Հա

Մշակոյթ

05/03/2023 - 12:15

Ոչ մէկին չի հետաքրքրում. Վարպետները մտահոգ են` շուտով ժողգործիքներ պատրաստողներ չեն լինի

Ժողգործիքներ պատրաստող վարպետների սակաւութեան մասին վերջերս յաճախ է խօսւում։ Ուդ, քամանչա ու թառ պատրաստող մասնագէտները Հայաստանում եզակի են, բացի այդ էլ` տարիքով մեծ են ու աշակերտներ չունեն։ Sputnik Արմենիան պարզել է, թէ ինչ է արւում այս խնդիրը լուծելու համար։

«alikonline.ir» - Ժողգործիքներ պատրաստող վարպետների սակաւութեան մասին վերջերս յաճախ է խօսւում։ Ուդ, քամանչա ու թառ պատրաստող մասնագէտները Հայաստանում եզակի են, բացի այդ էլ` տարիքով մեծ են ու աշակերտներ չունեն։ Sputnik Արմենիան պարզել է, թէ ինչ է արւում այս խնդիրը լուծելու համար։

Պաւէլն ու Վաչէն եղբայրներ են։ Մէկը թառ է նւագում, միւսը` շւի։ Չեն պատրաստւում դառնալ ո՛չ երաժիշտ, ո՛չ էլ ազգային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, բայց դրանց պատրաստման գաղտնիքներն իմանալու առիթը բաց չեն թողել։

«Երկուսս էլ ուզում ենք ինժեներ դառնալ։ Ես այս պահին աւիամոդելաւորում եմ ուսումնասիրում, ինձ թւում է` այն, ինչ սովորել եմ այստեղ, ինձ շատ պէտք կը գայ հետագայում»,- ասում է եղբայրներից աւագը` Պաւէլը։

Եղբայրներին հանդիպեցինք Միխայիլ եւ Սերգէյ Սադոեւների արհեստանոցում։ Այստեղ նրանք ազգային նւագարանների պատրաստման դասերի են մասնակցել։

Նրանք եւ նրանց հետ միասին երաժշտական դպրոցների եւս 8 աշակերտներ այստեղ սովորում էին ժողգործիքներ պատրաստել «Մշակութային կրթութեան աջակցութեան» հիմնադրամի իրականացրած «Հայկական աւանդական նւագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի շրջանակում։

Միխայիլ եւ Սերգէյ Սադոեւներին շատ է ոգեւորել ծրագիրը. հմտութիւնները սերունդներին փոխանցելու ցանկութիւնը մեծ էր։

«Աշակերտներ երբեք չեմ ունեցել, ոչ ոքի այս գործը չի հետաքրքրել` անգամ իմ ու եղբօրս երեխաներին։ Ոչ ոք չէր ուզում գալ ու փոշու մէջ ամբողջ օրը կանգնել։ Ես մտածում էի` ինձանից յետոյ էլ ոչ մէկը չի պատրաստի ազգային գործիք, բայց փաստօրէն մի փոքր յոյս դեռ կայ»,- ասում է ազգային նւագարանների վարպետ Սերգէյ Սադոեւը։

Երեխաներին այս բարդ, կարեւոր, բայց ցաւօք` ոչ արդիական մասնագիտութիւնը փոխանցելու գաղափարը «Մշակութային կրթութեան աջակցութեան հիմնադրամի» տնօրէն Նելլի Սարգսեանինն էր։

Հիմնադրամում ազգային նւագարանների ուսուցման ծրագիրը մշակելուց յետոյ դիմել են ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւն, դրամաշնորհ շահել ու անցել գործի։

Նախ վարպետներին են գտել, յետոյ դպրոցներում գործով հետաքրքրւած երխաների։ Նրանք, ըստ ծրագրի, սկսել են սովորել մի խմբում լարային` թառ, քանոն, քամանչա, ուդ, միւս խմբում` փողային` շւի, դուդուկ, զուռնայ ու սրինգ պատրաստել։

«Հայկական աւանդական նւագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2019 թ.-ին։ 2020-ին այն ընդհատւել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պատճառով։

«Առաջին փուլն անցնելուց յետոյ մեծ ընդմիջում եղաւ, երեխաներն իրենց սովորած հմտութիւնները մոռացան։ 2021-ին, երբ կրկին շահեցինք դրամաշնորհն ու որոշեցինք շարունակել, ոմանք արդէն բանակ էին զորակոչւել, ոմանք ընդունւել էին համալսարան, ոմանք էլ պարզապէս չցանկացան շարունակել մասնակցութիւնը։ Ստիպւած երեխաների նոր խումբ հաւաքեցինք, որն ամէն ինչ սկսեց 0-ից»,- պատմում է Նելլի Սարգսեանը։

Բացառապէս տղաներից կազմւած խմբին 2022թ-ին միացել է նաեւ Վերժինէն, որն արհեստանոցի «գերազանցիկներից» է։ Չնայած այս գործում բոլորը սովոր են տեսնել տղաների, բայց Վերժինէն պատւով կատարեց իր գործը։

«Ես նւագում եմ ուդ, ու ինձ շատ հետաքրքիր էր, թէ ինչպէս է պատրաստւում այդ գործիքը։ Հետաքրքրութեան համար գնացի ու ստացւեց։ Ընդհանրապէս դժւար չէր։ Սա կահոյքագործութիւն չէ, որ տղաների ուժը պէտք լինի. այստեղ աւելի մանր ու նուրբ աշխատանք է պահանջւում»,- պատմում է Վերժինէ Մատթէոսեանը։

2022-ին ծրագրի 3-րդ փուլն աւարտւել է։ Ծրագրում ներգրաււած 10 աշակերտները վարպետների օգնութեամբ պատրաստել են 2 քանոն, 2 քամանչա եւ 2 դուդուկ: Դրանք այժմ ԿԳՄՍՆ-ում են. նախարարութիւնը կորոշի` որ երաժշտական դպրոցներին յանձնել դրանք։

Ազգային նւագարանների վարպետ Սերգէյ Սադոեւը, սակայն, նշում է, որ ժամանակի սղութեան պատճառով երեխաները չեն հասցրել ծանօթանալ բոլոր գործիքների պատրաստման հմտութիւններին։ Առանց օգնութեան նրանք կարող են միայն քանոն պատրաստել։

«Ամէն տարի 6 ամիս գալով, այն էլ միայն շաբաթ-կիրակի օրերին, բան դուրս չի գայ։ Շատ քիչ ժամանակ է, որ սովորեն ու դառնան լաւ մասնագէտ։ Տարիներով պէտք է աշխատեն, որ ձեռքները բացւի։ Դեռ քանոնը համեմատաբար աւելի հեշտ է, քամանչան էլ ոչինչ, բայց ուդ ու սանթուր պատրաստել սովորելու համար ժամանակը շատ կարճ էր»,- ասում է Սադոեւը։

Որպէսզի աշակերտները ժողգործիքներ պատրաստող մասնագէտներ դառնան, տարիներ են պէտք, սակայն բանն այն է, որ հիմնադրամը 2023թ-ին ծրագիրը շարունակել չի կարող, քանի որ ժամանակին յայտ չի ներկայացրել։

«Չէի իմացել, որ նախարարութիւնը ծրագրերի մրցոյթն արդէն յայտարարել է։ Անակնկալ էր ինձ համար։ Վրդդովեցի, տխրեցի, բայց ինչ արած... երեխաները շատ են ուզում, բայց այս տարի չի լինի ծրագիր։ Եթէ, իհարկէ, այլ հովանաւոր չգտնենք»,- ցաւով ասում է «Մշակութային կրթութեան աջակցութեան» հիմնադրամի տնօրէն Նելլի Սարգսեանը։

Հովանաւոր գտնելու պարագայում Սարգսեանը մտադրութիւն ունի ծրագիրը նաեւ մարզեր տանել. այնտեղ պահանջարկն աւելի մեծ է, հնարաւորութիւնները` քիչ։

Իսկ որպէսզի հարցն ամբողջութեամբ լուծւի, ըստ մասնագէտների` պէտք է ազգային նւագարանների պատրաստման մասնագիտացւած դպրոց բացւի` երեխաների համար աւելի գրաւիչ ու յարմարաւէտ պայմաններով։ Այլապէս տարիներ անց Հայաստանում ժողգործիքներ պատրաստող մասնագէտներ այլեւս չեն լինի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։