Հա

Մշակոյթ

17/12/2022 - 13:20

Գրական ցերեկոյթ՝ նւիրւած հայ անւանի գրող Վահագն Դաւթեանի 100-ամեակին

 Գրական ցերեկոյթի ընթացքում կայացաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի կողմից գրողի 100-ամեակի առիթով լոյս տեսած, խորհրդանշական 100 բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհանդէսը։ Գիրքը կազմել է ՀՀ վաստակաւոր արտիստ Սիլւա Իւզբաշեանը, խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը։

Գրական ցերեկոյթի ընթացքում կայացաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի կողմից գրողի 100-ամեակի առիթով լոյս տեսած, խորհրդանշական 100 բանաստեղծութիւնների ժողովածուի շնորհանդէսը։ Գիրքը կազմել է ՀՀ վաստակաւոր արտիստ Սիլւա Իւզբաշեանը, խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը։

Միջոցառումը բացւեց Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանի խօսքով, այնուհետեւ ներկաները հնարաւորութիւն ունեցան ունկնդրելու ՀՀ վաստակաւոր արտիստ Սիլւա Իւզբաշեանի յրաշալի ասմունքը։

Ելոյթներով հանդէս եկան ՀՀ Գրողների միութեան քարտուղար Պետրոս Դեմիրճեանը, Ավետիք Իսահակեանի տուն-թանգարանի տնօրէն Անժելա Խորէնեանը, գրականագէտ Սուրէն Դանիէլեանը, գրքի խմբագիր, բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը, գրականագէտ, «Արմաւ» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Արմէն Աւանէսեանը։

Միջոցառումը փակւեց Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանի խօսքով։

Ցերեկոյթի ընթացքում հնչեցին Վահագն Դաւթեանի այն բանաստեղծութիւններից, որոնք տարբեր ժամանակներում երգերի են վերածւել։ Կայացաւ «Աշուն» երգի առաջնելոյթը։ Երաժշտութեան հեղինակն է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսեանը, կատարեց Անդրանիկ Մալխասեանը։

 

Համազգայինի Երեւանի գրասենեակ

 

 

«Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր, Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանի խօսքը Վահագն Դաւթեանի 100-ամեակին նւիրւած միջոցառման ժամանակ

Վահագն Դաւթեանի լուսաւոր թախիծն ու լաւատեսութիւնը

 

Սիրելի բարեկամներ

Յայտնի ճշմարտութիւն է, որ ժամանակը ծնում է իր հերոսներին։ Կարծում եմ նոյնքան ճիշտ է նաեւ, որ հերոսները ստեղծում են իրենց ժամանակը։ Ծնում են այդ ժամանակը, բովանդակութիւն ու գոյն են հաղորդում նրան եւ տանում են ժամանակի բեռը իրենց ուսերի վրայ։ Համիդ բռնապետից մինչեւ Ստալին բռնապետ դարի չափ ձգւած գողգոթայի ճանապարհին կարծես թէ հալւել ու սպառւել էր հայ ժողովուրդը՝ գոյատեւութիւնը շարունակելու աշխարհաստեղծ ժողովուրդներից մէկի ապրելու կամքն ու ներուժը։

Ողբերգական ժամանակի աւարտի հետ, սակայն, ասպարէզ է մտնում մի սերունդ, որը Սասունցի Դաւթի պէս պիտի գոչէր, թէ սպանւած չեմ, հայ ժողովուրդը չի մեռել, ահա եկել է ինքը կերտելու համար իր ժողովրդի զարթօնքը՝ նրա նոր վերածնունդը։ Այդ վերածնունդը, որ տեղի էր ունենում կեանքի բոլոր ասպարէզներում, իր ակնառու դրսեւորումը գտաւ յատկապէս գրականութեան մէջ, գուցէ եւս մէկ անգամ փաստելու համար, որ ի սկզբանէ բանն էր, եւ բանն է, որ պիտի ստեղծի ոգեղէն նոր միջավայր, ուր հասակ առնող ճարտարապետը, նկարիչը, տիեզերագէտը, մաթեմաթիկոսը, արտիստն ու մարզիկը իրենց քայլը պիտի գցեն աշխարհի քայլին հաւասար։

Հայ գրականութեան նոր արշալոյսն աւետող սերունդը աշխարհ եկաւ ինչպէս մանուկը, կամ ինչպէս հոգադարձ եղած մարդը, ով կրկին պիտի ճանաչի իրեն, աշխարհն ու նրա ճշմարտութիւնները։ Նա իր պարզ ու անեղծ հայեացքով սկսեց նայել աշխարհին եւ յայտնագործել ժայռը, վիհը, երկինքը, դաշտը, քամին ու անտառը, հայրենիքն ու սէրը իբրեւ իրենց պէս նոր ծնւած գունագեղ ու կուսական հրաշք, յաւերժութեան վկայական, մարդկային գոյութեան պայման ու առհաւատչեայ։

Գրականութեան նոր սերնդի շուրթերին հայերէն բառը բողբոջում է իր նախնական անեղծութեան եւ անկեղծ իմաստների մէջ։

Եւ կարծես կայ մէկ բան միայն, որ փոխանցւել է նրանց որպէս երակներով հոսող արիւն, ուղեղային հիւանդութիւն ու միֆ՝ հայրենիքը իր ցաւով, իր խաչելութեամբ իր անդառնալի կորուստներով, իր հազարամեակների խորհուրդներով եւ խորհրդաւորութեամբ։

Հայ նոր գրականութեան նոր մեծերի փաղանգի մէջ իր բնորոշ, միաժամանակ ուրոյն տեղն ունի Վահագն Դաւթեանը։

Որպէս կորուսեալ երկրի զաւակ նա հէնց լաւագոյնս խորհրդանշողն է ծանր ու լուսաւոր յիշողութեան, կարոտաբաղձութեան այն բեռի, որն ամբողջ կեանքում պիտի կրի բանաստեղծի իր զգայուն սրտի եւ հուրհրատող մտքի մորմոքուն կրակների վրայ։

Յիշողութիւնը կարծես այն փուշն է, որն ինչ որ ժամանակ խրւել է գաղթող մանկան ոտքը եւ անգամ տասնամեակներ անց շարունակում է խրւած մնալ այնտեղ կամ գուցէ ուղեղում եւ ցաւեցնել շարունակ ու անընդհատ յիշեցնել իր մասին։

Այսպէս է գրում Դաւթեանը իր «Փուշը» բանաստեղծութեան մէջ․

 

․․․Ու մինչեւ հիմա չգիտեմ հաստատ,

Դեղին տե՞նդ է դա

Երա՞զ է,

Թէ՞ յուշ․․․

 

Գնո՜ւմ է, գնում յոգնած մի մանուկ

Ոտաբոբիկ է,

Ճանապարհը՝ փուշ

 

Ամռան արեւը դաշտին ու սարին

Իր դեղին ու տաք մորմոքն է քամել,

Մանուկը նստել շիկացած քարին

Եւ ուզում է փուշն իր ոտքից հանել։

 

Ու մինչեւ հիմա դեղին տենդի մէջ

Արեւն իր դեղին մորմոքն է քամում․․․

 

Մանուկն ուզում է

Ոտքի փուշն հանել,

Բայց մինչեւ օրս չի՛ կարողանում։

 

Տարիների հեռաւորութեամբ մշուշւած հայրենի եզերքի պատկերների, երջանիկ մանկութեան յիշողութիւնների պատառիկները ուղեկցում գուցէ եւ հետապնդում են բանաստեղծին եւ դրանք առնւազն ենթատեքստային կամ ենթագիտակցական մակարդակով կարծես ներկայ են, զգացնել են տալիս իրենց մասին ինչ թեմայով էլ որ ստեղծագործում է բանաստեղծը։

Պատկերներ որոնք յիշողութեան լոյսերի մէջ շողարձակւում են բիւրեղեայ մաքրութեամբ եւ ցաւ են պատճառում ինչպէս ֆիզիկական գոյութիւնից զատւած մասնիկներ։

Մի աշխարհ որ բարդի ու գետ էր, քարափ էր ու քարափի տակի մի բուռ կանաչ ու մի վայրի անմոռուկ, ակնաղբիւրներ, որ իրենց աչերին լոյս են տանում, սար ու ձոր էր, անդունդ ու ժայռ։ Եւ հիմա այնտեղ մնացել են թափառական քամին, շւարած արահետները։ Տաղ ու կանչեր մնացին որ գիշերով զարթնում յանկարծ եւ ուզում են ղօղանջել, մնաց մի գետ որ ծառանում է փրփրած, ապա անզօր փշրւելով ծամում է իր որձաքարը։

Լեռների մէջ վարգում է մի որբ հովատակ, ու մշուշի մէջ ոռնում է մի շուն, կլանչելով վազում է հեւիհեւ հեռացող քարաւանի ու լքւած տան միջեւ։

Այնտեղ այն կորուսեալ դրախտում դեռ ղօղանջում են մանկան ծիծաղն ու լացը։ Այդ ամենի տպաւորութեամբ բանաստեղծը գրում է․

 

Եւ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում

Այդ աստղային պատրանքից ցաւիս մէջ ցաւ է կաթում։

 

Կամ այսպէս է անդարմանելի կարօտից բիւրեղացող ոգեղէն ալեկոծումները բանաստեղծում Վահագն Դաւթեանը․

 

Գիշերներս հիմա զառանցանք են ու թոյն,

Երակների մէջ իմ՝ հողմի մահերգն է ժանտ:

 

Դատապարտւած լինելով ողջ կեանքում իր հետ տանելու իր եւ իր ժողովրդի ցաւն ու կարօտը այնուամենայնիւ Դաւթեանի թախիծը, որի տակ ողբերգութեան կրակն է անթեղւած, անկեղծ է ու լուսաւոր։ Չար չէ այդ ապրումը եւ աշխարհի հանդէպ պարտադրանք, պարտք ու պահանջ չէ ակնկալիքը։ Դաւթեանը տիեզերական ողբերգութեան ֆիզիկական ապրումը չի ցանկանում փոխանցել մարդկանց այլ, եթէ կարելի է այդպէս ասել, թախծոտ լաւատեսութիւնը, սէրը աշխարհի եւ մարդկանց հանդէպ։

Նա բացայայտում է մարդկանց համար իր բիւրեղեայ մանկութեան աշխարհը եւ թոյլ է տալիս նրա դռներից ներս մտնել, հրաւիրում է մուտք գործելու այնտեղ, իր պէս զմայլւելու ու գերւելու այդ աշխարհի գեղեցկութեամբ եւ գուցէ բաւարարութիւն է գտնում այդ գեղեցկութիւնն ու հրաշքը դարձնելով ուրիշների սեփականութիւնը, կենդանացնելով յիշողութիւնների աշխարհն ու նորից բնակեցնելով այն մարդկանցով, աստւածային առաքելութեամբ կարծես վերածնում է, վերադարձնում է մարդկանց յաւիտենապէս հեռացած աշխարհը եւ նրա բոլոր հրաշքները, նրա բոլոր ձայներն ու գոյները։

Ահդ ամենով հանդերձ բանաստեղծն ապրում է իր երկրի ներկայով, նրա վերելքներով ու վայրէջքներով․

 

Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ

Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք,

Ես՝ քարեղէն մոլուցք, ձիւնահողմի գանգատ,

Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։

 

Վահագն Դաւթեանի ուղեկից փարոսը լոյսն է՝ իր մաքրագործող ու լաւատեսութիւն ներշնչող բնոյթով։ Լուսաւոր այդ պոէզիայի մէջ լոյսը սկիզբ է, լոյսը աշխարհի ճշմարտութիւնն է, լոյսը կեանքի յարատեւութեան աղբիւրն է, լոյսը աշխարհի գեղեցկութիւնն է, լոյսը արեւածագի ծաղիկն է, Աստւած ինքը լոյս է, լոյսը ամէն ինչի սկիզբն է, լոյսն անվերջ է, մարդկութեան յաւերժական պայքարը լոյսի, լոյսի յաղթանակի համար է։ Լաւատես է բանաստեղծ Վահագն Դաւթեանը եւ հաւատում է իր երկրի ապագային, իր երկրի փրկութեանն ու յաւերժութեանը։ Մի հաւատ ու լաւատեսութիւն, որը թերեւս օդ ու ջրի պէս հարկաւոր է մեզ եւ պակասում է համախմբման համար։

Մարգարէի պէս կարծես զգալով, որ գալու են նաեւ մեր այսօրւայ դժնի օրերը Դաւթեանը պատգամում է․

 

Գիտե՛մ այս դարի հողմերում վրդով

Դարերից բերած խորին խորհրդով

Քեզ պիտի նորից Նարեկով զտես

Խաչքարիդ ազնիւ լոյսով մկրտես,

Ջրդեղես պիտի Չարենցեան հրով

Ու քո վաստակով, քո կոթողներով,

Քո մատեաններով, սիրոյ տողերով,

Քո մաքուր գինով, քո արդար հացով,

Յարատեւութեան քո առեղծւածով

Յաւերժես պիտի լեռներում այս լուրթ,

Հաւատո՛ւմ եմ քեզ, իմ հայ ժողովուրդ․․․

 

Դաւթեանը նաեւ Արցախի տագնապի նրա պայքարի ճշմարտութեան եւ անհրաժեշտութեան գիտակցութեան հետ է․

 

Ու եթէ դա էլ տանք - չկանք ու չենք եղել։

Ուրեմն զարկ, Արցախ,

Չկայ ուրիշ հնար եւ ուրիշ ելք չկայ,

Քանզի յաւերժի մէջ սա ակնթարթն է այն,

Որ կարող է յանգչել իբրեւ վերջին հառաչ,

Բայց կարող է նաեւ

Ուղեկիցը դառնալ յաւերժութեան։

 

Ուրեմն զարկ Արցախ,

Զարկ իմ զարմանալիդ․․․

Չկայ ուրիշ հնար եւ ուրիշ ելք չկայ,

Քանզի ոսոխը քո՝ այդ քոչւորը վայրի

Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիւ

Եւ այդ լեզւից է լոկ, որ փոխւում է կրկին

Խուճապահար հօտի․․․

 

Սիրելի բարեկամներ իսկապէս ապրում ենք այսօր մեզ հիւրընկալած պոէտի կանխագուշակած «Ոգու սովի» օրեր եւ կարծես ոչ մէկին հետաքրքիր չեն ոչ բանաստեղծներն ու բանաստեղծութիւնները, ոչ մշակոյթն առհասարակ, որը ազգ է կերտում, հային հայ է դարձնում, մեր դէպքում, չթողնելով որ օտար հեղեղների մէջ պղտորւելով դաւաճանենք ինքներս մեզ։

«Համազգային» կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ եւ իր գործակիցների հետ Վահագն Դաւթեանի յիշատակի յաւերժացմանն ուղղւած այս միջոցառումը համարում եմ շատ կարեւոր եւ անհրաժեշտ։ Այս համեստ ձեռնարկով մենք մեր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնն ենք յայտնում մեծ պոէտին։ Մենք երախտապարտ ենք նրան այն բանի համար ինչ նա թողել է մեզ եւ ինչով հարստացրել է հայ հոգեւոր անդաստանը։

 

Յարակից լուրեր

  • Տեղի ունեցաւ Լեւոն Շանթի դիմաքանդակի բացման արարողութիւնը
    Տեղի ունեցաւ Լեւոն Շանթի դիմաքանդակի բացման արարողութիւնը

    Նոյեմբերի 30-ին Երեւանի Լեւոն Շանթի անւան թիւ 4 հիմնական դպրոցում կայացաւ հայ մեծանուն գրող, դրամատուրգ, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադիր Լեւոն Շանթի դիմաքանդակի բացման արարողութիւնը։

  • Համազգայինի սաները մշակութային ներկայացումներով հանդէս են եկել Բերքի տօնին
    Համազգայինի սաները մշակութային ներկայացումներով հանդէս են եկել Բերքի տօնին

    Նոյեմբերի 23-ին Մարտունու շրջանի Խերխան գիւղում անց է կացւել «Բերքի տօն», որին մասնակցել են նաեւ յարակից գիւղի՝ Մաճկալաշէնի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան «Մունք» պարախմբի եւ «Հմուտ ձեռքեր» խմբերի սաները:

  • Տեղի ունեցաւ «Կրթամշակութային կեանքը Արցախում» գրքի շնորհանդէսը
    Տեղի ունեցաւ «Կրթամշակութային կեանքը Արցախում» գրքի շնորհանդէսը

    Վերջերս տեղի ունեցաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի նախաձեռնութեամբ գիտաժողով՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման, գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի տարատեսակ հարցերի վերաբերեալ:

  • Համազգայինի Կեդրոնական Վարչութեան 2022-2026 քառամեակի Ա. լիակազմ ժողով
    Համազգայինի Կեդրոնական Վարչութեան 2022-2026 քառամեակի Ա. լիակազմ ժողով

    11, 12 եւ 13 Նոյեմբեր 2022-ին, Համազգայինի Կեդրոնական Վարչութեան Լիբանանի մայր գրասենեակին մէջ գումարուեցաւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան 2022-2026 քառամեակի Ա. լիակազմ ժողովը: Ժողովին յատուկ օրակարգերու տակ իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Մ. եւ Հ. Արսլանեան եւ Մարսէյի Ճեմարաններուն, Համազգայինի Երեւանի եւ Արցախի գրասենեակներուն, ինչպէս նաեւ «Վահէ Սէթեան» տպարանին ու հրատարակչատան տնօրէնները։

  • Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը այցելեց Վեհափառ Հայրապետին
    Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը այցելեց Վեհափառ Հայրապետին

    Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը Լիբանանի մէջ ունեցած իր լիակատար նիստերէն ետք այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեան ընդհանուր գիծերով ներկայացուց Համազգայինի Կեդրոնական Վարչութեան յառաջիկայ ծրագրային առաջնահերթութիւնները ու աշխատանքային ուղեգիծը:

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։