Հա

Մշակոյթ

12/12/2022 - 11:40

Կենացներ բարձրացնելու հայկական մշակոյթի պատմութիւնը

Ոչ մի հայկական խնջոյք չի անցնում առանց բաժակ բարձրացնելու եւ կենացներ ասելու։ Հայերը այնքան լուրջ են վերաբերում կենացին, որ յաճախ դրա համար յատուկ թամադա են նշանակում։ Սակայն Հայաստանում այս աւանդոյթի ծագման մասին քիչ բան է յայտնի։ Միեւնոյն ժամանակ, վկայութիւնն այն մասին, որ հայ ժողովուրդը խնջոյքների ժամանակ կենացներ էր ասում, վերաբերում են մ.թ.ա.-ին։

«alikonline.ir» - Ոչ մի հայկական խնջոյք չի անցնում առանց բաժակ բարձրացնելու եւ կենացներ ասելու։ Հայերը այնքան լուրջ են վերաբերում կենացին, որ յաճախ դրա համար յատուկ թամադա են նշանակում։ Սակայն Հայաստանում այս աւանդոյթի ծագման մասին քիչ բան է յայտնի։ Միեւնոյն ժամանակ, վկայութիւնն այն մասին, որ հայ ժողովուրդը խնջոյքների ժամանակ կենացներ էր ասում, վերաբերում են մ.թ.ա.-ին։

«Անհնար է յստակ որոշել, թէ երբ են հայերը սկսել կենաց ասել։ Այնուամենայնիւ, որոշ յուշումներ կան հնագիտական փաստաթղթերում: Արենիի քարանձաւային համալիրում աշխարհի հնագոյն գինեգործարանի յայտնաբերման շնորհիւ մենք գիտենք, որ Հայաստանի բնակիչները գինի են խմել դեռ մ.թ.ա. 4000 թւականին։ Ուստի, միանգամայն հնարաւոր է, որ Հայաստանում առաջին կենացները սկսել են հնչեցնել հէնց այդ ժամանակ»,- նշւած է Armmuseum.ru-ի նիւթում, որի համար աղբիւր է հանդիսացել Smithsonianmag.com կայքը։ Գրում է Panorama.am-ը:

Հայաստանում խնջոյքների եւ կենացների մասին առաջին գրաւոր յիշատակումը վերաբերում է մեր թւարկութեան 5-րդ դարին, երբ երկիրը գտնւում էր Պարսկաստանի տիրապետութեան տակ։

«Գահնամակ» կոչւող փաստաթղթերը պատկերացում են տալիս, թէ ինչպէս են անցկացւել թագաւորական խնջոյքները Արշակունիների եւ Սասանեանների օրօք։

Խնջոյքներին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, իսկ տօնական խնջոյքների ժամանակ կանայք առանձին էին նստում: Հաւանաբար հէնց այս պատճառով է, որ տղամարդիկ են գերիշխում հայկական կենացների մշակոյթում: Կին թամադաները հազւադէպ են նոյնիսկ այսօր:

«Կարելի է միայն կռահել, թէ արդեօք նման ծեսեր եղել են հասարակ մարդկանց շրջանում «Գահնամակի» գրման ժամանակաշրջանում, քանի որ նրա էջերում արտացոլւած է միայն հայ արիստոկրատների կեանքը։ Սակայն ազգագրագէտ Լեւոն Աբրահամեանը կարծում է, որ հասարակ ժողովուրդը ձգտել է ընդօրինակել թագաւորական խնջոյքները։ Այս տեսութիւնը հաստատւում է նաեւ 19-րդ դարի փաստաթղթերով, որտեղ հարսին եւ փեսային անւանում են թագաւոր եւ թագուհի։

Բայց Հայաստանում կենաց ասելու աւանդոյթը, ամենայն հաւանականութեամբ, առաջացել է դեռեւս առաջին յայտնի Գահնամակի յայտնւելուց առաջ։ Երւանդունիների դինաստիայի ժամանակ գինի էին խմում արծաթէ ռիթոններից եւ հաւանաբար ունէր կենաց ասելու իր չփաստաթղթաւորւած աւանդոյթը: Սերնդէսերունդ փոխանցւող ժամանակակից կենացներում յաճախ են յիշատակւում արեւի լոյսն ու կրակը՝ զրադաշտականութեան առանցքային խորհրդանիշները, որին հետեւում էր հայերի մեծ մասը մինչեւ քրիստոնէութեան գալուստը։ 

Բացի գահնամականներից, հայ գրականութեան մէջ կենացներ բարձրացնելու մասին մինչեւ 19-րդ դարը գրեթէ չի խօսւում։ Բայց դա չի նշանակում, որ այն ժամանակ աւանդոյթը չկար։ Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտութեան պրոֆեսոր Փիթէր Քոուին ասել է. «Գրագիտութիւնը Կովկաս եկաւ քրիստոնէութեան միջոցով: Այն ամէնը, ինչը քրիստոնէական աստւածաբանութիւն չէր, բանաւոր էր: Այդ պատճառով է կենացների մասին յիշատակումը կորել է»։ Հնարաւոր է նաեւ, որ կենացներն այնքան սովորական էին հայերի կեանքում, որ դրանց մասին ուղղակի չարժէր գրել»,- գրւած է նիւթում։

 

Յարակից լուրեր

  • ՄԵՂՈՒ - Թամադայի հզօրութիւնը
    ՄԵՂՈՒ - Թամադայի հզօրութիւնը

    Փոքր տարիքիս թամադա բառից սարսափում էի եւ ինձ թւում էր, թէ նա ամենակարող մարդն է աշխարհում, դրա համար էլ որեւէ խնջոյքի կամ հարսանեաց հանդէսների ներկայանալիս՝ չափից աւելին ինձ կարգապահ էի պահում ու հայեացքս սեւեռած իր կողմը՝ սպասում նրա հրամանին։ Իսկ ինչո՞ւ այդպէս, հիմա պատմեմ։

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։