Արուս Աւագեանը իր հետ զրոյցի սկզբում նախ հակիրճ գծերով ներկայացրեց իր մասնագիտական անցեալը, երախտագիտութիւն յայտնելով իր աւագ դաստիարակ, ուսուցիչ՝ հանգուցեալ Ելենա Աւետիսեանին եւ այսպէս շարունակեց. «Ես եղել եմ Ելենա Աւետիսեանի սաներից եւ տասնեակ տարիներ աշակերտել եւ դասաւանդել եմ իր պարի դպրոցում: Եօթերորդ տարւայ աւարտին ստացել եմ դիպլոմս: Որպէս պարուսոյց ես ժամանակին իմ սաներին դասաւանդել եմ նոյնիսկ բնակարաններում, իսկ աւելի քան երեք տասնամեակ է ինչ մեր աշխատանքն ենք ծաւալում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ, որի համար շնորհակալ ենք միութեան հերթական վարչութիւններին, իրենց դրսեւորած վերաբերմունքի համար:
Աւելի քան երկու տարիներ աշխարհը տառապեց կորոնայի համաճարակից եւ մարդկային կեանքի բոլոր ոլորտները քիչ թէ շատ վնասւեցին այդ համաճարակի հետեւանքով, նման վնասից զերծ չմնաց նաեւ իրանահայ եւ այս պարագային թեհրանահայ համայնքը եւ համայնքի մշակութային, հասարակական ու կրթական ոլորտները: Ահաւասիկ, այսօր աշխարհը եւ ինչու չէ նաեւ մեր համայնքը սկսել է մասամբ վերակենդանանալ եւ աշխուժանում են համայնքային միջոցառումները: Այդ դաժան օրերին նաեւ բոլոր ոլորտների մասնագէտները ինչ որ հեռակայ տարբերակներով փորձում էին իրենց աշխատանքները շարունակել:
Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել համայնքիս վաստակաւոր եւ աւագ պարուսոյց՝ «Կակաչ» պարախմբի ղեկավար Արուս Աւագեանի եւ այսօր նրա ճանապարհով ընթացող իր դստեր Արմինէ Աւագեանի հետ, կապւած նրանց ներկայի եւ համաճարակի օրերին տարած աշխատանքներին:
Արուս Աւագեանը իր հետ զրոյցի սկզբում նախ հակիրճ գծերով ներկայացրեց իր մասնագիտական անցեալը, երախտագիտութիւն յայտնելով իր աւագ դաստիարակ, ուսուցիչ՝ հանգուցեալ Ելենա Աւետիսեանին եւ այսպէս շարունակեց. «Ես եղել եմ Ելենա Աւետիսեանի սաներից եւ տասնեակ տարիներ աշակերտել եւ դասաւանդել եմ իր պարի դպրոցում: Եօթերորդ տարւայ աւարտին ստացել եմ դիպլոմս: Որպէս պարուսոյց ես ժամանակին իմ սաներին դասաւանդել եմ նոյնիսկ բնակարաններում, իսկ աւելի քան երեք տասնամեակ է ինչ մեր աշխատանքն ենք ծաւալում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ, որի համար շնորհակալ ենք միութեան հերթական վարչութիւններին, իրենց դրսեւորած վերաբերմունքի համար: Ժամանակին ունեցել ենք մինչեւ 125 սաներ, տարիների ընթացքում կատարւել է սերնդափոխութիւն եւ նոր սերունդը գալիս է փոխարինելու աւագներին: Այժմ «Կակաչ» պարախումբը երկու կենտրոններում է աշխատանք տանում՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ եւ «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի յարկի տակ, որոնց հետ պարապում է Արմինէն եւ ունենք մօտաւորապէս 100 սաներ փոքր տարիքից մինչեւ մեծահասակ, պարապում ենք հայկական ազգային, աւանդական եւ միջազգային ժանրի պարեր եւ փորձում ենք նրանց փոխանցել՝ ազգային ոգի, բարութիւն, ընկերասիրութիւն եւ համատեղ աշխատանք, որը միութենական կեանքի եւ ապագայում հասարակական կեանքի համար յոյժ կարեւոր է»: Անդրադառնալով տարբեր միջոցառումներին տկն. Աւագեանը նշեց. ««Կակաչ» պարախումբը միշտ ունեցել է իր տարեկան ելոյթները, ելոյթներով հանդէս է եկել Նոր Ջուղայում, մի քանի անգամ Հայաստանում ենք մասնակցել միջոցառումների, ի շարս «Մէկ ազգ մէկ մշակոյթ» փառատօնին, այժմ էլ երկամեայ դադարից յետոյ պատրաստւում ենք ներկայացնելու մեր ելոյթը: Իհարկէ ներկայումս բոլոր փորձերը իրականացնում է Արմինէն եւ ես երբեմն եմ ներկայ լինում աշխատանքներին: Թէեւ կովիդի համաճարակի ժամանակ շատ բարդ էր, բայց փառք Աստծուն ինչ որ ձեւով շարունակեցինք մեր աշխատանքը եւ այսօր մեր սաները մեծ սիրով են մասնակցում դասարաններին»:
Անդրադառնալով ժամանակին Հայաստանից հրաւիրւած եւ խմբի հետ աշխատանք ծաւալած պարուսոյցների մասին, նա այսպէս շարունակեց. «Մեզ համար մեծ պատիւ է եղել երկու տարբեր առիթներով համագործակցել՝ հանգուցեալ ժողովրդական արտիստ, լեգենդար՝ Վանուշ Խանամիրեանի հետ, որի 80-ամեակը նշեցինք այստեղ երկու օրերի ընթացքում եւ վարպետը խմբի հետ բեմի վրայ մասնակցեց ելոյթին, որը ժամանակին լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսի խիստ գնահատանքին արժանացաւ, մէկ անգամ էլ Վանուշ Խանամիրեանի պատւին «Արարատ» մարզաւանի ֆուտբոլի դաշտը ծածկւեց կակաչներով ի պատիւ լեգենդար Խանամիրեանի: Մեզ հետ համագործակցել է պրոֆ. Աննա Կարապետեանը, Հայաստանի վաստակաւոր արտիստներ՝ Ժակլին Սարխոշեանը եւ Կարէն Մակինեանը, Յարութ Թոփալիդիսը, ով լատինամերիկեան պարերի համար է օգտակար հանդիսացել խմբին, իսկ Յովհաննէս Յովհանիսեանը խմբի հետ աշխատել է «Հիփ հոփ» ոճով: Իհարկէ ցանկութիւնը շատ մեծ է, որ մենք կրկին կարողանանք օգտւել Հայաստանի մեր արհեստավարժ արւեստագէտներից: Ես երկու անգամ հրաւիրւել եմ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ եւ սիրայօժար պարապել մեր բալիկների հետ եւ առաջին անգամը լինելով 90 փոքրիկների հետ պարապում էի միատեղ: Տարիներ առաջ եղել եմ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզում եւ սիրայօժար պարապել եմ մեր սիրասուն զաւակների հետ: Թէեւ միշտ ցանկացել եմ աշխատանք տանել նաեւ Զէյթուն քաղաքամասում, ժամանակին իմ սաներից Էմինէ Իսայեանի մայրը ինձ առաջին անգամ առաջարկեց, որ Զէյթուն քաղաքամասում եւս դասարաններ կազմակերպենք՝ ելնելով սաների համար երթեւեկութեան դժւարութիւնները, բայց ցաւօք ինձ համար հնարաւոր չէր, նկատի առնելով իմ բազմազբաղ լինելը: Մի քանի տարի պարապել եմ մարմնա-մտային խանգարումներով «Ակունք» կենտրոնի սաների հետ»:
Հարցազրոյցի ընթացքում նա նշեց. «Կակաչ» պարախումբը եւ «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ համատեղ ելոյթով հանդէս է եկել 2012, 2016 եւ 2019 թւականներին: 2002 թւականին Հայաստանում մասնակցել ենք կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի 100-մեակին նւիրւած «Փիւնիկ» մրցոյթ-փառատօնին՝ շահելով առաջին տեղը, յիշեալ փառատօնի Իրաւարար կազմում ներկայ էին՝ ականաւոր արւեստագէտներ՝ Արտաշէս Կարապետեանը, «Սարդարապատ» պարային համոյթի ղեկավար Մուրադ Յակոբեանը եւ այլ ականաւոր դէմքեր: Պարախումբը նաեւ Հայաստանում պարարւեստի լեգենդար արւեստագէտ Թերեզա Գրիգորեանի միջոցով հրաւիրւել է պարարւեստի ուսումնարան եւ մասնակցելով դասարաններին գնահատագրի արժանացել: Յատկանշական է, որ 2002 թւականին Հայաստանի Գաբրիէլ Սունդուկեանի անւան տիկնիկային թատրոնում «Կակաչ» պարախումբը ելոյթով հանդէս եկաւ: Հանդէսին իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ծրագրի աւարտին իր օրհնութեան խօսքը փոխանցեց թեմակալ առաջնորդը, որի համար երախտապարտ ենք, ինչու չէ՝ արտայայտւեցին նաեւ Թերեզա Գրիգորեանը, ժողովրդական արտիստ, լեգենդար Արտաշէս Կարապետեանը, (ով 2002 թւականին առաջինն էր, որ դիմաւորեց խմբին եւ ուսուցանեց ազգագրական պարեր), եւ մշակոյթի վաստակաւոր գործիչ Տիգրան Յակոբեանը, բարձր գնահատելով խմբի կատարումները իր ձեռամբ խմբին նւիրւեց անմահանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի դիմանակարը՝ որպէս մնայուն յիշատակ:
Նշեմ նաեւ, որ Հայաստանում մասնակցել եմ վարպետութեան դասընթացների, ինչպէս՝ Գագիկ Գինոսեանի ազգագրական պարերի եւ տարբեր մասնագէտների դասընթացներին, 2008 թւականին ներկայ ենք եղել Կարէն Գէորգեանի պարի դպրոցում, որտեղ նա խմբի սաների հետ պարապել եւ բեմադրութիւն է կատարել նրանց համար, ներկայ էր նաեւ վարպետ Արտաշէս Կարապետեանը:
2015-ի ամռանը մասնակցել ենք Հայաստանի Համահայկական խաղերի սպորտային պարերին, որը տեղի ունեցաւ օգոստոսի 2-ից 13-ը եւ մասնակիցները ստացան գնահատագրեր եւ պատւոգրեր: Ժամանակին մասնակցել ենք Արագածի շուրջ միասնական շուրջպարին եւ արժանացել տարբեր գնահատագրերի: «Կակաչ»-ի 35-ամեակին ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից արժանացել եմ «Կոմիտաս» վարդապետի շքանշանին, Սփիւռքում Հայ Դատի եւ հայկականութեան ճամբին տարած աշխատանքի համար: Նշեմ նաեւ, որ Արմինէն երկու անգամ հրաւիրւել է Իրանում, Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատուն, բեմադրութիւններ կատարելու եւ դասաւանդելու նպատակով:
Ես կը ցանկանամ նշել մի խնդիր, որ կորոնավիրուսի տարածումից առաջ մենք պատրաստւում էինք համերգի եւ թէ՛ տոմսերն էր վաճառւած, թէ՛ ամէն ինչ պատրաստ էր, բայց երբ վերջին փորձերն էինք իրականացնում երկրում յայտարարւեց կորոնավիրուսի տարածման մասին, եւ արգելւեցին բոլոր միջոցառումները եւ մենք անմիջապէս դիմեցինք Թ.Հ.Թ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, Սրբազան Հօր տեսակէտին իրազեկ դառնալու նպատակով: Սրբազան Հայրը մեզ փոխանցեց, որ մեր հայեցողութեանն է թողնում, որը շատ կարեւոր էր ինձ համար, եւ մենք բեկանեցինք մեր պատրաստ ելոյթը, յանուն բոլորի առողջութեան»:
Տկն. Աւագեանը խօսքը ուղղելով նոր սերնդի ներկայացուցիչներին այսպէս շարունակեց. «Իմ խորհուրդը հետեւեալն է՝ սիրել մեր մշակոյթը, պարարւեստը եւ իրապէս զբաղւել մեր արւեստի զանազան բնագաւառներով, ինչպէս՝ պար, երգ, թատրոն, նկարչութիւն, ասմունք եւ մի խօսքով հայկական մշակոյթ: Ես շատ կը ցանկանամ, որ մեր երիտասարդները իրենց դասերի կողքին զբաղւեն մեր մշակոյթի զանազան ոլորտներով, որը անհատին փոխանցում է նաեւ ինքնավստահութիւն, սէր ու յարգանք մեր մշակոյթի նկատմամբ, միմեանց հետ հայերէնով շփւելը եւ հայոց լեզւի զարգանալը, միասնական աշխատանքը, որը վստահաբար կը նպաստի նրանց դառնալ լաւ մարդ եւ լաւ հայեր: Ես շատ կը ցանկանամ, որ մեր բոլոր երիտասարդները մասնակցեն մեր միութիւնների աշխատանքներին եւ օգտակար հանդիսանան մեր ժողովրդին: Իմ ցանկութիւնն է, որ մեր բոլոր սաները, բոլոր պարախմբերում լինեն լաւ ընկերներ, մենք մի ընտանիքի զաւակներ ենք, մասնակցենք միմեանց հանդէսներին եւ քաջալերենք միմեանց եւ մի խօսքով միասնական ոգին տարածւի: Այդ միասնական ոգին իրապէս նկատելի է, երբ տարբեր միջոցառումներին խմբերը միասնական ելոյթով են հանդէս գալիս»:
Հարցազրոյցը շարունակեցինք Արմինէ Աւագեանի հետ, ով ներկայումս ղեկավարում է «Կակաչ» պարախումբը: Անդրադառնալով իր կենսագրական տւեալներին, նա ընդգծեց, որ երեք տարեկանից հէնց «Կակաչ» պարախմբում սկսել է իր առաջին փորձերը, իսկ 16 տարեկանում արդէն որպէս օգնական սկսել է իր աշխատանքը, իսկ վերջին տարիներին հիմնականում թէ՛ որպէս պարուսոյց, եւ թէ՛ փորձավար եւ բեմադրիչ աշխատում է պարախմբի սաների հետ:
Անդրադառնալով կովիդի համաճարակի ժամանակաշրջանում խմբի սաների հետ պարապմունքների մասին, նա այսպէս շարունակեց. «Երբ երկրում պաշտօնապէս յայտարարւեց համաճարակի մասին, մենք այդ օրերին զբաղւում էինք մեր տարեկան ելոյթով եւ արդէն ամէն ինչ պատրաստ էր ու մէկ շաբաթ էր մնում ելոյթին, պատկերացրէք խմբի տարբեր պարերի համար հագուստները նոյնիսկ պատրաստ էին եւ խումբը պատրաստ էր բեմ բարձրանալ, բայց դժբախտաբար բեկանեցինք մեր ելոյթը: Երբ շարունակւեց համաճարակը մտածեցինք հեռակայ կարգով շարունակել փորձերը սաների հետ, շատ տհաճ էր հեռակայ պարապել, բայց դա էր միակ միջոցը սաների հետ կապը պահպանելու համար: Ինչ վերաբերում է աւագ խմբին պէտք է ասեմ, որ կովիդից աւելի քան վեց ամիս անց մենք սկսեցինք մեր փորձերը սաների ներկայութեամբ, իհարկէ շատ դժւար էր դիմակներով փորձերը, բայց բարեբախտաբար բոլոր կանոնները յարգելով մենք անցանք աշխատանքի, նաեւ այդ ընթացքում եղել են միջոցառումներ, որոնց մենք մեր մասնակցութիւնն ենք բերել նոր պարերով»:
Խօսելով Զէյթուն քաղաքամասում «Կակաչ» պարախմբի դասարանների մասին, Արմինէ Աւագեանը այսպէս շարունակեց. «Կովիդից յետոյ, քանի որ Զէյթուն քաղաքամասից եւս ունէինք աշակերտներ եւ երթեւեկութիւնը դժւար էր, մենք մտածեցինք «Կակաչ»-ի երկրորդ մասնաճիւղը հիմնել եւ երկար փնտրտուքներից ու հանդիպումներից յետոյ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի դահլիճում սկսեցինք մեր փորձերը, ներկայումս «Կակաչ»-ը ունի մօտաւորապէս 100 սաներ, որոնցից 15-ից 20-ը տղաներ են: Որպէս առաջին փորձ մայիսի 4-ին եւ 5-ին ունենալու ենք ելոյթ, որտեղ համատեղ ներկայացումով ելոյթ են ունենալու թէ՛ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ փորձեր անցկացնող, եւ թէ՛ «Ա. Ա. Ահարոնեան» ազգ. մանկապարտէզի յարկի տակ փորձեր կատարող սաները եւ այդ միասնական ելոյթը լինելու է մեր առաջին փորձը: Մեր սաների տարիքային խմբաւորումը սկսում է երկուսուկէս տարեկանից մինչեւ ամենամեծը 40 տարեկան: Բաժանւած են տարիքային 8 խմբերի եւ ամենամեծը անսամբլն է: Մենք շաբաթական հինգ օր փորձեր ենք ունենում, երեք օր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, իսկ երկու օրը «Ա. Ա. Ահարոնեան» ազգ. մանկապարտէզի յարկի տակ:
2012-ից մինչեւ 2017-ը հեռակայ եւ երբեմն էլ տեղում մասնակցել եմ Երեւանի կինոյի եւ պետական ինստիտուտի պարարւեստի ռեժիսուրայ բաժնին եւ աւարտել եմ որպէս պարարւեստի ռեժիսոր եւ վերջին տարիներին մեծամասնաբար պարային բեմադրութիւնները հէնց անձամբ եմ կատարում»:
Զրոյցի ընթացքում «Կակաչ» խմբի պարուսոյց Արմինէ Աւագեանը խօսքը ուղղելով նոր սերնդին այսպէս շարունակեց. «Մենք փորձում ենք ինչքան հնարաւոր է ընդգծենք հայկականութեան ու հայեցի դաստիարակութեան կարեւորութիւնը մեր սաների մօտ, անգամ աշխատում ենք շտկել նրանց արտայայտւելու եղանակը եւ ճիշտ հայերէն խօսելը, սէրը դէպի հայկականը եւ հայկական մշակոյթը փորձում ենք հնարաւորինս փոխանցել մեր մատաղ սերնդին, նրանց փոխանցել, որ յարգեն ու սիրեն միմեանց, պարտաճանաչ լինել եւ լաւ ընկերներ լինեն միմեանց համար անկախ իրենց մասնակցող պարախմբերի, քանզի բոլորը մեր մատաղ սերնդի ներկայացուցիչներն են եւ պէտք է առողջ մրցակցութեամբ շարժւենք առաջ»:
Զրոյցի աւարտին տկն. Արուս Աւագեանը իր շնորհակալութիւնը յայտնեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որ միշտ հովանաւորել է խմբին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին եւ ազգային իշխանութեանը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը, «Ա. Ա. Ահարոնեան» ազգ. մանկապարտէզին, «Ալիք» օրաթերթին, «Կակաչ»-ի սաներին ու ծնողներին եւ բոլոր նրանց, ովքեր չեն խնայել իրենց հովանաւորութիւնն ու համագործակցութիւնը խմբի հետ:
Հարցազրոյցը վարեց
Կ. ԴԱՒԹԵԱՆԸ