Հա

Մշակոյթ

24/11/2022 - 12:10

Չարենցն աւելին էր, քան պոէտը

2022 թ. նշւում է մեծանուն գրող Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեակը: Յոբելեանական տարւայ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցութեամբ նոյեմբերի 23-25-ն անցկացւում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը:

«alikonline.ir» - 2022 թ. նշւում է մեծանուն գրող Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեակը: Յոբելեանական տարւայ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցութեամբ նոյեմբերի 23-25-ն անցկացւում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան դահլիճում: Ողջոյնի խօսքով հանդէս են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալեանը, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Ժաննա Մանուկեանը:

Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին մեկնարկի կապակցութեամբ եւ ընդգծել, որ յոբելեանական միջոցառումների համատեքստում կարեւորւում է այս գիտաժողովը, եւ այն պէտք է դառնայ լուրջ առիթ վերաիմաստաւորելու Չարենցի գրական ժառանգութիւնը:

Արա Խզմալեանի խօսքով՝ Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի բոլոր անդամները համակարծիք էին մի կետում. Չարենցի յոբելեանը չի կարող նշւել որպէս զուտ յոբելեանական հանդիսութիւն:

«Չարենցը ուղերձ է մեզ համար եւ յոբելեանական բոլոր միջոցառումները պէտք է ունենային հանրային ուղերձ: Չարենցը մեր հոգեւոր պատմութեան այն դէմքերից է, որն աւելին էր, քան պոէտը: Նա մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ: Ինչպէս ասում են՝ նա աւելին է, քան պոէտը, եւ նրա ստեղծագործական ժառանգութիւնն աւելին է, քան արւեստը: Չարենցն իր գործերում խտացրել է մեր ազգի տագնապները, մտահոգութիւնները, փակուղիները, բայց եւ խօսել է մեր նւիրական զգացումների՝ հայրենասիրական յղացումների մասին: Նրա՝ «Ես իմ անուշ Հայաստանի» չգերազանցւած գլուխգործոցն այդ ապացոյցներից մէկն է: Հիմա Չարենցին ընթերցելու, վերընթերցելու ամենապատեհ ժամանակներն են»,- ասել է Արա Խզմալեանը:

Նրա խօսքով՝ Չարենցի ստեղծագործութիւնները կարդալիս կրկին բախւում ենք մեր յաւերժական հարցերին, քան ստանում ենք պատասխաններ ու համոզւում ենք, որ մեր գոյաբանական հարցերը շատ յաճախ շրջապտոյտի մէջ են ու պատմական մի փուլ անցնելուց յետոյ յառնում են մեր առջեւ:

«Չարենցի երբեմն շատ մռայլ, հոռետեսական գործերում անգամ կայ ուժ, կայ պետութեան քաղաքացի, որն ամուր կանգնած է մեր հողի վրայ: Եթէ մենք ուզում ենք ճանաչել մեր արատները, մեր առանձնայատկութիւնները, մեր թռիչքներն ու մեր ուժը, պէտք է անընդհատ կապի մէջ լինենք Եղիշէ Չարենցի հետ»,- եզրափակել է նախարարի տեղակալը:

Ակադեմիայի հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Իւրի Սուվարեանի համոզմամբ՝ բանաստեղծական աշխարհը ստեղծել են տաղանդները, սակայն նրանց միշտ առաջնորդել են հանճարները, որոնցից մէկը Եղիշէ Չարենցն է:

«Նրա բանաստեղծական աշխարհում զգում ենք, թէ որքան խորն է Չարենցի մտածելակերպը, որքան ազդեցիկ եւ հիմնաւոր են այն գաղափարները, որոնք արտայայտել է իր երկերում: Չարենցը նորարար է թէ՛ բովանդակային առումով, թէ՛ ոճական եւ յատկապէս բառերի ընտրութեան հարցում: Անգամ բարբառային որոշ բառեր, որոնք օգտագործում է իր գործերում, տեղին են ու անվիճելի»,- նշել է Սուվարեանն ու յիշեցրել, որ Չարենցն իր ստեղծագործութիւններով հիմնականում անդրադառնում է հայրենիքի, հայրենասիրութեան, կեանքի եւ աշխարհի յաւիտենականութեան, սիրոյ թեմաներին, որոնք յաւերժական են:

ԿԳՄՍ նախարարութեան հաղորդմամբ, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը յոբելեանական տարւայ ընթացքում հանդէս է եկել բազմաժանր միջոցառումներով, որոնք նախատեսւած են եղել թիրախային տարբեր լսարանների համար, սակայն տուն-թանգարանի տնօրէն Ժաննա Մանուկեանն առանցքային նշանակութիւն է տալիս եռօրեայ գիտական նստաշրջանին՝ նշելով, որ անդրադառնալու են տուն-թանգարանի հիմնադրման նախապատմութեանը, Չարենցի՝ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ստեղծագործութիւններին:

«Տուն-թանգարանը նոյեմբերը յայտարարել է Չարենցի յիշատակի ամիս, քանի որ մեծ գրողի ծննդեան 125-ամեայ յոբելեանին զուգահեռ նոյեմբերին լրանում է Չարենցի մահւան 85-րդ տարելիցը, եւ գիտաժողովը ներդրում կունենայ նրա յիշատակը յաւերժացնելու, նրա գրական ժառանգութիւնը վերարժեւորելու գործում»,- ասել է տնօրէնն ու յաւելել՝ հրատարակելու են գրողի երկերի լիակատար ժողովածուն, որի առաջին հատորի կազմման աշխատանքներն արդէն սկսւել են: 125-ամեակի աւարտին առաջին հատորը կը լինի գիտական համայնքի սեղանին, իսկ յիշատակի ամիսը կամփոփեն յուշատախտակի բացումով: Չարենցի յուշատախտակը տեղ կը գտնի Մաշտոցի 17 հասցէի շէնքի առաջնապատին, շէնք, որտեղ բանաստեղծն ապրել է կեանքի վերջին երկու տարին:

Եռօրեայ գիտաժողովին զեկոյցներով հանդէս կը գան թէ՛ գիտնականներ, թէ՛ Երեւանի պետական համալսարանի նորաւարտ շրջանաւարտներ: Կը ներկայացւի Չարենցի կեանքին ու գործունէութեանը վերաբերող զեկոյցներ, որոնք կարող են նոր լոյս սփռել նրա թողած հսկայական գրական ժառանգութեան վրայ:

Գիտաժողովի երկրորդ նիստը տեղի կունենայ նոյեմբերի 24-ին ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետում, երրորդ նիստը՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտում:

Ներկայացւած զեկոյցները կը հրապարակւեն «Չարենցը եւ իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նիւթերի ժողովածուում:

 

Յարակից լուրեր

  • Չարենցը, «Երկիր Նայիրի»-ն ու Դաշնակցութիւնը (Մահւան 85-րդ տարելիցի առթիւ)
    Չարենցը, «Երկիր Նայիրի»-ն ու Դաշնակցութիւնը (Մահւան 85-րդ տարելիցի առթիւ)

    Այս տարւայ նոյեմբերին կը լրանայ հայ գրականութեան վառ դէմքերից մէկի` Եղիշէ Չարենցի մահւան 85-րդ տարելիցը: Հայ հասարակութեան մեծ մասը Չարենցի մասին պատկերացում է կազմել խորհրդային քարոզչամեքենայի հրամցրած «ճշմարտութեան» շրջանակներում, որի համաձայն՝ Չարենցը «կարմիր» պոէտ է, համոզւած բոլշեւիկ: Տասնամեակներ շարունակ սա էր խորհրդահայ հանրութեան համոզումը, սակայն բնական հարց է ծագում` այդ դէպքում ինչու «կարմիր» պոէտ եւ «համոզւած բոլշեւիկ» Չարենցը հալածւեց, կեանքն աւարտեց բանտում սոսկալի պայմաններում:

  • Կայացաւ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտաժողովը
    Կայացաւ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտաժողովը

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակը եւ Երեւանի Խ. Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՊՄՀ դահլիճում կազմակերպեցին համահայկական գիտաժողով՝ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» խորագրով։

  • «Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի եւ Չարենցի «երկխօսութիւնը»
    «Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի եւ Չարենցի «երկխօսութիւնը»

    Եղիշէ Չարենցն այն բացառիկ հեղինակներից մէկն է, ում ստեղծագործութիւններում խտացւած  է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դէպքերը եւ իրադարձութիւնները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դէմքերի գործունէութիւնն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել յատկապէս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձութիւնների կողքով, քանի որ իւրաքանչիւր իրադարձութեան հիմքում նա փորձում էր տեսնել, թէ ի՞նչ կը տայ դա Հայաստանին։

  • ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում արցախեան բարբառին նւիրւած գիտաժողով կը կազմակերպւի
    ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում արցախեան բարբառին նւիրւած գիտաժողով կը կազմակերպւի

    ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերէնի 11 բարբառախմբերից իւրաքանչիւրին․ շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհիւսիսարեւելեան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ եւ մարտահրաւէրներ» խորագրով է։ Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի պետական համալսարանից։

  • «Մշակոյթը ինքնապաշտպանութեան հիմնական զէնքն է»․ Մկրտիչ Մկրտիչեան
    «Մշակոյթը ինքնապաշտպանութեան հիմնական զէնքն է»․ Մկրտիչ Մկրտիչեան

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչդանի խօսքը ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտում տեղի ունեցած «Կրթամշակութային կեանքն Արցախում» խորագրով գիտաժողովում.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։