Հա

Մշակոյթ

07/12/2022 - 12:30

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի «Լորիկ Մինասեան» թատերախմբի հաւաքած նոր թափը. «ԲԵԲԵԿՍ»-ը «Սուքերեան»-ում

Թեհրանահայ թատրոնը կարծես արհեստական շնչառութեան տակ սկսում է կենսական նշոյլներ ցոյց տալ: Վերջին շրջանում բեմ բարձրացող ներկայացումները, որոնք ե՛ւ տեսակով, ե՛ւ ոճային իմաստով տեղական տեսք ունեն, բեմում երեւալու փորձից բացի, նոր շունչ են հաղորդում սինթետիկ եւ կոլեկտիւ արւեստի ձեւի մոխիր դարձող կրակին:

Հայկական քաղաքամասերի խանութների ապակիներին փակցւած Լորիկ Մինասեանի անւան թատերախմբի ազդագրից սկսեց ամէն բան: «ԲԵԲԵԿՍ» ներկայացման ազդագրից: Ներկայցումը Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նորաստեղծ թատերախմբի աշխատանքն է, գլխաւորութեամբ Վահագն Ազիզեանի:

(չասելու համար՝ «Ախ այս ստախօս կանայք» ձեւակերպումը)

 

Հատիս - Թեհրանահայ թատրոնը կարծես արհեստական շնչառութեան տակ սկսում է կենսական նշոյլներ ցոյց տալ: Վերջին շրջանում բեմ բարձրացող ներկայացումները, որոնք ե՛ւ տեսակով, ե՛ւ ոճային իմաստով տեղական տեսք ունեն, բեմում երեւալու փորձից բացի, նոր շունչ են հաղորդում սինթետիկ եւ կոլեկտիւ արւեստի ձեւի մոխիր դարձող կրակին:

Հայկական քաղաքամասերի խանութների ապակիներին փակցւած Լորիկ Մինասեանի անւան թատերախմբի ազդագրից սկսեց ամէն բան: «ԲԵԲԵԿՍ» ներկայացման ազդագրից: Ներկայցումը Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նորաստեղծ թատերախմբի աշխատանքն է, գլխաւորութեամբ Վահագն Ազիզեանի:

Նոյն կապակցութեամբ խմբի փորձերից մէկի ժամանակ զրոյցի նստեցինք բեմադրիչ Վահագն Ազիզեանի հետ, ով համայնքիս յատկապէս ծանօթ է իր վերջին գործով՝ «Թռիչք կկւի բնի վրայով» ներկայացման բեմականացմամբ:

Վահագնն այժմ պատրաստւում է Լորիկ Մինասեանի անւան թատերախմբի նոր կազմով թեհրանահայ հանդիսատեսին ներկայացնել Մորիս Հենեքէնի «ԲԵԲԵԿՍ»-ը, կամ ինչպէս նշւած է ազդագրում՝ «Ախ այս ստախօս կանայք» թատերգութիւնը:

Պիէսի հայերէն թարգմանութեան անւան հետ կապւած կարելի է դիտողութիւններ ունենալ կապւած սեքսիստական բնոյթի (սեռի հասարակական դերի նկատմամբ խտրական մօտեցում) ակնարկների շուրջ, ինչը սակայն գուցէ էջիս համբերութիւնից դուրս այլ նիւթի առիթ դառնայ:

Ներկայացման ու հեղինակի մասին ինտերնետային որոնումները շատ բան չի կարող տալ այս դէպքում հետաքրքրւողներին: Տեղեկութիւնները քիչ են ու կարող ես բաւարարւել միայն վիկիպեդիայում եղած-չեղածով, ինչը հաւաստիութեան առումով այնքան էլ վստահելի աաղբիւր լինել չի կարող:

Սա այն դէպքն է, երբ թատրոնն իր անալոգ տեսակով առաջ է անցնում կարծես թւայնացւած աշխարհից: Առաւելութիւն, որի մասին գնալով մոռացութեան է տւել հասարակութիւնը բաւարարւելով աշխարհը տեսնելու եւ ճանաչելու ուրիշների աչքերից՝ սմարտֆոնային տիրոյթներում:

 

 ՍԱ «ԲԵԲԵԿՍ»-Ի ԵՐՐՈՐԴ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է

Վահագն Ազիզեանը հարցին թէ՝ պիէսը որտեղ էր թաղւած, քանի որ որոնում ես ու անհնար է համացանցում հետքեր գտնել դրա մասին պատասխանում է. «Եւս մէկ անգամ յաղթում է գրադարանում գրքեր թերթելու աւանդոյթը»: Վահագնի ասութեամբ՝ «ԲԵԲԵԿՍ»-ի հայերէն թարգմանութիւնը պարզ չէ, թէ ում աշխատանքն էր, սակայն գիտի, որ այն որպէս թարգմանութիւն համարւում է առաջին ձեռքից թարգմանւած տեքստ: «Հայերէնի է թարգմանւել ուղիղ բնագրից՝ ֆրանսերէնից: Թեհրանում այս պիէսը բեմադրած բեմադրիչները բոլորը հանգուցեալ են դարձել (ծիծաղում է): 1987 թւականին առաջին անգամ բեմադրեց Վարդգէս Բաշեանը՝ «Արարատ»-ում, իսկ 93-ին կրկնեց այն Գաբրիէլ Թեքիջեանը, որտեղ ես էլ ներկայ էի ու տանում էի Հենրիի դերը: 1987-ի բեմադրութեան ժամանակ մենք Գաբրիէլի հետ «Արամ Մանուկեան» սրահում միաժամանակ բեմադրում էինք «Թակարդ»-ը: Այնպէս, որ ժամանակին խցանում կար ներկայացումների առումով: Իսկ այժմ ինչքան ասես բեմ կայ, բայց զբաղեցնող՝ ոչ: Զւարճալին այն է, որ եթէ ներկայացում ունես պիտի հերթ կանգնես, որ բեմ ու սրահ տրամադրեն»,- լիաթոք ծիծաղով ասում է Վահագնը:

 

«ԱՌՆՒԱԶՆ 10 ՏԱՐԻ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՐԵԼ ԲԵՄԻ ՀԱՄԱՐ»

Այս մասին պատմելով Վահագն Ազիզեանը նշում է, որ թատրոնից հեռու մնացող համայնքն այնպէս չէ, որ ինքն է հեռացել թատրոնից. գուցէ թատրոնն է հեռացել մեր բեմից: «Անենք մեր գործը, եթէ չստացւի՝ նոր կասենք համայնքը թատրոն չի սիրում եւ այլն... ինքս 10 տարի ոչինչ չեմ արել հայկական բեմում: Վերջին գործս մի տեսակ թռիչքի մասին էր հէնց՝ «Թռիչք կկւի բնի վրայով»: Սա դժբախտութիւն է: Թատրոնի մասին իզուր չէ, որ ասում են թատրոն չունենալը դժբախտութիւն է: Իսկ ունենալն ու պահելը՝ գլխացաւանք: Թատրոնը սովորեցնում է երազել...»:

 

ՑԱՆԿՈՒԹԻՒՆ՝ ԱՅՈ ԿԱՅ, ԲԱՅՑ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐ՝ ՉԳԻՏԵՄ

Վահագնի հետ շփւելիս սկսում ես մոռանալ, որ սա հարցազրոյց էր ու քեզ ստիպում է անցնել «դու»-ի: Մտերմիկ սուրճի զրոյցի է վերածւում այն ու թղթէ բաժակները քեզ յուշում են «Բեմի փոշի» հասկացութեան մասին: Այդ գիշեր հէնց դա էլ նկատելի էր: Ու միանգամից ես գլխի ընկնում, թէ ինչու են շարունակում փայլել Վահագնի աչքերը: «Ցանկութիւնը միշտ էլ եղել է: Ով կը հրաժարւի բեմի փոշուց: Բայց ընդառաջում չկայ: Թատրոնը շահոյթաբեր չէ ու դժբախտաբար գնալով դուրս մղւեց միութիւնների աշխատանքային ծրագրերից»,- ձեռքի օղակաձեւ պտոյտներով թղթէ բաժակի պարունակութիւնն է խառնում ու կում անում:

 

ՄԷԿ Է ԽՈՒՄԲԸ ՀԱՒԱՔՒԵԼ Է

Վահագնը պատասխանելով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հետ համագործակցելու մասին հարցին պատմեց, որ մայիսին միութեան Արւեստից բաժանմունքը դիմել է նրան՝ ներկայացում բեմադրելու առաջարկով: «Կարող էի հին ընկերների հետ պիէս վերցնել ու բեմ դուրս գալ: Այդ դէպքում դա կարող էր լինել ցանկացած բեմում: Բայց պատասխանեցի, որ աւելի նպատակային կը լինի, եթէ առիթ տրւի երիտասարդ ուժերին թատրոնի հետ շփւելու: Մի կողմից նոր ուժեր են դաստիարակւելու: Իսկ միւս կողմից աւագ սերնդի համար կը ստեղծւի ասպարէզ իր փորձառութեամբ ու գիտելիքներով կիսւելու սկսնակների հետ: Ու առաջարկեցի կաստինգ յայտարարել անձնակազմ ներգրաւելու համար: Արդիւնքում կայ այս խումբն ու արդէն պատրաստ է բեմ դուրս գալ: Մնացածը ժամանակի հարց է: Միութիւնն էլ ունենում է իր մնայուն թատերախումբը»,- յաւելեց նա:

 

ԽՄԲԻ ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՏԱՒՈՐԵՑՆՈՂ Է

Վահագնը յիշեցնում է, որ թատերախմբերը պէտք է առանց ընդհատումների շարունակեն մարմնի լեզու, առոգանութիւն, շնչառութիւն, պար-երաժշտութիւն վարժութիւններն ու մարզումները: «Սակայն մեր դէպքում գուցէ եւ այնքան էլ պարտադիր չլինի նման հարցում դիսիպլինային մօտեցումները: Ըկերները հազիւ են հասցնում առօրեայ աշխատանքների արանքում ժամանակ գտնել խմբի փորձերին մասնակցելու: Մտածում էինք անկախ՝ աշխատանքային մեր գրաֆիկայից անցնել այդ մարզումները, բայց խմբի որոշումն այլ է: Երեխաները շտապում են մտածելու յաջորդ պիէսի մասին նոյնիսկ: Այնպէս, որ յաջորդի համար արդէն ծրագիր կայ մեր սեղանին»:

 

ԿՈՄԵԴԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԹԵԹԵՒՈՒԹԻՒՆ ՀԱՂՈՐԴԵԼ, ԲԱՅՑ ՊԱԿԱՍ ԾԱՆՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ ՉԷ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ

Հարցին, թէ կատակերգութիւնը կարող է աւելի բարդ մասնագիտական մօտեցում պահանջել, իսկ խումբը նոր է ձեւաւորւել եւ արդեօք կը յաջողւի յաղթահարել խնդիրը, Վահագնը պատասխանեց. «թող գլուխ գովալ չլինի, բայց այնքան ենք աշխատել, որ մեր խնդիրը կարողանալը չէ արդէն, այլ երկու տարբեր գիշերներում տարբեր դերասանական խմբերի միջեւ համեմատութեան գնալու առաւելութիւնն է: Բեմում են լինելու նաեւ իմ հին ընկերներից: Այնուամենայնիւ խմբի նպատակներից մէկն է ժողովրդին թատրոնի հետ նորից հաշտեցնելը: Յատկապէս կորոնային յաջորդող շրջանում, որի պատճառով սառել էր այն:

Իսկ դիտարկմանս, որ «այնպէս չէ, որ կորոնայից առաջ թատրոնը եռում էր մեր բեմերում» Վահագնը պատասխանում է նոյն հանգստութեամբ. «Ճիշտ է երեւի: Այդ հարցում կորոնան դեռ շատ վաղուց էր տարածւել: Մենք ենք ուշ իմացել այդ մասին»:

 

ՎԱՀԱԳՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՐԸ՝ «ՀԻՆ ԱՍՏՒԱԱԾՆԵՐ»-ՈՒՄ

Վահագն Ազիզեանից փորձեցինք իմանալ իր թատերական գործունէութեան մեկնարկային շրջանի մասին: «Յեղափոխութիւնից մէկ տարի անց, երբ պրն. Միշայի ներկայութեամբ դպրոցական թատերախմբին էի անդամակցում ինձ առաջարկեցին աւելի լուրջ մօտեցման համար միանալ ստեղծւած թատերախմբերից մէկին: Այնտեղ Շահէն Սարգսեանի աշակերտների ներկայութիւնն ու շունչն զգալի էր: Խմբի կազմում առաջին անգամ 80 թւականին էր թէ 81-ին, «Չհարմահալ»-ում համարձակւեցի բեմ բարձրանալ Լեւոն Շանթի «Հին Աստւածներ»-ում: Յետոյ Վիլիամ Սարոյեանով, իսկ աւելի ուշ Վահէ Քաչայի «Գիշատիչների խնջոյք»-ը բեմադրեցինք: Ժամանակին համայնքն ընդառաջում էր, աջակցում ու գնահատում էր թատրոնը: Դա եթէ շարունակական է լինում, ապա ձեւաւորւում է որպէս բնաւորութիւն:

 

ԲԱՑՒՈՂ ՓԱԿԱԳԾԵՐ՝ «ԲԵԲԵԿՍ»-Ի ՄԱՍԻՆ

Վահագն Ազիզեանը «ԲԵԲԵԿՍ»-ի պատմութեան մասին նշեց, որ գործողութիւնը կատարւում է ընդմիջումով: Իսկ պատմութիւնը ամուսնացած զոյգի մասին է, որտեղ խաբէութիւնն ու յանուն մանր-մունր զւարճանքների ստելը կարծես դարձել է բնաւորութեան գիծ: «Իսկ ամուսնուն այս վիճակը դուր չի գալիս: Նա ցանկանում է տանը երեխաներ լինեն, ինչից խոյս է տալիս կինը: Ընթացքում ամուսինը ամէն ինչ թողած հեռանում է կնոջից: Կինն էլ նոր խաբէութեան ծրագիր մշակելով յետ է վերադարձնում ամուսնուն, ով վերջում հասկանում է, որ կրկնակի խաբւած է... մնացածը թողնենք վայելի հանդիսատեսը: Յատկապէս, որ խումբը մեծ ջանքեր է գործադրել յիշարժան ներկայացում պարգեւելու հանդիսատեսին»,- պատասխանեց բեմադրիչը:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։