Կեանքի 75-րդ տարում կեանքից անսպասելի հեռացաւ տաղանդաւոր բանաստեղծ, գրականագէտ, Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Սարգսի Յակոբեանը։ Ստեղծագործական ինքնատիպ, բեղմնաւոր ճանապարհ է անցել Վարդան Յակոբեանը՝ հայ մշակոյթին ժառանգութիւն թողնելով բանաստեղծական տասնեակ բարձարւեստ ժողովածուներ, գրականագիտական խորիմաստ ուսումնասիրութիւններ։
Կեանքի 75-րդ տարում կեանքից անսպասելի հեռացաւ տաղանդաւոր բանաստեղծ, գրականագէտ, Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Սարգսի Յակոբեանը։ Ստեղծագործական ինքնատիպ, բեղմնաւոր ճանապարհ է անցել Վարդան Յակոբեանը՝ հայ մշակոյթին ժառանգութիւն թողնելով բանաստեղծական տասնեակ բարձարւեստ ժողովածուներ, գրականագիտական խորիմաստ ուսումնասիրութիւններ։ Վարդան Սարգսի Յակոբեանը ծնւել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գիւղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գիւղի եօթամեայ, Բաքւի N152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։
Բանաստեղծութիւններ սկսել է գրել տասնմէկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զգաղւում էր նաեւ գեղանկարչութեամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։
Բաքւի N152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիութիւնից հեռացնում են Վ. Յակոբեանին՝ նրան մեղադրելով «շիրազեան ազգամոլութեան» մէջ, ազերական հաւատաքննիչների ճնշման տակ Վ. Յակոբեանը ստիպւած տեղափոխւում եւ ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գիւղում։ 1965թ. բանաստեղծութիւններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը եւ կնքւում Վարդան Յակոբեան (անձնագրային անունը՝ Սլաւիկ) գրական անւամբ։
Բաքու, 60-ական թւականներ, դեռեւս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքւի 26 կոմիսարների անւան մշակոյթի հայկական տանը՝ որպէս ասմունքող։
1969թ. աւարտում է Բաքւի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակոյթի բաժնում, նախ՝ որպէս գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ 1983թ. մինչեւ կեանքի վերջը նա աշխատել է Արցախի գրողների միութիւնում՝ որպէս կազմակերպութեան ղեկավար։ Հիմնադրել եւ խմբագրել է «Արցախ» հանդէսը, «Եղիցի լոյս», «Պըլը-Պուղի», «Յարութիւն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչութիւնը։ Եօթ տասնեակից աւելի բանաստեղծական, գրականագիտական եւ մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրւել են Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկւայում, Բաքւում եւ այլուր։
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սէրը քո տունն է», «Ես հրաժարւում եմ ինձանից», «Արցախեան բալլադ» եւ այլն) հեղինակ է, որոնք բեմադրւել են ինչպէս Արցախի, այնպէս էլ մայր Հայաստանի պետական եւ ժողովրդական թատրոններում։ Վ. Յակոբեանի ստեղծագործութիւնները տպագրւել են ֆրանսերէն, ռուսերէն, ուկրայիներէն, պարսկերէն, վրացերէն, բուլղարերէն, անգլերէն եւ այլ լեզուներով: ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։
Վ. Յակոբեանի ստեղծագործութիւնների մասին տպագրւել են մենագրական մի շարք աշխատանքներ (Ս. Սարինեան, «Բանաստեղծի յայտնութիւնը», Ս. Խանեան, «Ցաւի եւ սիրոյ պոէզիան», Տ. Սողմոնեան, «Վարդան Յակոբեանի պոէզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտաւորը» եւ այլն)։
Վ. Յակոբեանը բանասիրական գիտութիւնների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագոյն բանաստեղծութեան զարգացման հիմնական ուղղութիւնները»), պրոֆեսոր։
Վ. Յակոբեանը ԼՂՀ ԳՄ վարչութեան նախագահն էր։ Երկար տարիների բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ունէր, հայ գրականութեան եւ մշակոյթի պատմութիւն, գրականութեան տեսութիւն է դասաւանդել Արցախի պետական համալսարանում։ Նա, համատեղութեան կարգով, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» պետական հաւատարմագրւած համալսարանի ռեկտորն էր։ Նախաձեռնող խմբի յանձնարարութեամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։
Ընտրւել է ԼՂՀ ազգային ժողովի անդամ։
Արցախեան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգամաւոր է ընտրւել եւ 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրութիւններին։
Արցախեան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկ»-ի, ստեղծման օրից, նախագահի տեղակալն էր։
Արցախեան համազգային ազատագրական շարժման ակտիւ գործիչ էր։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մէկն էր, նամակի տակ առաջին ստորագրութեան հեղինակը։ Ղեկավարել էր Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկւա մեկնած մտաւորականների պատւիրակութիւնը։
Գրական ու գրականագիտական հարուստ ժառանգութիւն է թողել Վարդան Յակոբեանը։
Արցախի գրողների միութիւն