Հինգշաբթի, մարտի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացւել է իրանահայ երիտասարդ արւեստասէր Շարիս Մելքոմ Աբգարի անհատական ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակից:
«alikonline.ir» - Հինգշաբթի, մարտի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացւել է իրանահայ երիտասարդ գեղանկարիչ Շարիս Մելքոմ Աբգարի անհատական ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակից:
Ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար տաղանդաւոր երիտասարդը խորհրդակցութիւններ է անցկացրել Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան հետ, որի արդիւնքում որոշել է ցուցահանդէսն անցկացնել հէնց նոյն կազմակերպութեան «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:
Բացման հանդիսութիւնը կայացել է մարզաւանի «Մաջնունեան» սրահում, որին ներկայ են եղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Աւետարանական եկեղեցու հովիւներ, հոգեւոր հայրեր, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ազգային հաստատութիւնների, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներ, միութիւնների եւ մարմինների ներկայացուցիչներ եւ հիւրեր։
Ծրագիրը մեկնարկել է Անգինէ Մելքոմ Աբգարի միջոցով «Աղօթք»-ի ընթերցմամբ, այնուհետեւ Ս․ Գրիգոր Նարեկացի Մատեան ողբերգութեան ընթերցումը, որից յետոյ հիւրերին ողջունել է ցուցահանդէսի ստեղծագործութիւնների հեղինակ Շարիս Մելքոմ Աբգարն՝ ներկայացնելով ցուցահանդէսի անցկացման նպատակները:
Տաղանդաւոր երիտասարդուհին ողջունելով հիւրերին ներկայացրել 1915 թւականին Ցեղասպանութիւնից փրկւած իր տատիկի մասին յիշողութիւններ: Յիշողութիւններ, որոնց Շարիսի տատիկը գրի է առել, որոնք հետագայում յանձնել իր փոքր ծոռնուհուն:
Նա, այնուհետեւ իր խօսքերում յոյս է յայտնել, որ Հայաստանը, Արցախը եւ սփիւռքահայութիւնը արժանի կը դառնան խաղաղ ապրելու կեանքի իրաւունքին:
2020 թ.-ի պատերազմի ընթացքին Շարիսը կոտրել է երկարամեայ լռութիւնը եւ հրատարակել է իր «վերջին փրկւածը» գիրքը, որի հիման վրայ էլ կազմել է անհատական վերջին ցուցահանդէսը։
Ծրագրի ընթացքին ասմունքային կատարում է ներկայացել երիտասարդ շնորհաշատ թատերական գործիչ Էրւին Գալստեանը, արտասանելով Շարիս Աբգարի հեղինակած «Ամի» գրքից։
Միջոցառման աւարտին ելոյթ է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Այնուհետեւ ներկաները «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում դիտել են Շարիս Մելքոմ Աբգարի բազմաբնոյթ գեղանկարչութիւններն ու խեցեգործութիւնները։
Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւել է մինչեւ ուրբաթ՝ մարտի 3-ը, այն աշխատելու է նաեւ ուրբաթ, մարտի 10-ը, ժամը 11։00-ից 23։00-ը։