Հա

Մշակոյթ

18/03/2023 - 12:20

Իրանական կիրառական արւեստի ցուցադրութիւն Կապանում

Կապանի մշակոյթի կենտրոնի երկրորդ յարկի նախասրահում մարտի 17-ին բացւեց Իսլամական արւեստի Թաւրիզի համալսարանի ուսանողների եւ արւեստագէտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Կապանի մշակոյթի կենտրոնի երկրորդ յարկի նախասրահում մարտի 17-ին բացւեց Իսլամական արւեստի Թաւրիզի համալսարանի ուսանողների եւ արւեստագէտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէսը: Տեղեկացնում է Սիւնեաց երկիրը:

Ցուցադրանքում ներառւած են 35 արւեստագէտի գործեր՝ կաշւէ, փայտէ, ապակէ, կերամիկական, ասեղնագործ աշխատանքներ, որոնք պատկերացում են տալիս հեղինակների նախասիրութիւնների եւ ճաշակի մասին:

Ողջունելով ցուցահանդէսի մասնակիցներին՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրաւին ընդգծեց այն միտքը, որ ցուցահանդէսը եւս մի առիթ է երկու երկրի մշակութային կապերն ըստ ամենայնի սերտացնելու: Այս համատեքստում նա նշեց, որ մշակութային սոյն ձեռնարկն իրականութիւն դարձաւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսարանի, Թաւրիզի արւեստի համալսարանի, Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանի եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ ու հովանու ներքոյ: Ցուցահանդէսը նաեւ ճանաչողական նպատակ ունէր այն իմաստով, որ Կապանի ու Թաւրիզի ուսանողները ծանօթանան միմեանց ստեղծագործական աշխատանքներին:

Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադէոսեանը ողջոյնի խօսքում նշեց, որ Կապանում ԻԻՀ հիւպատոսութեան բացմամբ՝ նոր հնարաւորութիւն է ստեղծւել երկու երկրի պատմամշակութային կապերին նոր բովանդակութիւն հաղորդելու առումով: Դրանից զատ՝ Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանի եւ Կապանում ԻԻՀ հիւպատոս Աբեդին Վարամիի ջանքերով սկիզբ է դրւել փոխայցելութիւնների, նախադրեալներ ստեղծւել՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելու եւ տնտեսական կապերն ամրապնդելու: Բանախօսը համոզմունք յայտնեց, որ նման համատեղ միջոցառումները շարունակական կը լինեն:

Պաշտօնական արարողութիւնից յետոյ միջոցառման մասնակիցները ծանօթացան ցուցադրանքին. մանաւանդ կերամիկական աշխատանքներն աչքի էին ընկնում գունային հետաքրքիր լուծումներով:

Ցուցահանդէսի կազմակերպիչ Հաբիբ Դիդաւը տպաւորւած էր կապանցիների՝ ցուցահանդէսի հանդէպ դրսեւորած հետաքրքրութիւնից եւ ջերմ վերաբերմունքից, ցուցահանդէսի հաճելի մթնոլորտից. «Արւեստը մերձեցնում է ժողովուրդներին, ուստի մենք շատ բան ունենք սովորելու միմեանցից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ցուցահանդէսին մասնակցում էին նաեւ Կապանի արւեստի քոլեջի սովորողները: Կրթօջախի դասախօս Մոնիկա Թեւանեանը կարեւորեց նման ցուցահանդէսի կազմակերպումը մարզկենտրոնում, քանզի այն կապանցի երիտասարդներին հնարաւորութիւն է ընձեռում ծանօթանալու հարեւան երկրի կիրառական արւեստին:

Ցուցահանդէսը գործելու է մինչեւ մարտի 21-ը, նաեւ կազմակերպւելու է ցուցադրւող նմուշների վաճառք:

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի

Վահրամ Օրբէլեան

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։