Ռեժիսոր Միքայէլ Ա. Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատօնի պաշտօնական մրցութային ծրագրում արժանացել է «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգին (Winner Best Film):
«alikonline.ir» - Ռեժիսոր Միքայէլ Ա. Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատօնի պաշտօնական մրցութային ծրագրում արժանացել է «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգին (Winner Best Film): Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմը պատմում է ցեղասպանութիւնից հրաշքով ողջ մնացած եւ Միացեալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցաւօք, այդ ոճրագործութեան զոհ էր դարձել: Պատմութիւնը սկսւում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախւում խորհրդային կոմունիզմ կոչւող դաժան իրականութեանը: Հայաստանում Չարլիին անմիջապէս ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջութիւնն ու սարսափը գիտակցելու հետ մէկտեղ՝ Չարլին պատահմամբ յայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասւել է երկրաշարժի հետեւանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մօտակայ շէնքի բնակարաններից մէկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զոյգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետեւել ամուսնական զոյգի կեանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակոյթը, որը մինչ այդ անծանօթ էր իրեն:
Ռեժիսոր եւ սցենարիստ՝ Միքայէլ Ա. Գուրջեան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմեան, դերասաններ՝ Յովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիէր Նշանեան, պրոդիւսերներ՝ Արման Նշանեան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասեան, Անի Որսկանեան, արտադրող ընկերութիւն՝ People Of Ar Productions: