։