«Բարձր մակարդակով անում է այն, ինչ չկայ եւ չի արւում», «Նրա երաժշտութիւնն անզուգական է, մաքուր ու հայկական»… Այսպէս են բնութագրում ոլորտի մասնագէտները երաժիշտ, երգահան Արա Գէորգեանին, ում հետ էլ 168.am-ը զրուցել է ազգային երաժշտութիւնը տարածելու, ազգային նւագարանների հանդէպ հասարակութեան անտարբերութեան, կոչումների եւ այլ հարցերի շուրջ:
«alikonline.ir» - «Բարձր մակարդակով անում է այն, ինչ չկայ եւ չի արւում», «Նրա երաժշտութիւնն անզուգական է, մաքուր ու հայկական»… Այսպէս են բնութագրում ոլորտի մասնագէտները երաժիշտ, երգահան Արա Գէորգեանին, ում հետ էլ 168.am-ը զրուցել է ազգային երաժշտութիւնը տարածելու, ազգային նւագարանների հանդէպ հասարակութեան անտարբերութեան, կոչումների եւ այլ հարցերի շուրջ:
- Ձեր երաժշտական ունակութիւնները բացայայտւել են դեռ փոքրուց: Նախքան դպրոց գնալը, ինչ ֆիլմ դիտել էք, գնացել տուն եւ նւագել էք: Առանց նոտաներն իմանալու ինչպէ՞ս էք նւագել, զուտ յիշողութեա՞մբ:
- Տանը դաշնամուր կար: Երբ գնում էինք կինոթատրոն, ֆիլմում լաւ երաժշտութիւն էր հնչում, մնում էր յիշողութեանս մէջ, գալիս, սկսում էի վերարտադրել, ու կամաց-կամաց սկսեց աւելի լաւ ստացւել, մինչեւ մեր տուն եկաւ քանոնահարուհի Անժելա Աթաբէկեանը եւ մայրիկին ասաց՝ բա Արային երաժշտական դպրոց ինչո՞ւ չէք տանում, շատ լաւ է նւագում: Ինքն էլ շարժիչի պէս դա սկսեց աշխատեցնել՝ ասելով, որ՝ վաղը գալիս եմ, միասին գնում ենք երաժշտական դպրոց: Եւ այդպէս, յաճախեցի Արմէն Տիգրանեանի անւան երաժշտական դպրոց, ստուգեցին երաժշտական ընդունակութիւնները, ռիթմը, լսողութիւնը, եւ ընդունւեցի:
- Այն ժամանակ տենդենց կար՝ բոլորը սովորում էին երաժշտական դպրոցում:
- Այո, այն էլ ինչպէս: Խորհրդային տարիներն ինչքան էլ քննադատենք, մշակոյթը բարձր տեղում էր, երաժշտական դպրոցները շատ ակտիւ աշխատում էին, եւ դիմորդները շատ էին: Ընդհանրապէս բոլոր ծնողներին խորհուրդ կը տամ փոքրիկներին տանել ե՛ւ նկարչութեան, ե՛ւ պարի, ե՛ւ երաժշտութեան, ե՛ւ լողի՝ հասկանալու, այդ ջիղը նրա մօտ կա՞յ, թէ՞ ոչ:
5 յարկանի շէնքում, որտեղ բնակւում էի, 5-6 հոգի միայն երաժշտական դպրոց էր յաճախում: Բոլորի տներում դաշնամուր կար, իսկ հիմա շատերը դաշնամուրից հրաժարւում են: Նոյնիսկ Երեւանում գործարան կար, որտեղ կիթառ եւ դաշնամուր էր արտադրւում: Անուններն էլ՝ «Անուշ», «Կոմիտաս», «Երեւան»… Ափսոս, որ դրանք դուրս են գալիս մեր կենցաղից, որովհետեւ չկայ խթանիչ պրոպագանդա:
Մեր դպրոցներում քիչ են փողային գործիքներ նախընտրողները: Մանկավարժական համալսարանի «Երաժշտութեան ամբիոնի» վարիչն եմ, եւ ամէն տարի գոռում ենք՝ «Էստի՜ համեցէ՛ք, ընդունւէք առանց կաշառքի»: 17 տարի է՝ նոյն նախադասութիւնը կրկնում եմ: Պատկերացրէք, էլի դիմորդները քիչ են, եւ ստիպւած ենք ընդունել վատ նւագող ուսանողի, ոչ բարձր մակարդակ ունեցող, քանի որ նրա ձեռքին թառ կամ քամանչա է: Ասում ենք՝ աւելի լաւ է ընդունենք, դարձնենք աւելի լաւը, քան չընդունենք, դուրս վռնդենք, դա էլ կը վերանայ: Բուհերում, քոլեջներում դիմորդներ չկան. բոլորը գնում են կիթառի, դաշնամուրի, մաքսիմում՝ ջութակի, բայց միւս գործիքները տուժում են:
- «Ազգային երգիչ» նախագիծ կայ: Այսինքն, նախընտրում են ժողովրդական երգեր երգել, բայց ազգային նւագարաններով չնւագել: Դա ինչի՞ հետ է կապւած: Ժողովրդական երգեր կատարելուց շա՞տ են աշխատում, նւագելուց՝ ո՞չ:
- Միայն մեզ մօտ չէ: Յաճախ միացնում եմ ռադիոալիքները, գործիքային երաժշտութիւնը պարզապէս բացակայում է: Բոլորը երգում են: Բայց մենք պարտաւոր ենք մտածել՝ լաւ, բոլորը երգում են, յետոյ ո՞վ է նւագելու: Այսօր դարը փոխւել է եւ շատ հեշտացել է համակարգիչների միջոցով երաժշտութիւն յօրինելը, կան սինթեզատորներ, որ իրենք իրենց գործիքաւորում են, անգամ երաժշտական կրթութիւն հարկաւոր չէ: Այս առումով միապաղաղութիւն կայ, բոլոր երգերն իրար նման են, հնչում են նոյն ձեւով: Իսկ գործիքային երաժշտութեան սահմանները շատ աւելի լայն են:
- Ժամանակին ստեղծել էք Ազգային նւագարանների նւագախումբ, հաւաքել էք տարբեր երաժիշտների: Ցանկացողները երիտասարդնե՞ր են եղել:
- Երիտասարդներ էին: Երբ Ֆինլանդիայի նախագահը եկել էր Հայաստան, եւ մեր նախագահը նրան տարել էր ջազ լսելու, բոլոր հեռուստաալիքները յայտարարում էին, որ Ֆինլանդիայի նախագահը շատ էր հաւանել հայկական ջազը: Ես մտածեցի, որ նա կը գնայ ԱՄՆ եւ հայկական ջազը կը մոռանայ, բայց, եթէ ցուցադրէինք ազգային որեւէ հետաքրքիր բան, երբեք չէր մոռանայ:
Յետոյ մտածեցի՝ ի՞նչ կարելի էր ցուցադրել: Ոնց նայում էի՝ կարեւոր նւագախմբերը լուծարւած էին այդ տարիներին, փոքրիկ անսամբլներ էին: Որոշեցի հաշւել, թէ քանի՞ երաժիշտ է մնացել Հայաստանում, որը տիրապետում է հայկական ժողովրդական գործիքի: Յայտարարեցինք փառատօնի մասին, եկան 80 հոգի: Զտեցինք, թողեցինք 40 հոգու, հանդիպեցի նրանց հետ։ Հարցնում էի՝ որտե՞ղ էք աւարտել, պատասխանում էին՝ Կոնսերւատորիան, բայց մէկը ծաղիկ էր ցանում, միւսը Վերնիսաժում մօրն էր օգնում, երրորդն էլ տաքսի էր քշում:
Ասացի՝ կարմիր դիպլոմով Կոնսերւատորիան աւարտել էք, որ չնւագէ՞ք: Թէ բա՝ տեղ չունենք նւագելու: Այդտեղից սկսւեց. ստեղծեցի փորձասենեակ, հրաւիրեցի Հայաստանի ազգային նւագարանների պետական նւագախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր, պրոֆեսոր Նորայր Դաւթեանին եւ սկսեցի թակել բոլորի դռները՝ ձեռք բերել նոտաներ: Թակեցի պետական այրերի դռները, խնդրելով, աղաչելով՝ նւագախումբը դարձաւ պետական եւ շարժիչ դարձաւ, որ ժանգոտած անիւը սկսի պտտւել:
- Նւագախմբում համալրումներ ամէն տարի լինո՞ւմ են:
- Ամէն տարի չէ: Ամուսնանում են, սպասում երեխայի եւ հրաժարւում, նրա փոխարէն այլ երաժիշտ ենք բերում:
- Դուք նաեւ առաջարկել էք անվճար սովորեցնել ազգային նւագարաններ նւագել:
- Այո, Մանկավարժական համալսարանում առաջարկեցի, որ այդ բաժինը դառնայ անվճար: Դրանից առաջ, մութ տարիներին, դիմեցի Շենգաւիթ վարչական շրջանի թաղապետին՝ ասելով, որ՝ եթէ ուզում ես քեզ սիրեն, յարգեն, արի միասին մի բան ստեղծենք: Առաջարկեցի վերցնել հովանաւորութեան տակ երաժշտական դպրոցներում ազգային նւագարաններ ընտրողների վարձավճարը: Այդպէս էլ արեց: Ծրագիրն իրականութիւն եմ դարձրել նաեւ Մալաթիա-Սեբաստիա, Դաւթաշէն վարչական շրջանների ղեկավարների հետ: 3 տարի յետոյ Մշակոյթի նախարարութիւնում բազմաթիւ կռիւներից յետոյ ամբողջ հանրապետութիւնում դարձաւ անվճար:
Ես հիմա մէկ այլ պայքարի մէջ եմ, չեմ կարողանում յաղթահարել: Մեր գործիք պատրաստող վարպետներն արդէն տարեց են, չունեն փոխարինող: Վերջերս մահացաւ Ալբերտ Զաքարեանը՝ գործիք պատրաստող հրաշալի վարպետ, ով միակն էր Արցախում եւ Հայաստանում, որ թառ էր պատրաստում: Դիմել են թաղապետերի, տարբեր տարիների Մշակոյթի նախարարների, որ՝ եկէք գործիք պատրաստողների համար դպրոց բացենք: Մարդիկ մահանում են, մեր գործիքներն ո՞վ է սարքելու: Պետական այրերը պէտք է իմանան, որ գործիք պատրաստող վարպետներին փոխարինող չունենք:
- Երբ այս մասին ասում էք բարձր ատեաններում, ի՞նչ են պատասխանում: Աշխատանքնե՞ր են տանում:
- Չէ, հիանալի պատասխան են տալիս. Վա՜յ, Արա ջան, էս ի՞նչ կարեւոր բան ասացիր, շատ ապրես, լրիւ մոռացել էինք: Նման պատասխան են տալիս, անցնում ենք առաջ, ու սայլը տեղից չի շարժւում: Ուզում էի անգամ դպրոց հիմնել իմ միջոցներով, անգամ արել եմ յայտարարութիւն, թէ ով կը գայ Ալբերտ Զաքարեանի մօտ՝ թառ պատրաստել սովորելու, ես իրեն վճարում եմ: Չգիտեմ որտեղից, բայց կը վճարէի, սակայն, ցաւօք, քանի որ չկայ պրոպագանդա, սէր դէպի մեր ազգային նւագարանները, մէկ հեռախօսազանգ եղաւ, այն էլ այսպիսին էր՝ կարո՞ղ է վարպետը գայ Գիւմրի, սովորեցնի: Պատասխանեցի, որ 75 տարեկան է, ինչպէ՞ս գայ:
Գիտէք, քաղաքական այս ծանր իրավիճակում, երբ ասում են՝ մտաւորականներն ինչո՞ւ են լռում… է՜, մտաւորականն ուրիշ բան ունի ասելու: Չէ՞ որ սա էլ է կարեւոր: Մեր երկրում եկէք ձեռք-ձեռք բռնենք, օգնենք գործիք պատրաստողներին, դպրոց ստեղծենք:
Այսօր բոլորը դուդուկ են նւագում եւ դհոլ, որովհետեւ դհոլի պրոպագանդան շատ եղաւ, երեւի իմ մեղքի բաժինն էլ կայ, իմ «Արցախ» սեղծագործութիւնը դհոլահարներին բերեց ասպարէզ:
Անի Կարապետեան