Հա

Մշակոյթ

13/03/2023 - 12:00

Եղիշէ Չարենցի ծննդեան 126-ամեակն է

Այսօր պոէտ, հրատարակիչ, թարգմանիչ, հասարակական գործիչ Եղիշէ Չարենցի ծննդեան 126-ամեակն է։

Այսօր պոէտ, հրատարակիչ, թարգմանիչ, հասարակական գործիչ Եղիշէ Չարենցի ծննդեան 126-ամեակն է։

«Չարենցի մուտքը հայ գրականութիւն շռնդալից էր, ստեղծագործական ընթացքը՝ աննախադէպ, բաժին հասած ճակատագիրը՝ ողբերգական։

Խառնւածքով բուռն, ըմբոստ, հարափոփոխ, խորը աշխարհայեացքի տէր անհատականութիւն, ով դարձաւ 20-րդ դարի հայ գրական-մշակութային կեանքում ապրող ու ապրեցնող ստեղծագործ անհատը։

Համադրելով ազգայինն ու համամարդկայինը, արեւմտեան ու արեւելեան հին ու նոր գրական աւանդոյթները՝ իր կարճատեւ՝ 25-ամեայ ստեղծագործական կեանքի ընթացքում Չարենցը սկիզբ դրեց մի նոր գրական, մշակութային, հրատարակչական շարժման, որն, իրաւամբ, չարենցեան է՝ «ժամանակի շունչը դարձած», «աշխարհների հրով այրւած», «արեւներին նոր տեմպ ու ուղի տւած»։

Այսօր էլ ամէն օրւայ հետ սկսւում եւ աւարտւում է չարենցեան արեւավառ մի պատմութիւն, որը պատմում է Չարենց ինքնատիպ մարդու, ստեղծագործող անհատի, մեծ մտածողի մասին»,- նշում են Չարենցի տռուն-թանգարանից։

Եղիշէ Չարենցը՝ Եղիշէ Աբրահամի Սողոմոնեանը ծնւել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազաւակ հայի ընտանիքում: Եղիշէն իր սկզբնական կրթութիւնը ստանում է Ջամբազեանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշէն սովորում է Կարսի ռէալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լոյս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրւում է Չարենցի առաջին բանաստեղծութիւնը: Չարենցը շատ ընթերցասէր էր եւ օրւայ մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մէկի մօտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մէկի տնօրէն Ալեքսանդր Տէր-Եսայեանին եւ ասում, որ «բերել եմ ոտանաւորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, եւ նա վերցնում է ձեռագիրը, կարդում եւ զարմանում: Նրա միջնորդութեամբ էլ 1914թ. լոյս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչեանին նւիրւած «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծութիւնների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարւած էր պատանի Եղիշէն):

Գրական անունը

Չարենցը Գուրգէն Մահարուն պատմել է, թէ Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրութիւնն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրութիւններ էլ են տալիս։ Ըստ Կարինէ Քոթանջեանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտւել, որովհետեւ մանկուց եղել է չար երեխայ։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշաւան Ջիդեջեանը (Վիւան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանաւորի հնչիւնական տեղաշարժերի հետեւանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրոյ երկիր» շարքից մի քանի բանաստեղծութիւններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչեայ հայրենիք» պոէմը: 1915թ. ստեղծւում են հայկական կամաւորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողութիւնների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմաւորւում էին հայկական 6-րդ եւ 7-րդ կամաւորական գումարտակները: Պատերազմի արհաւիրքներն ու հայ ժողովրդի ողբերգութիւնը Չարենցը նկարագրել է իր «Դանթէական առասպել» պոէմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչութիւնում` Հայպետհրատում, սկզբում որպէս գեղարւեստական բաժնի աշխատակից, յետոյ` գեղարւեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս եւ օտար դասականների հրատարակչութեան պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարւեստական բարձր ճաշակի, գրագիտութեան եւ անսպառ եռանդի շնորհիւ հայ զրատպութիւնը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդաւոր նկարիչներ Մարտիրոս Սարեանին, Յակոբ Կոջոյեանին եւ ուրիշների եւ նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով եւ լուծումներով հարուստ բազմաթիւ գրքեր: Լաւ իմանալով կերպարւեստի պատմութիւնը` նա յաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թէ ինչպէս ձեւաւորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջեանի համաձայնութիւնը` Չարենցը մեծ դժւարութեամբ համոզում է լեզւաբան Մանուկ Աբեղեանին գլխաւորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակութեան գործը: Չնայած բազմաթիւ դժւարութիւններին` 1935թ.-ին լոյս է տեսնում «Սասնայ ծռերի» Ա հատորը` Եղիշէ Չարենցի պատասխանատու խմբագրութեամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնութեամբ լոյս են տեսնում հայ անւանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարեանի, Տիգրանեանի, Ռոմանոս Մելիքեանի, Վ. Տիգրանեանի, Ա. Սաթեանի եւ ուրիշների ստեղծագործութիւնները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարաւորութիւն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակւում են Մոսկւայում: Չարենցի նախաձեռնութեամբ Պետհրատի տպարանում ստեղծւում են նոտաների տպագրութեան տեխնիկական հնարաւորութիւններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսւում են հալածանքները գրողների, մշակութային եւ հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից, քանի որ կանխազգում էին, որ հնարաւոր է բանաստեղծը ստալինեան ռեպրեսիաների զոհը դառնայ։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

1936թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաեւ` ձերբակալում են: Մեղդրանքները նոյն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակայեղափոխականութիւն, ահաբեկչութիւն, պետական դաւաճանութիւն: Գրադարաններից եւ գրախանութներից հաւաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաեւ կնոջը` Իզաբէլլային: 1937թ. նոյեմբերի 27-ին Եղիշէ Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանեան բանտերից մէկի հիւանդանոցում: Ըստ պաշտօնական վարկածի՝ դիահերձումը ցոյց է տւել, որ մահւան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիւ հիւանդութիւնները:

 

«Չեմ էլ յիշում, թէ երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին…» Դա մեր այսօրւայ աղօթքն է: Աղօթք, որը կարելի է թէ՛ մտքում հիւսել, թէ՛ մրմնջալ շշուկով, թէ՛ արտասանել բարձրաձայն: «Ես իմ անուշ Հայաստանին», աւելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննօ է: Պաննօ՝ հասցւած ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անյիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննօ-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրութեան ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդէալների, մեր անկումների ու վերելքների, արհաւիրքների ենթակայ մեր ճակատագրի եւ անմեռ մնալու մեր ձգտման գեղարւեստական սինթեզն ու բիւրեղացումն է: Այդպիսի մի երկաշխարհ բերելու համար պէտք էր ամենաքիչը կիսաստւած լինել»:

Մարտիրոս Սարեան

 

«... Չարենցի անունը պայթեց ռումբի նման: ... Ու ես տեսայ, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գոյներն ու ստւերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Յեղափոխութիւնը ես` Եղիշէ Չարենցով ընդունեցի այն ժամանակ»:

Գուրգէն Մահարի

 

«… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը եւ արքան, մարդու հայրենիքի այս յարատեւ կռւի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած, արիւն տւող գահակալ բարձունքի հասած մարտիկը»:

Հրանտ Մատթէոստան

 

Չարենցի մտքերից

Պոէզիան էլ կռիւ է, բա ի՛նչ ... Գրողը պէտք է ամէն ձեւով գրի եւ արտայայտի իրեն։

Եթէ թշնամիներս հաւանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալւել եմ:

Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ եւ նրա գրականութիւնը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի եւ անկրկնելի նրբերանգը, այն, որ յատուկ է միմիայն տւեալ գրականութեանը եւ նրա լաւագոյն ներկայացուցիչներին... Որպէս օրինակ՝ ես վերցնում եմ հայկական պոէզիան՝ նրա անցեալով եւ ներկայով...

 

Panorama.am

 

Յարակից լուրեր

  • Չարենցի գործերը թարգմանւել են իտալերէն. «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրը ներկայացւել է «Լա Սապիենցա» համալսարանում
    Չարենցի գործերը թարգմանւել են իտալերէն. «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրը ներկայացւել է «Լա Սապիենցա» համալսարանում

    Իտալիայում Հայաստանի Հանրապտութեան դեսպանութեան եւ Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնութեամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արւեստի թանգարանի ODEION սրահում, հանրայայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլօ Վերդոնէի մասնակցութեամբ կայացել է «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդէսը. գիրքը բովանդակում է 20-րդ դարի հայ ականաւոր բանաստեղծ Եղիշէ Չարենցի բանաստեղծութիւնների իտալերէն թարգմանութիւնները եւ հայերէն բնօրինակները։

  • Չարենցն աւելին էր, քան պոէտը
    Չարենցն աւելին էր, քան պոէտը

    2022 թ. նշւում է մեծանուն գրող Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեակը: Յոբելեանական տարւայ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցութեամբ նոյեմբերի 23-25-ն անցկացւում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը:

  • Չարենցը, «Երկիր Նայիրի»-ն ու Դաշնակցութիւնը (Մահւան 85-րդ տարելիցի առթիւ)
    Չարենցը, «Երկիր Նայիրի»-ն ու Դաշնակցութիւնը (Մահւան 85-րդ տարելիցի առթիւ)

    Այս տարւայ նոյեմբերին կը լրանայ հայ գրականութեան վառ դէմքերից մէկի` Եղիշէ Չարենցի մահւան 85-րդ տարելիցը: Հայ հասարակութեան մեծ մասը Չարենցի մասին պատկերացում է կազմել խորհրդային քարոզչամեքենայի հրամցրած «ճշմարտութեան» շրջանակներում, որի համաձայն՝ Չարենցը «կարմիր» պոէտ է, համոզւած բոլշեւիկ: Տասնամեակներ շարունակ սա էր խորհրդահայ հանրութեան համոզումը, սակայն բնական հարց է ծագում` այդ դէպքում ինչու «կարմիր» պոէտ եւ «համոզւած բոլշեւիկ» Չարենցը հալածւեց, կեանքն աւարտեց բանտում սոսկալի պայմաններում:

  • «Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի եւ Չարենցի «երկխօսութիւնը»
    «Ինչպէ՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի եւ Չարենցի «երկխօսութիւնը»

    Եղիշէ Չարենցն այն բացառիկ հեղինակներից մէկն է, ում ստեղծագործութիւններում խտացւած  է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դէպքերը եւ իրադարձութիւնները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դէմքերի գործունէութիւնն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել յատկապէս քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձութիւնների կողքով, քանի որ իւրաքանչիւր իրադարձութեան հիմքում նա փորձում էր տեսնել, թէ ի՞նչ կը տայ դա Հայաստանին։

  • Ես եմ հիմա-մի պոէտ, եւ իմ անունը-Չարենց… Հին դարերում նման մարդկանց մարգարէ էին անւանում…
    Ես եմ հիմա-մի պոէտ, եւ իմ անունը-Չարենց… Հին դարերում նման մարդկանց մարգարէ էին անւանում…

    Այս տարին Չարենցինն է. ընդամէնը չորս տասնամեակ ապրած բանաստեղծը յոբելեար է՝ 125 տարեկան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։