Հա

Մշակոյթ

08/12/2022 - 10:45

Իւրայատուկ հնչողութեամբ ու ձեռագրով երգչախումբը. «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը տօնում է հիմնադրման 30-ամեակը

1992 թւականից ի վեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որի հիմնադիրն ու խմբավարը ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Տիգրան Հեքեքեանն է, իւրայատուկ կատարողականութեամբ նւաճում է աշխարհը՝ հանրահռչակելով Հայաստանն ու հայկական երաժշտութիւնը:

Բազմաթիւ միջազգային մրցոյթների դափնեկիր, «Եւրոպայի մշակոյթի դեսպան» պատւաւոր տիտղոսին արժանացած երգչախումբը 2022-ին տօնում է հիմնադրման 30-ամեակը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Տիգրան Հեքեքեանը պատմել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ստեղծման, նւաճումների եւ ապագայ ծրագրերի մասին:

«alikonline.ir» - 1992 թւականից ի վեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որի հիմնադիրն ու խմբավարը ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Տիգրան Հեքեքեանն է, իւրայատուկ կատարողականութեամբ նւաճում է աշխարհը՝ հանրահռչակելով Հայաստանն ու հայկական երաժշտութիւնը:

Բազմաթիւ միջազգային մրցոյթների դափնեկիր, «Եւրոպայի մշակոյթի դեսպան» պատւաւոր տիտղոսին արժանացած երգչախումբը 2022-ին տօնում է հիմնադրման 30-ամեակը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Տիգրան Հեքեքեանը պատմել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ստեղծման, նւաճումների եւ ապագայ ծրագրերի մասին:

 

- Պարոն Հեքեքեան, երգչախումբը հիմնադրեցիք 1992-ին, երբ երկիրը ծանր վիճակում էր, փորձում էր ոտքի կանգնել, առաջ նայել: Ի՞նչ առաքելութիւն կարող էր այն իրականացնել այդ տարիներին, որո՞նք էին Հայաստանի փոքրիկ երգիչների առաջնահերթութիւնները:

- 1992 թւականին, երբ մեր հայրենակիցներն ընտանիքներով լքում էին Հայաստանը, հասկացայ, որ պէտք է ստեղծել մի միջավայր, որտեղ երկրում մնացած ընտանիքները իրենց զգան երջանիկ, լոյսի, ջերմութեան մէջ, որտեղ կը լինի անաչառ մթնոլորտ, որտեղ երեխաներն իրենց տէր կը զգան:

Երբ ես փոքր էի, երազում էի ստեղծել պարսպապատ մանկական քաղաք, որպէսզի մեծերի վատ բարքերը չթափանցեն այնտեղ, եւ այն փոքրիկ ընտանիքը, քաղաքը, որն ստեղծել ենք, ունի իր օրէնքները. մեզ մօտ աւագներն ընտրւում են, գլխաւոր աւագն ընտրւում է, նրանք ունեն ձայնի իրաւունք, առաջարկներ, խնդիրները լուծելու հնարաւորութիւններ ու կարողութիւններ: Շատ հարցերում ինքնակառավարւող մեխանիզմ է: Դեռ այն ժամանակ գիտէի, որ երգչախումբը պէտք է ունենայ համաշխարհային ճանաչում եւ այն անւանեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ», որպէսզի ուր էլ գնանք, Հայաստանի անունը հնչի: Այսօր էլ դա նոյնքան արդիական է, քանի որ մեր պետութեան մասին շատերը չգիտեն:

Երկուսուկէս տարեկան երգչախումբը մեկնեց առաջին միջազգային շրջագայութեանը. դա մեր կեանքում առաջին ու ամենաերկար ուղեւորութիւնն էր: Եղել ենք 7 եւրոպական երկրում եւ ԱՄՆ-ի 15 նահանգում: Աւտոբուսով քաղաքից քաղաք էինք գնում, ելոյթներ ունենում ու միանգամից մեծ ճանաչում ստացանք: Մեզ անւանում էին Հայաստանի փոքրիկ դեսպաններ, եւ մենք զգում էինք հայրենիքին ճանաչում բերելու, երկրի վարկանիշը բարձրացնելու առաքելութիւնը: Հպարտ էինք ե՛ւ ես, ե՛ւ փոքրիկները:

 

- Կարո՞ղ ենք ասել, որ ձեր առաքելութիւնը նաեւ հայկական երաժշտութիւնը տարածելն է:

- Մեր երգացանկում զգալի տեղ են զբաղեցնում հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները: Շատ ենք հնչեցնում նաեւ արեւմտաեւրոպական հեղինակների գործեր: Մենք ունենք 21 լեզւով կատարումներ: Ճապոնական 20 գործ, չինական մի քանի գործ. երգում ենք ֆրանսերէն, անգլերէն, իտալերէն, արաբերէն ոչ թէ մէկ կամ երկու, այլ մի քանի գործ, սակայն արտերկրում նախընտրում ենք կատարել հայկական երաժշտութիւն ոչ թէ այն պատճառով, որ Գերմանիայում գերմանացիներն աւելի լաւ են կատարում օրինակ՝ Բախի գործերը, այլ որովհետեւ ցանկանում ենք մերը ճանաչելի դարձնել:

Տարիներ առաջ, երբ Իսրայէլում եբրայերէն ստեղծագործութիւն կատարեցինք, երկրի ԱԳՆ-ի մշակոյթի բաժնի պատասխանատուն հրեայ խմբավարների ներկայութեամբ ասաց, որ Իսրայէլի երգչախմբերն այնքան լաւ չեն կարողանում եբրայերէն երգել, եւ բոլորը համաձայնւեցին նրա հետ: Ճապոնիայից Հայաստան եկաւ JVC ընկերութեան ներկայացուցիչը, որպէսզի այստեղ մենք տասը ճապոնական երգ ձայնագրենք խտասալիկի համար: Ընկերութեան ներկայացուցիչն ասաց, որ 5 մլն մանկական երգչախումբ ունեն, սակայն չեն գտել ճապոնական որեւէ երգչախումբ, որն աւելի հոգեթով, աւելի գեղեցիկ կարողանայ երգել ճապոնական երգեր, քան «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը:

Մեր համերգային ծրագրի առնւազն կէսն օտար լեզւով է, բայց, երբ երգում ենք Խորենացի, Մաշտոց, Շնորհալի, Օձնեցի, Նարեկացի ու յայտարարում ենք 5-րդ դար, լրիւ այլ տպաւորութիւն է ստեղծւում: Յետոյ ասում ենք Կոմիտաս, անդրադառնում ենք Արթուր Արամեանին, Դաւիթ Հալաջեանին, Ռոբերտ Ամիրխանեանին, Ռոբերտ Պետրոսեանին, Երւանդ Երկանեանին, Շաքարեանին, Արզաս Ոսկանեանին եւ այլ հեղինակների: Դա մեր զէնքն է, մեր ուժն է, մեր հպարտութիւնն է:

 

- Մի առիթով նշել էք, որ երգելու հնարաւորութիւն էք տւել ոչ միայն շնորհաշատ երեխաներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երգել: Մտավախութիւն չկա՞ր, որ այդ դէպքում կը ձախողէք:

- Մինչեւ 2002 թւականը ուղիղ տասը տարի ես ընտրում էի երեխաներին, ընտրում էի ոչ միայն ձայնով, լսողութեամբ, այլեւ՝ տեսքով: 2002-ին, երբ մեզ ճանաչեցին աշխարհի լաւագոյն երգչախումբ, իսկ մինչ այդ արժանացանք «Եւրոպայի մշակոյթի դեսպան» պատւաւոր տիտղոսին, հասկացայ, որ աւելին հնարաւոր չէ անել. չենք կարող գնալ ու կրկին միջազգային մրցոյթների մասնակցել, իսկ ես նախընտրում եմ անընդհատ բարձրանալ փոքրիկ սարեր, քան մեծ սարի գագաթը նւաճել ու մնալ այնտեղ: Ուստի ամենաբարձր գագաթից բացեցի դռներն ու հնարաւորութիւն տւեցի բոլոր ցանկացողներին միանալ երգչախմբին:

Առաջին մի քանի տարին հազիւ էինք պահում մեր որակը, անգամ զգում էի, թէ ինչպէս ենք անկում ապրում: Այդ ընթացքում արտերկիր չենք գնացել. մի քանի տարի անց բարձրացանք ու առ այսօր գնում ենք առաջ: Այն գործերը, որոնք տարիներ առաջ դժւարութեամբ էին երգում, այսօր հեշտութեամբ են կատարում, որովհետեւ անդադար աշխատանքը բերում է տեխնիկական ու որակական յատկանիշների բարձրացմանը, սակայն յուզականը միշտ եղել է մեր ամենակարեւոր խաղաքարտը:

 

- Գիտեմ, որ երգչախմբի անդամներին ոչ միայն բարձր արւեստին էք ծանօթացնում, ոչ միայն սովորեցնում էք սիրել երգարւեստը, այլեւ փորձում էք սովորեցնել սիրել աշխարհը: Ի՞նչ այլ արժէքներ էք ձգտում փոխանցել նրանց:

- Կարեւոր է սէրը միմեանց նկատմամբ: Եթէ մարդիկ իրար չսիրեն, չեն կարող ուրիշին սիրել: Ես պաշտում եմ երգչախմբի երգիչներին՝ անկախ նրանից, որ խիստ եմ նրանց հետ: Խնդիր եմ դնում սիրել իրենց բակը, քաղաքը, իրենց գիւղը, երկիրը եւ մոլորակը, որն այնքան է փոքրացել, ու մենք հասկանում ենք, որ բոլորս ենք նրա համար պատասխանատու: Նրանք հոգատար են դիմացինի հանդէպ, փորձում են մեր քաղաքը մաքուր պահել: Մասնակցում ենք տարբեր միջոցառումների. մենք յաճախ ծառատունկ ենք իրականացնում: Վերջերս Մաշտոցի պողոտայում տնկեցինք վեց արեւելեան սօսիներ, որոնք ապրում են մինչեւ 800 տարի: Փայփայում ենք այդ ծառերը. ամէն շաբաթ գնում ու ջրում ենք: Դա հողին, երկրին կապելու միջոց է: Ծառեր ենք տնկել նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տարածքում, Սրտաբանական ինստիտուտի տարածքում:

 

- Յոբելեանի առթիւ համերգային գեղեցիկ ծրագրով ներկայացաք, որին մասնակցեցին երգչախմբի տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Ի՞նչ զգացողութիւններ ունէիք այդ օրը: Եթէ ամէն ինչ նորից սկսելու հնարաւորութիւն լինէր, ինչ-որ բան կը փոխէի՞ք:

- Բեմ բարձրացանք 60 հոգուց բաղկացած երգչախմբով. ամենափոքրը 20 տարեկան, ամենաաւագը՝ 46: Միասին երգեցին մի քանի ստեղծագործութիւն: Երբ տարբեր սերունդներ բեմ բարձրացան, տեսնէիք, թէ ինչպէս էր նրանց դիմաւորում դահլիճը: Շատ յուզիչ պահ էր:

Իմ կեանքում շատ բան կը փոխէի, բայց երգչախումբը ճիշտ ճանապարհով է գնացել: Համերգին ոչ մի բան չէի զգում. երբ աշխատում եմ, զգալու ժամանակ չունեմ: Յետոյ հաճելի էր, սակայն այդ հաճոյքն էլ այն բերկրանքը չի բերում, քանի որ լարումը բեմում ու մինչեւ բեմն այնքան էներգիա է տանում, որ քեզ թւում է՝ պարպւեցիր: Այժմ պատրաստւում ենք դիրիժոր Օհան Դուրեանի 100-ամեակին նւիրւած համերգին, որը տեղի կունենայ դեկտեմբերի 9-ին: Դուրեանը մեր երգչախմբի լաւագոյն բարեկամն էր, մենք էլ՝ նրա: Տարւայ վերջում համերգով նշելու ենք Վահագն Դաւթեանի 100-ամեակը: Նա 20-րդ դարի մեր վերջին մեծ պոէտն էր: Ռազմիկ Դաւոյեանը կանգնած է 20-21-րդ դարերի կենտրոնում, իսկ Վահագն Դաւթեանը փաստօրէն 20-րդ դարի վերջին պոէտն էր եւ չնշել նրա յոբելեանն ուղղակի մեղք է, եւ ես բարոյական պարտականութիւն ունեմ երեխաներին փորձելու մօտեցնել Վահագն Դաւթեանին: Պէտք է մեծացնել նրա անւան ու ստեղծագործութեան հանդէպ հետաքրքրութիւնը:

 

- Մայեստրօ, երգչախմբում սերնդափոխութիւն կայ, երգչախմբային արւեստի պահանջները եւս փոխւում են, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շարունակում է լինել ինքնատիպ ու սպասւած

- «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ունի իւրայատուկ հնչողութիւն, որը չես կարող շփոթել աշխարհի որեւէ մանկական երգչախմբի հնչողութեան հետ, ունի ձեռագիր, երգելաձեւ: Կոմպոզիտոր Արմինէ Կարապետեանը մի անգամ գրել էր՝ իրեն չի զարմացնում, որ երգչախումբը հասել է այդպիսի բարձունքների, իրեն զարմացնում է, թէ ինչպէս ենք տասնամեակներ մնում այդ բարձունքում: Կարծում եմ՝ միայն տաղանդը չէ. դա համալիր աշխատանք է:

 

Անժելա Համբարձումեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։