Մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աշխատակազմի Նախազօրակոչային պատրաստութեան եւ արտադպրոցական ծրագրերի վարչութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի եւ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջեւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել` նւիրւած կանանց միամսեակին:
«alikonline.ir» - Մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աշխատակազմի Նախազօրակոչային պատրաստութեան եւ արտադպրոցական ծրագրերի վարչութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի եւ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջեւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել` նւիրւած կանանց միամսեակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցոյթի նպատակն էր նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակութեանը եւ ստեղծագործական ունակութիւնների զարգացմանը, աջակցել գործնական հմտութիւնների ձեռքբերմանը, ինչպէս նաեւ ամրապնդել Ստեփանակերտի եւ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջեւ կապը:
Ցուցահանդէսին ներկայացւել են անսահմանափակ քանակով ձեռքի աշխատանքներ՝ «գորգագործութիւն», «գոբելէն», «խեցեգործութիւն», «ուլունքագործութիւն», «նկարչութիւն», «քանդակ» եւ այլ ճիւղերից, որոնք խորհրդանշում էին Մայրութեան եւ գեղեցկութեան խորհուրդը: Բոլոր ՄՊՍԿ-ների ներկայացրած աշխատանքներին ծանօթանալուց յետոյ մրցոյթի յանձնաժողովի անդամները որոշել են յաղթողներին:
Մրցանակային առաջին տեղն է գրաւել Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, երկրորդ տեղում Ստեփանակերտի, իսկ երրորդ տեղում՝ Մարտակերտի ՄՊՍԿ-ներն էին:
Յանձնաժողովի նախագահ, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանիա Բալայեանը «Արցախպրես»-ի հետ զրոյցում համոզմունք է յայտնել, որ նմանատիպ միջոցառումներն այսուհետ յաճախակի կը կազմակերպւեն:
«Այսօր՝ այս բարդ իրավիճակում, մենք այստեղ՝ մեր հայրենիքում ապրելով ու արարելով նորից փորձում ենք ապացուցել, որ մեր ժողովուրդը յաւերժ է, իսկ մեր պայքարը դեռ շարունակւում է: Իւրաքանչիւրս իւրուի ենք պայքարում մեր հայրենիքի համար: Այսօրւայ ցուցահանդէսին ներկայացւած աշխատանքները սաների աշխատանքի սկիզբն են ազդարարում, եւ ես նրանց մաղթում եմ ստեղծագործական նոր բարձունքներ: Տայ Աստւած, որ նրանք հնարաւորութիւն ունենան մեր հայրենիքի խաղաղ երկնքի տակ շատ աւելի լաւ պայմաններում ստեղծագործել, եւ մեր հայրենիքի պատմութիւնը, արւեստը, մշակոյթը աշխարհին մատուցել»,- նշեց Մ. Բալայեանը:
Մրցանակային առաջին տեղ գրաւած Ասկերանի ՄՊՍԿ կենտրոնի տնօրէն Նարինէ Պետրոսեանը տեղեկացրեց, որ կենտրոն է յաճախում 378 սան, գործում ՝ 16 անուն խմբակ:
«Ըստ նախատեսւած ծրագրի` ներկայացրել ենք աշխատանքներ հիմնականում նկարչութիւնից, գոբելէնից, կարպետագործութիւնից, գորգագործութիւնից՝ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի թեմատիկայով: Մենք փորձել ենք այսօր ներկայացնել ինչպէս ազգայինը, մեր հայկականը բնորոշող, այնպէս էլ՝ 21-րդ դարին համապատասխան գործեր: Կարծում եմ՝ յանձնաժողովը մեր աշխատանքը գնահատել է` հաշւի առնելով այդ ամէնը: Պէտք է նշեմ, որ արդիւնքը թիմային աշխատանքի արգասիք է, բոլոր խմբակավարները երեխաների հետ մեծ նւիրումով են աշխատել, եւ այսօր դրա արդիւնքը երեւաց։ Առաջին պատւաւոր տեղը զբաղեցնելը որքան ոգեւորող, նոյնքան էլ պարտաւորեցնող է: Այսօր մենք մեզ վրայ նոր պարտաւորութիւն վերցրեցինք աւելի կատարելագործւելու եւ աւելի լաւ աշխատանքներ ներկայացնելու»,- ասաց Ն. Պետրոսեանը` յաւելելով, որ կենտրոնն ունի մասնաճիւղեր շրջանի տասը համայնքներում:
Ցուցահանդէս-մրցոյթի բոլոր մասնակիցները պարգեւատրւել են պատւոգրերով, յաղթող ճանաչւած ՄՊՍԿ-ները արժանացել են նախարարութեան դիպլոմների եւ խրախուսական նւէրների: