Լոս Անջելէսում կայացել է «Ոսկէ գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխութիւնը։ Միջոցառման գլխաւոր յաղթողներն էին ռեժիսոր Սթիւէն Սփիլբերգը, դերասանուհի Քէյթ Բլանշէթը եւ դերասան Օսթին Բաթլէրը:
«alikonline.ir» - Լոս Անջելէսում կայացել է «Ոսկէ գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխութիւնը։ Միջոցառման գլխաւոր յաղթողներն էին ռեժիսոր Սթիւէն Սփիլբերգը, դերասանուհի Քէյթ Բլանշէթը եւ դերասան Օսթին Բաթլէրը, ըստ Tert.am-ի՝ գրում է BBC-ն:
Սփիլբերգն արժանացել է «Լաւագոյն ռեժիսոր» մրցանակին` «Ֆաբելմանները» ֆիլմի համար, որում յայտնի հոլիվուդեան ռեժիսորը մասամբ նկարագրել է իր երիտասարդութիւնը: Ֆիլմը յաղթել է նաեւ «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում։
Քէյթ Բլանշէթը «Ոսկէ գլոբուս» է ստացել «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում՝ «Թառ» ֆիլմի համար. նա մարմնաւորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նւագախմբի դիրիժորին։ Դերասանուհին չի մասնակցել արարողութեանը, քանի որ այժմ նկարահանւում է Մեծ Բրիտանիայում։
Օսթին Բաթլէրն արժանացել է «Լաւագոյն դերասան» մրցանակին` «Էլւիս» ֆիլմի համար, որը յայտնի երգիչ Էլւիս Փրեսլիի մասին կենսագրական կինոնկար է: Դրա ռեժիսորն է Բազ Լուրմանը:
Իռլանդացի դերասան Քոլին Ֆարէլը յաղթել է «Կատակերգութեան/միւզիքլի լաւագոյն դերասան» անւանակարգում՝ «Ինիշերինի բանշերը» տրագիկոմեդիայի համար: Այս կինոժապաւէնը լաւագոյնն է ճանաչւել նաեւ «Լաւագոյն կատակերգութիւն/միւզիքլ» անւանակարգում. «Ոսկէ գլոբուս» է ստացել նաեւ դրա սցենարիստ Մարտին Մակդոնահը։
Միշէլ Եոն պարգեւատրւել է որպէս կատակերգութեան/միւզիքլի լաւագոյն դերասանուհի՝ «Ամէն ինչ ամենուր, բոլորը միանգամից» գիտաֆանտաստիկ կատակերգութեան համար, որը պատմում է զուգահեռ տիեզերքներում կեանքի մասին։
«Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» անւանակարգում յաղթել է Գիլերմօ դէլ Տորոյի «Պինոկիօ»-ն:
«Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» պրիքւելը, ճանաչւել է լաւագոյն հեռուստասերիալ:
Այս տարւայ արարողութիւնն առաջինն էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրւած կարանտինային միջոցառումների վերացումից յետոյ։ Դրան մասնակցել են բազմաթիւ աստղեր, այդ թւում՝ երգչուհի Ռիհաննան, դերասաններ Բրեդ Փիթն ու Մարգօ Ռոբին։