Հա

Մշակոյթ

29/11/2022 - 13:00

ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցերով միջկառավարական կոմիտէի 17-րդ նստաշրջանին կը մասնակցի Հայաստանը

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագաւորութիւն) կանցկացւի ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերով միջկառավարական կոմիտէի 17-րդ նստաշրջանը: Այս մասին յայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«alikonline.ir» - Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագաւորութիւն) կանցկացւի ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերով միջկառավարական կոմիտէի 17-րդ նստաշրջանը: Այս մասին յայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջկառավարական կոմիտէն ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի գլխաւոր մարմիններից է. այն ստեղծւել է կոնւենցիայի 5-րդ յօդւածի համաձայն: Կոմիտէի կազմում 24 անդամ պետութիւն է: Կոմիտէի կարեւոր գործառոյթներից է անդամ պետութիւնների ներկայացրած յայտերի առնչութեամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնւենցիայով սահմանւած ցանկերում գրանցելու նպատակով:

Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի աւելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թւում` կոնւենցիային միացած անդամ երկրների, ԻՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ գործող հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպէս նաեւ տարբեր երկրների լրատւամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ԻՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչութեան պատւիրակի տեղակալ Օ. Դաւթեանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների վարչութեան մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ հանրահռչակման բաժնի գլխաւոր մասնագէտ Ն. Կիլիչեանը։

Նստաշրջանի օրակարգի կարեւոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացւած յայտերի քննարկումները: Ներկայացւել էր 50 յայտ, որից 4-ը՝ անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան, 46-ը` մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանութեան լաւագոյն փորձի գրանցամատեանի առաջարկներ եւ 2 յայտ` ոչ նիւթական մշակութային ժառանգութեան հիմնադրամի կողմից անդամ պետութիւններին տրամադրւող միջազգային աջակցութիւն ստանալու համար:

Հայաստանի Հանրապետութիւնը ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիան վաւերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտութիւնը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արւեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործութիւնը» (2010 թ.), «Սասնայ ծռեր կամ Սասունցի Դաւիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) եւ «Քոչարի. աւանդական խմբապար» տարրերը: ԻՒՆԵՍԿՕ-ում հաւատարմագրւել է «Հազարաշէն» ազգաբանական հետազօտութիւնների հայկական կենտրոն հասարակական կազմակերպութիւնը (2020 թ.), եւ ԻՒՆԵՍԿՕ է ներկայացւել «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի կիրարկման եւ մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառւած տարրերի կարգավիճակի վերաբերեալ ՀՀ պարբերական զեկոյցը (2021 թ.):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։