Հա

Մշակոյթ

07/03/2023 - 13:00

«ԱԼԻՔ»-ի հերթական գաւաթը աւարայրցի Նարեկի հետ. Աւարայրից կաթկթած ինքնութիւնը չի ցամաքելու

Իրանի երաժշտութեան ասպարէզը թէեւ ուշ, բայց թափով զարգացում ապրեց հետեւելով արեւմուտքի նորաոճութիւններին:

Երաժշտութեան շուկան նոյնպէս տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ թափ արձանագրեց ժողովրդի սեփականութիւնը դարձնելով այն, ինչը հասանելի էր միայն եթերից ու ռադիոյի միջոցով:

Հատիս - Իրանի երաժշտութեան ասպարէզը թէեւ ուշ, բայց թափով զարգացում ապրեց հետեւելով արեւմուտքի նորաոճութիւններին:

Երաժշտութեան շուկան նոյնպէս տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ թափ արձանագրեց ժողովրդի սեփականութիւնը դարձնելով այն, ինչը հասանելի էր միայն եթերից ու ռադիոյի միջոցով:

Նորաոճութեան շուրջ եւս հետաքրքիր մեկնաբանութիւնների ես հանդիպում, երբ թերթում ես պատմութեան այդ էջերը: Իր տեսակով երեւի, միակ երկիրն է Իրանը, որտեղ փոփ երաժշտութիւնը Վիգէնի հեղինակային ու ակրկնելի ձայնի եւ գիթառի մեղեդայնութեան շնորհիւ չգիտես ինչու ստացել էր Ջազային երաժշտութեան կոչում: Իսկ ինքը՝ Վիգէնը՝ հռչակւել էր Ջազի Արքայ:

Փաստ է, որ երաժշտութեան մասին մեկնաբանութիւնները սպիտակ թղթի պէս հնարաւոր է խզբզել առաջին իսկ երկտողով, որի թողած հետքը դժւար կը մաքրւի, կամ ընդհանրապէս չի մաքրւի: Ժողովրդին յաճախ է ասւել, որ փոփը, ջազը, ռոք-ընռոլը եւ այլնը պարապ ու անդարդ մարդու բան է, կամ նոյնիսկ ռոք երաժշտութեան մեթալ ժանրը՝ ագրեսիայի ու մէկ-մէկ էլ սատանիստութեան տեսակ է:

Իսկ դրանց հետքերը այնքան խորն են դաջւած, որ ամէն անգամ, երբ խօսելու լինես ռոք երաժշտութեան նորութիւնների շուրջ, քեզանից անկախ նախաբան ես պատրաստում ու փորձում իրերը վերաձեւակերպել իրենց կոչումով: Նոյնն ինչ այս գրութեան դէպքում...

Անցնենք առաջ: Վերջերս հայրենադարձւած մեր երիտասարդ երաժիշտներից, ով նաեւ մարդուս մտածող տեսակից է, ով գրում եւ ընթերցում է շատ, բազմաթիւ երգերի հեղինակ է եւ «ԱՒԱՐԱՅՐ» բլաքմեթալ խմբի համահիմնադիրներից է, Թեհրան կատարած հերթական այցի ընթացքում այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ, որի ընթացքում էլ զրուցել ենք նոր նախագծերի շուրջ:

Նարեկ Աւետեանը պատմեց, որ «Աւարայր»-ը կարճ ժամանակի ընթացքում հասցրել է լսարան ձեւաւորել նաեւ Հայաստանում: «Ռոքը Հայաստանում իր ուրոյն տեղն ունի երաժշտաշուկայում: Թէեւ շուկայ ասելով չպէտքէ այն ընկալել իր բառարանային իմաստով, այնուամենայնիւ ռոքը Հայաստանում ողնաշար ունեցող երաժշտական տեսակ է, ինչը նաեւ կարողանում է լուրջ թեմաներ բարձրաձայնել երգի միջոցով: Իսկ «Աւարայր»-ը հէնց իր ուղղութիւնը պահելով շարունակում է հայկական ու հայրենասիրական մուտիւների կողքին խորանալ նաեւ արմատներ ունեցող հինաւուրց ժողովրդի պատմութեան ու քաղաքակրթութեան ընդերքը»,- ասում է զրուցակիցդ ու մինչեւ շունչը կը թարմացնի հասցնում ես ընդհատել նրան:

Պահը յարմար էր, քանի որ հէնց «ԱՒԱՐԱՅՐ»-ին ես ուզում անդրադառնալ: Խումբ, որն իրանահայ մեթալ բենդերից տարբերւում է հէնց իր մօտեցումներով ու փերֆորմով: Այստեղ խօսքը միայն բլաքմեթալին յատուկ վոկալի մասին չէ, այլ երգի բառերի ու գաղափարների: «ԱՒԱՐԱՅՐ»-ն իր սաղմանւորման սկզբնական շրջանից ունեցաւ իր ուղեգիծն ու գաղափարը: Նմանների հանդիպելն հազւադէպ երեւոյթ է մեր օրերին յատկապէս: Այդ էլ այն ժամանակ, երբ ռոքը շուկան ձեւաւորողների մղումով ուղեկցւում ժամանցային հարթակ:

Նարեկին յիշեցնում եմ Եղեռնի 103-ամեակին նւիրւած Թեհրանի «Արարատ»-ում կենտրոնական ձեռնարկի իրենց համերգի մասին: Որպէս պատասխան Նարեկն իր ուրախութիւնն է յայտնում, որ յաջորդ շրջանում եւս իրանահայ խմբեր են հրաւիրւել, ընդորում նոյն ժանրից, ովքեր նոյնպէս կատարել են «ԱՒԱՐԱՅՐ»-ից համարներ: «Սրանով է շարունակում ապրել խօսքը, երբ օդում կախւած չի մնացել այն քեզնից յետոյ»-, Իսկ «քեզանից յետոյ» ասելու համար մի քիչ շուտ չէին, արձագանգում է Նարեկը. «Լաւն այն է, որ շուտ ես հասկանում չսխալւելու կարեւորութեան մասին: Քեզ պարտաւորւած ես զգում մտածելու խօսքի ու գործի հետեւանքների մասին: Կարեւոր է նաեւ գործով նմանւես այն ամենին, ինչ բղաւում ես երգերի ժամանակ»: «Հայաստանում կան խմբեր, որոնք , յատկապէս 44-օրեայից յետոյ, անցան յեղափոխական-հայրենասիրական երգերի ռոքային կատարման ձեւաչափի: Դա հետաքրքրեց նաեւ մեզ ու շատ շուտ ընկերացանք: Բայց յետոյ, երբ նկատում ես, որ գործով ու ռէալ կեանքում լրիւ կերպով այլ են, քաղաքական կողմնորոշումներով նոյնպէս, մտածում ես, որ դա նրանց համար միայն ժամանակի թելադրած ժեստ էր, կամ լաւագոյն դէպքում՝ միջավայրի հետ գոյն փոխել»-, ասում է Նարեկը եւ շարունակում. «Այդ բոլորը տեսնելուց յետոյ լռելն անիմաստ է: Լաւ ընկերոջ դերի մէջ ես մտնում ու նրանց զգուշացնում սխալի մասին, կամ առնւազն կիսւում տպաւորութիւններով: Արի ու տես քեզ արգելափակում են սոցիալական ցանցերում ու դեմարշ անում»:

Նոյն կապակցութեամբ փորձում եմ Նարեկից իմանալ նրա կարծիքը ՍԻՍՏԵՄ...-ի մասին: Դեռ բոլորիս մօտ թարմ է համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբի մօտեցումները, ինչը սակայն 2018-ից սկսած եւ 44-օրեային յաջորդած շրջանում, յատկապէս, Սերժ Թանգեանի մօտեցումների արդիւնքում այլ բանի վերածւեց: Սերժ Թանգեանը շարունակեց պաշտպանել Փաշինեանին, իսկ խմբի միւս անդամները պահանջում էին Նիկոլի հրաժարականը: Այնպէս ստացւեց, որ այս անգամ խմբի Սերժն ու նրա պաշտպանած Նիկոլը միասին էին ընկել սիստեմցիների աչքից»:

Նարեկը շատ չխորացաւ նրանց հարցում: Նարեկի համոզմամբ 44-օրեան շատ աւելի խորը հետքեր է թողել ժողովրդի վրայ: Այնպէս, որ Սերժը ընդհանրապէս հաշիւ չէ: Նարեկի դէպքում նոյնպէս այդ հետքերը երեւում են: Ասում է լռութեան շրջան տիրած լինի կարծես: «Ուղեղդ գիտակցաբար անջատել է իր այդ բաժինը, որ ցաւը համբերելի դառնայ: Իսկ ցաւերը դրանից չեն պակասում, դեռ հակառակը, աւելի են սահմանամերձ դառնում: Գլխիդ կախւած են դրանք: Տպաւորութիւնն այնպիսին է, որ մայրաքաղաքում շատերին չի յուզում քառասուն կիլոմետր այն կողմ ինչ է կատարւում: Կարծում եմ ամէն մէկն իր անելիքն ունի: Իսկ եթէ երգ-երաժշտութեամբ ես տարւած, ապա հաստատ ձայնդ պիտի լսելի դարձնես: Առնւազն պէտք է մեր պատմութեան վկան լինենք: Դրա համար պէտք է տեսածին հաւատալ եւ գլխով մտածել»:

Նարեկը 44-օրեայի ընթացքում փորձում էր Արցախի պատերազմի իրականութեան մասին կիսւել պարսկախօս լսարանի հետ: Ինստագրամային «ՆԻԶԱԿ» էջն էր վարում եւ օրւայ ընթացքում պարսկերէնով լրատւութիւն էր կատարում, յղում տալով հայկական լրատւամիջոցներին կամ «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրեայ մամլոյ ասուլիսներին, ներկայացնելով հայկական կողմի պաշտօնական տեսակէտը:

««Նիզակ»-ը բնականաբար սառեց մեր՝ բոլորիս հոգու հետ միասին: Անասելի վիճակ էր նոյեմբերի այդ լուսաբացին, ինչը աւելի մեղմ երանգով, բայց դեռ շարունակում է մնալ մռայլ նաեւ այսօր: Ժողովուրդը շատ հարցերում էր շշմած վիճակի մատնւել: Պարտութեանը, տարածքների կորստի, Բանակի հեղինակազրկման, եւ երիտասարդներին կորցնելու կողքին իրեն նաեւ խաբւած էր զգում: Այո, ժողովուրդը խաբւած տեսաւ իրեն: Ու այլեւս չհաւատաց ոչ մէկի»-, ասում է Նարեկը եւ շարունակում . «...աւելի վատ օրեր է տեսել Հայաստանը: Վստահ եմ ոտքի կը կանգնի: Ուղղակի մեր օրերին մեդիան է ուղղորդողը, ու միշտ չէ, որ համընթաց է գնում մեզ հետ»:

Նարեկից իր հիմնական աշխատանքի մասին եմ հարցնում: Աշխատում է համակարգչային ծրագրաւորման ոլորտում աշխատող ընկերութիւնում: Տիրապետում է անգլերէն լեզւին: Կապի է դուրս գալիս արտասահմանեան հեղինակաւոր ռոք խմբերի հետ: Հիմնականում նրան հետաքրքրում են նորւեգական խմբերը: «Նրանց պատմում եմ հայի ու Հայաստանի մասին: Մեր էթնոսի ու առասպելների... Ինձ դուր է գալիս սկանդինաւեան խմբերի մօտեցումը: Այնտեղ թանձր երանգով է արտայայտւած իրենց վաղ ժամանակների ժողովրդական պատմութեան էլեմենտները: Մտածում եմ մեր դէպքում եւս կարելի է այդպէս անել: Ուսումնասիրում եմ մեր պատմութեան այդ էջերը: Յաճախ եմ լինում պեղումների վայրերում ու թանգարանային արգելոցներում: Պէտք է անմիջական շփումով զգալ քարի ու հողի ձայնը: Կան այնպիսի վայրեր, որ հին ժամանակներից են գալիս ու համարւել են սրբավայրեր: Նման մի տեղ կայ, որտեղ սողում ես գետնին բացւած անցքի միջով ու չգիտես ինչքան տարածութիւն կտրելոյց յետոյ դուրս ես գալիս միւս կողմից: Դա արւել է հիւանդութիւնը բուժելու եւ այլնի նպատակով: Սրանք արժէքաւոր պատմութիւններ են ու մարդկութեան մտքի երեւակայութիւնը սահմանող հետքեր, որոնք շարունակում են շնչել նաեւ այսօր ու պիտի գրանցել»,- ասում է երիտասարդ զրուցակիցդ ու յիշեցնում, որ սուրճդ սառչել է: «Նորւեգական խմբերը-շարունակում է- հէնց նման հետքերի վրայ են աշխատում եւ պատկերացրէք հասցրել են լաւ երաժշտութիւն ստեղծել, հետն էլ աշխարհով մէկ տարածել իրենց ազգայինը»:

Իսկ թէ ծախսերը ոնց են ծածկում մինչեւ աշխարհահռչակ դառնալը, հարցին Նարեկն ասում է, որ բնակչութեամբ այնքան էլ շատ չեն: Մեր՝ Հայաստանի հետ համեմատած իհարկէ: Բայց գտել են իրենց լսարանն ու հովանաւորներին: Պէտք է կարեւորել ազգայինը, դա պէտք է դարձնել պետական մտածողութիւնը: Առանց դրա երիտասարդութիւնը մի քանի տարուց այլ օրակարգ կունենայ: Երկրի ապագան երիտասարդներն են, իսկ երիտասարդութեան օրակարգը երկրի բռնած ճանապարհն է լինելու: Կուզենայի ասել, որ կարեւոր է, բայց աւելի լաւ է ասել վտանգաւոր է: Քանի որ այսօրւայ իշխանութիւնները ազգայինն ու ինքնութեանը վերաբերող ամէն բան համարում են հակամարդկային...»:

Մեր զրոյցը երկար շարունակւեց: Նարեկը «ԱԼԻՔ» էր այցելել այլ գործով: Ընթացքում զրուցել ենք նաեւ «ԱՒԱՐԱՅՐ»-ի հետագայ ծրագրերի մասին, որից էլ պարզ դարձաւ, որ «ԱՒԱՐԱՅՐ»-ը պատրաստւում է թողարկել իր առաջին ալբոմը: Իսկ Նարեկը շարունակում է գրել իր ուսումնասիրած թեմաների մասին, ինչի մասին խոստացաւ տեղեակ պահել նաեւ մեզ:

Մեր զրոյցի աւարտին հասանք հանդիպման սկզբում նշւած ազգային գիտակցութեամբ սերունդներ դաստիարակելու կարեւորութեանը: «Եթէ պետութիւնը չի պատրաստւում անել դա, ապա դա մեզ ու մեր ուսերի վրայ է, ու ոչ մի պետական ծրագիր չի կարող քեզ արգիլել խօսելու քո ինքնութեան մասին»:

Իսկ վերջակէտ ենք դնում Նարեկի պէս մտածող երիտասարդների հետ նոր հանդիպումների յոյսով:

 

Լուսանկարները՝ Հատիսի

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։