Հա

Մշակոյթ

15/11/2022 - 12:55

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» լաւագոյն խաղարկային ֆիլմ է ճանաչւել Տորոնոտյի միջազգային փառատօնում

Կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախեան թեմային, «Լաւագոյն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատօնում:

«alikonline.ir» - Կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախեան թեմային, «Լաւագոյն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատօնում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆէյսբուք»-ի իր պաշտօնական էջում գրել է Ջիւան Աւետիսեանը՝ շնորհակալութիւն յայտնելով իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար: Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել իր թիմին՝ քրտնաջան աշխատանքի համար։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թւականին Երեւանում:

«Դրախտի դարպասը» Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրութիւն է՝ Հայաստան, Լիտւա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկւել են Ռիխարդ Զամէլը՝ Գերմանիայից, Տատեանա Սպիւակովան՝ Ֆրանսիայից, Լէոնարդաս Պոբեդոնոսցեւասը՝ Լիտւայից, Նայիրա Զաքարեանը՝ ԱՄՆ-ից, Սօս Ջանիբէկեանը՝ Հայաստանից եւ այլ սիրւած դերասաններ՝ Հայաստանից եւ արտերկրից։ Նկարահանումներն իրականացւել են Արցախում եւ Լիտւայում։ Ֆիլմը կեանքի է կոչւել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցութեամբ:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Ջիւան Աւետիսեանը նշել էր, որ  ֆիլմը կեանքի կոչելիս անցել են բազում դժւարութիւնների միջով: «Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ արցախեան թեմայով, բաւականին բարդ է թէ՛ ֆինանսական, թէ՛ քաղաքական առումով: Այս անգամ եւս հարեւան պետութիւնը փորձեց խոչընդոտել արտասահմանեան դերասանական եւ ստեղծագործական կազմի ներգրաււածութեանը ֆիլմին եւ արտասահմանեան նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժւարացրեց եւրոպական կողմից ֆինանսական աջակցութեան հարցը։ Այո, մեր հարեւանները մեզ փորձել են խոչընդոտել, բայց մենք առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ եւ այսօր արդէն ունենք մեծ արդիւնք։ Ֆիլմի թիրախային հանդիսատեսն ամբողջ աշխարհն է, ուստի մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնաւոր մարդկանց համար»,- ընդգծել էր Աւետիսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։