99 տարի առաջ այս օրն է ծնւել մեծ գրողը։
«alikonline.ir» - «…Պարոյր Սեւակի ծնունդը` մեր կեանքի, մեր մշակոյթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղաւ ճշմարտապէս մի «Եղիցի լոյս»»,- Ամենայն Հայոց կաթողիկոսի խօսքերն են Պարոյր Սեւակի մասին։
99 տարի առաջ այս օրն է ծնւել մեծ գրողը։ Այս մասին գրում է Panorama.am-ը:
«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպէսզի քո միջոցով երգեր իր ցաւն ու ուրախութիւնը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտութեամբ չի ծնում եւ չի կարող հեշտութեամբ բաժանւել նրանից»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարեանը։
Պ. Սեւակը ծնւել է 1924 թւականի յունւարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գիւղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նոյն տարիքից էլ Պարոյրը սկսում է յաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թոյլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա յաճախումները ոչ օրինական բնոյթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմութիւնը տեսնելով` ուսուցիչը թոյլատրում է օրինական կարգով գրանցւել դպրոցում եւ շարունակել ուսումը։ Պարոյրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմէկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոէզիայում։ 1940 թւականին դպրոցը գերազանց առաջադիմութեամբ աւարտելով՝ ընդունւում է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերէնի բաժինը։ Եղել է ամենալաւ ուսանողներից մէկը։ «Սովետական գրականութիւն» ամսագրում տպագրւում են նրա երեք բանաստեղծութիւնները` Պարոյր Սեւակ ստորագրութեամբ։
1955 թւականին Սեւակը աւարտում է Մոսկւայի Մ. Գորկու անւան գրականութեան ինստիտուտը, որտեղ եւ դասախօսում է կեանքի հետագայ չորս տարիների ընթացքում: 1958թ. Սեւակն աւարտում է «Անլռելի զանգակատուն» պոէմը, որը տպագրւում է Երեւանում 1959-ին` միանգամից ժողովրդականութիւն բերելով նրան: 1963թ. տպագրւում է Սեւակի «Մարդը ափի մէջ» ժողովածուն:
Պ. Սեւակի վերջին` «Եղիցի լոյս» ժողովածուն տպագրւում է 1969 թւականին, բայց... հրապարակ հանւում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մօտ երկու ամիս անց:
1970-ին Պարոյրը ստանում է բանասիրական գիտութիւնների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչեւ 1971թթ. աշխատում է որպէս աւագ գիտաշխատող Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միութեան վարչութեան քարտուղարը։ 1967թ-ին «Սայեաթ-Նովա» թեմայով թէզ է պաշտպանել եւ ստացել է (1970թ.) բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճան:
«Իր սերնդակիցներից ոչ ոք այնպիսի հետք չթողեց հայ պոէզիայում, ինչպէս Պարոյր Սեւակը: Նա գրականութիւն մտաւ սեփականատէրի եւ տանտիրոջ իրաւունքով: Սեւակի իդեալը «մտածող, մտաւորական, իմացական հերոսն է», անկախ այն հանգամանքից քնարական հերոս է թէ վիպական: Այն հերոսը, որը քայլում է ժամանակի հետ, որը կարող է «հոգեպէս գոհացնել» ընթերցողին»,- աւելի վաղ Panorama.am-ի հետ զրոյցում ասել էր բանասիրական գիտութիւնների դոկտոր Լիլիթ Արզումանեանը:
Պարոյր Սեւակի բանաստեղծութիւնները թարգմանւել են աշխարհի բազմաթիւ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանւել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայեաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:
«Մեր սերնդի բանաստեղծների մէջ ամենից կրտսերն էր նա, բայց աւագագոյնն էր վաստակի ու հանճարի առումով»,- գրել է բանաստեղծ Համօ Սահեանը։
Պարոյր Սեւակը մահացել է 1971 թւականի յունիսի 17-ին` աւտովթարից։ Թաղւած է հայրենի գիւղում։
«Ի՞նչ պատահեց քեզ եւ ինչո՞ւ յանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտէ տարածդ ի՛նչ էր...»,- գրել է գեղանկարիչ Գրիգոր Խանջեանը։
Բանաստեղծի կենդանութեան օրօք իբրեւ նրա ծննդեան օր միշտ նշւել է յունւարի 26-ը: Բայց անընդհատ խօսւել ու ասւել է, որ նա ծնւել է յունւարի 24-ին, իսկ յունւարի 26-ը եղել է Պարոյր Սեւակի ծննդեան գրանցման օրը: Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպէս զանազան կարգի նշումներում, իբրեւ ծննդեան օր նշւած է 1924թ. յունւարի 26-ը: Բայց «Սայեաթ-Նովան եւ միջնադարեան տաղերգութիւնը» անաւարտ ուսումնասիրութեան ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. յունւարի 24-ի նշումի կողքին Պարոյր Սեւակը աւելացրել է՝ «ծննդեանս օրը»: Ճիշտը, ամենայն հաւանականութեամբ, յունւարի 24-ն է (Ծանօթագրութիւնը՝ Ալբերտ Արիստակէսեանի):