Հա

Մշակոյթ

14/11/2022 - 11:35

«Ամէն մէկս պէտք է անի այն, ինչ կարող է, ոչ թէ թեւաթափ ու յուսահատ նստի». Մարինէ Ալէս

«Մեր մայրաքաղաք Երեւանն ինձ համար իւրայատուկ քաղաք է, անկախ նրանից, որ աշխարհում կան շատ գեղեցիկ, մեծ, շքեղ, բարձրայարկ շէնքերով այլ քաղաքներ: Ու եթէ այս ժողովածուից գոնէ մի քանի երգ ապրի Երեւանում, դա ինձ համար մեծ նւէր կը լինի»,- Արամ Խաչատրեանի տուն թանգարանում կայացած իր՝ «Երգեր եւ ռոմանսներ» համերգի եւ համանուն ժողովածուի շնորհանդէսին լրագրողների հետ զրոյցում նշեց երգահան, թատերագէտ, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինէ Ալէսը։

«alikonline.ir» - «Մեր մայրաքաղաք Երեւանն ինձ համար իւրայատուկ քաղաք է, անկախ նրանից, որ աշխարհում կան շատ գեղեցիկ, մեծ, շքեղ, բարձրայարկ շէնքերով այլ քաղաքներ: Ու եթէ այս ժողովածուից գոնէ մի քանի երգ ապրի Երեւանում, դա ինձ համար մեծ նւէր կը լինի»,- Արամ Խաչատրեանի տուն թանգարանում կայացած իր՝ «Երգեր եւ ռոմանսներ» համերգի եւ համանուն ժողովածուի շնորհանդէսին լրագրողների հետ զրոյցում նշեց երգահան, թատերագէտ, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինէ Ալէսը։ Գրում է Aravot.am-ը:

Նրա խօսքով, մենք ապրում ենք փոքր քաղաքում ու յաճախ չենք ճանաչում մեր քաղաքի տաղանդաւոր մարդկանց, լսում եւ խօսում ենք հիմնականում նրանց մասին, ում արդէն գիտենք, մինչդեռ Երեւանում բազմաթիւ շնորհալի մարդիկ կան: Երեկոյի ընթացքում Երեւանի գեղարւեստական եւ երաժշտական ուսումնական հաստատութիւնների ներկայացուցիչները կատարեցին Մարինէ Ալէսի տարբեր տարիների ստեղծագործութիւնները, իսկ «Լոյսի օրօր», եւ «Колыбельная ветра» (Օրօրոցային քամի, ԽՄԲ.) եւ «Берегите нежность» (Հոգ տանել քնքշութեան մասին, ԽՄԲ.). երգերը հնչեցին առաջին անգամ:

Կատարողներն էին Ռոմանոս Մելիքեանի անւան պետական երաժշտական քոլեջից Արման Նիկոլեանը, Արփինէ Փահլեւանեանը, Համեստ Մխիթարեանը, Էմի Մակեանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից՝ Իրինա Իորդամովան, Ռուզաննա Ջամբազեանը, Թովմաս Կարապետեանը, Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայից՝ Արմինէ Գրիգորեանը, Ծովինար Ամիրեանը, Արման Գրիգորեանը, Խաչատուր Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանից Արուսեակ Կոստանեանը:

Յաւելենք, որ գրքի վաճառքից գոյացած հասոյթը կուղղւի բարեգործական ծրագրերի: Մարինէ Ալէսը նշեց, որ գիրքը ծնւել է օրօրոցայիններից, որոնք պատրաստւում էր հաւաքել մէկ ժողովածուում, յետոյ սկսւել է պատերազմը, ապա քովիդը, ու աշխատանքը կանգ է առել, որովհետեւ ինչպէս ինքն է ասում՝ երգերի ժամանակը չէր: Պատերազմից յետոյ, սակայն, որոշել է անպայման բարեգործական համերգ իրականացնել. «Երբ պատերազմն աւարտւեց, ես հասկացայ, որ ամէն մէկս պէտք է անի այն, ինչ կարող է, ոչ թէ թեւաթափ ու յուսահատ նստի: Որոշեցինք, որ ժողովածուն պէտք է խելքի բերենք, համերգ կազմակերպենք զոհւած հերոսների ծնողների համար, ամբողջ հասոյթը ուղղենք տղաների ընտանիքներին»:

Քովիդի պատճառով համերգը յետաձգւել էր, համերգի ձեւաչափը փոխւել, սակայն նպատակը նոյնն է մնացել: «Ինձ համար կարեւոր է, որ այս ժողովածուն արդէն կայ նաեւ Արցախում, Տաւուշում, որտեղ տաղանդաշատ երգիչներ կան: Ես մեծ հաճոյքով կը գնամ, ու կը կազմակերպմեմ համերգներ, որոնք կրկին կարող են բարեգործական նպատակի ծառայել, բայց իրենց մասնակցութեամբ»,-ասաց Մարինէ Ալէսը:

 

Գոհար Յակոբեան

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։