Հարիւր տարի անց այն բանից, երբ ընդունւել են մեծ թւով երեխաներ, որոնց ծնողները սպանւել են Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, Երուսաղէմի Հայկական թաղամասի 19-րդ դարի որբանոցը կրկին բացել է իր դռները՝ որպէս թանգարան, որը փաստում է համայնքի հարուստ, թէեւ ցաւալի պատմութիւնը:
«alikonline.ir» - Հարիւր տարի անց այն բանից, երբ ընդունւել են մեծ թւով երեխաներ, որոնց ծնողները սպանւել են Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, Երուսաղէմի Հայկական թաղամասի 19-րդ դարի որբանոցը կրկին բացել է իր դռները՝ որպէս թանգարան, որը փաստում է համայնքի հարուստ, թէեւ ցաւալի պատմութիւնը, ըստ News.am-ի՝ գրում է AP-ն:
Մարտիկեան թանգարանը ցուցադրում է հայկական մշակոյթը եւ պատմում սուրբ քաղաքի հետ համայնքի դարաւոր կապի մասին: Միեւնոյն ժամանակ, այն 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը համարւող, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանեան թուրքերի կողմից սպանւած մօտաւորապէս 1,5 միլիոն հայերի յիշատակին նւիրւած յուշահամալիր է։
Տնօրէն Ցոխիկ Կարակաշեանը նշել է, որ թանգարանը կոչւած է հայութեան կեանքի ուղեցոյց ծառայել։
Թանգարանը վերաբացւել է 2022 թւականի վերջին՝ աւելի քան հինգ տարւայ վերանորոգումից յետոյ։ Մինչ այս շէնքը, որը սկզբում 1850-ականներին կառուցւած ուխտաւորների տուն-ինտերնատ էր, ծառայել է որպէս վանք, որբանոց՝ ցեղասպանութիւնից փրկւած երեխաների համար, ճեմարան եւ, վերջապէս, փոքրիկ թանգարան եւ գրադարան:
Երուսաղէմում ապրում է մօտ 6000 հայ, որոնցից շատերը ցեղասպանութիւնից փախած մարդկանց ժառանգներ են։ Շատերը բնակւում են պատմական Հին քաղաքի գլխաւոր թաղամասերից մէկում, որը հիմնականում 12-րդ դարի հայկական Սուրբ Յակոբի տաճարին կից համալիր է:
Բայց հայերի կապը սուրբ քաղաքի հետ գալիս է դարերի խորքից՝ ուշ Հռոմէական կայսրութեան ժամանակ վանականներից ու ուխտաւորներից մինչեւ Երուսաղէմի հայ թագուհիները։
Թանգարանի կենտրոնական տարրը արեւով լցւած բակում 5-րդ կամ 6-րդ դարերի նրբագեղ խճանկարն է՝ զարդարւած հազւագիւտ թռչուններով եւ խաղողի որթերով, որը յայտնաբերւել է 1894 թւականին՝ հին հայկական վանական համալիրում: Այն ունի հայերէն մակագրութիւն՝ նւիրւած «բոլոր հայերի յիշատակին եւ փրկութեանը, որոնց անունները Տէրը գիտի»։
Տասնամեակներ շարունակ խճանկարը մնացել է Հին քաղաքի Դամասկոսի դարպասի մօտ գտնւող փոքրիկ թանգարանում: 2019 թւականին Իսրայէլի հնութիւնների վարչութիւնը եւ Հայոց պատրիարքարանը կատարել են խճանկարային յատակի ապամոնտաժման եւ քաղաքով մէկ նոր վերանորոգւած թանգարան տեղափոխելու տքնաջան աշխատանք:
«Խաչքարեր» անունով յայտնի փորագրւած քարէ խաչերից մինչեւ պատկերազարդ սալիկներ եւ քահանայական զգեստներ՝ թանգարանը ցուցադրում է հայկական նիւթական արւեստը, ինչպէս նաեւ հիացմունքով պատմում է հայկական գոյատեւման պատմութիւնը: Մինչ Երուսաղէմը ձեռքից ձեռք էր անցնում՝ կայսրութիւնների առաջացմանն ու անկմանը զուգընթաց, հայերը գոյատեւում էին:
«Գոյատեւել նշանակում է աննկատ մնալ»,- ասում է թանգարանի էքսկուրսավար Արեգ Կախքէջեանը: «Մենք գոյատեւեցինք, քանի որ մարդիկ գիտէին, թէ ով ենք մենք, եւ այսօր մենք պատրաստ ենք ցոյց տալ ձեզ եւ պատմել պատմութեան ու ժառանգութեան, մշակոյթի մասին, ինչպէս նաեւ ցոյց տալ, թէ ինչպէս ենք մենք զարգանում եւ արդիականանում ժամանակին համընթաց»: