Իրանի 41-րդ «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնի խաղացանկը համալրւեց՝ Երեւանի կամերային պետական թատրոնի բեմականացրած մեծանուն դրամատուրգ Ուիլեամ Շեքսպիրի նշանաւոր «Համլետ» պիեսի հիման վրայ մատուցւած համանուն ներկայացումով, այս մասին հաղորդում է Iranteather կայքը:
«alikonline.ir» - Իրանի 41-րդ «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնի խաղացանկը համալրւեց՝ Երեւանի կամերային պետական թատրոնի բեմականացրած մեծանուն դրամատուրգ Ուիլեամ Շեքսպիրի նշանաւոր «Համլետ» պիեսի հիման վրայ մատուցւած համանուն ներկայացումով, այս մասին հաղորդում է Iranteather կայքը:
Երէկ՝ յունւարի 29-ին, «Ֆաջր» 41-րդ միջազգային թատերական փառատօնի 9-րդ օրը, Երեւանի Կամերային թատրոնի դերասանները հանրայայտ պիեսը մատուցել են իւրայատուկ գոյներով, եւ Արա Երնջակեանի մեկնաբանութեամբ:
Բեմադրող եւ ռեժիսոր, թատրոնի գեղարւեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակեանը «Արմէնպրեսի»-ի հետ ունեցած իր վերջին զրոյցում անդրադառնալով «Համլետ»-ին յիշեցրել է, որ այն գրւել է մօտ 400 տարի առաջ, եւ, եթէ Շեքսպիրն այսօր այն բեմադրէր, հաստատ շատ բաներ այլ կերպ կը տեսնէր: «Մեր թատրոնը մի փոքր անհանգիստ է, երեւի մի քիչ էլ աննորմալ, եւ բեմադրել Շեքսպիր այնպէս, ինչպէս գրւած է, հաւանաբար հետաքրքիր չէր լինի ո՛չ մեզ, ո՛չ հանդիսատեսին, ուստի եղաւ այն, ինչ եղաւ: Կարծում եմ, որ թատերասէրը կը հասկանայ եւ կը ընդունի այս մօտեցմամբ գործը»,- նշել է Երնջակեանն ու յաւելել, որ «Համլետ»-ը փառատօնային ներկայացում է:
Թատրոնի ռեժիսորներն են Լուսինէ Երնջակեանը եւ Արշալոյս Յարութիւնեանը:
Ներկայացման երկրորդ ռեժիսորը Սենիկ Բարսեղեանն է, կոմպոզիտորը Վահէ Գրիգորեանը:
Համլետի դերը վստահւել է երիտասարդ դերասան Աւետ Զոհրաբեանին:
Դերերում հանդէս են եկել ՀՀ վաստակաւոր դերասան Գրիգոր Բաղդասարեանը, Վահէ Զիրոյեանը, Լուիզա Ներսիսեանը, Ներսէս Մարկոսեանը Մխիթար Աւետիսեանը, Մարիկա Դովլաթբէկեանը, Ժոռա Մարտիրոսեանը, Դաւիթ Աբրահամեանը, Նարեկ Ալեքսանեանը, եւ Մհեր Ալաբէգեանը: